Այն ամենը, ինչ պետք է իմանա յուրաքանչյուր տղամարդ իր առողջության մասին
Առողջապահության ոլորտի հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդկանց շրջանում ավելի տարածված են ուրոլոգիական, գաստրոէնտերոլոգիական և սրտանոթային հիվանդությունները: Վերջինները շարունակում են մնալ արական սեռի ներկայացուցիչների մահացության ամենատարածված պատճառը:
Տղամարդկանց առողջության պահպանման կարևոր հարցերի շուրջ Doctors.am-ը զրուցել է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի մասնագետների հետ, ովքեր կիսվել են իրենց փորձով և կարևոր խորհուրդներով։
«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի սրտաբան Հովհաննես Կժդրյանի խոսքով՝ տղամարդկանց սրտանոթային առողջությունը ձևավորվում է հորմոնալ, գենետիկ, սրտանոթային ռիսկի գործոնների, վարքային գործոնների փոխազդեցությամբ, որոնք որոշում են հիվանդության ընթացքը և ելքը:

Ամենատարածված ռիսկի գործոններից են ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի մեծ չափաբաժինը, քնի պակասը, սթրեսը և նստակյաց կենսակերպը։ Մշակութային ընկալումները նույնպես մեծ ազդեցություն ունեն հիվանդության բուժման ընթացքի վրա։ Հայ հասարակությունում տղամարդը հաճախ ընկալվում է որպես «ուժեղ» կերպար, ով հազվադեպ է բողոքում կամ օգնություն խնդրում։ Այս մտածելակերպը հաճախ խոչընդոտում է նրանց ժամանակին դիմել բժշկի և հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլերում։
«Սրտի առողջության պահպանման գրավականը սրտանոթային հիվանդությունների կանխարգելումն է, և, իհարկե, առաջին ախտանշաններին ժամանակին արձագանքելն է։ Ցավ կրծքավանդակում, հևոց, շնչարգելություն, սրտի անկանոն աշխատանքի, սրտխփոցի զգացում, արագ հոգնածության զգացում. այս ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել սրտաբանի»,- ասում է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի սրտաբան Հովհաննես Կժդրյանը։
Սրտանոթային հիվանդություններից առավել տարածված են աթերոսկլերոտիկ սրտանոթային հիվանդությունները. սրտի իշեմիկ հիվանդությունը՝ սուր և քրոնիկ ձևերով, ուղեղանոթային հիվանդությունները, ծայրամասային զարկերակների հիվանդությունները: Մեծ տարածվածություն ունեն զարկերակային հիպերտենզիան, սրտի ռիթմի խանգարումները:
«Տղամարդկանց շրջանում աթերոսկլերոտիկ հիվանդությունները, որպես կանոն, սկսում են ի հայտ գալ 40-45 տարեկանից՝ ծխախոտի, ալկոհոլի չարաշահման, ինչպես նաև որովայնի ճարպակալման հետևանքով։ Մինչդեռ կանանց շրջանում այս հիվանդությունները հաճախ նկատվում են սկսած 50–55 տարեկանից, սովորաբար առաջանում են մենոպաուզայից հետո՝ էստրոգենների պաշտպանական ազդեցության նվազման հետևանքով»,- նշում է սրտաբան Հովհաննես Կժդրյանը։
«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի սրտաբանական ծառայությունը տրամադրում է հետազոտությունների ամբողջական փաթեթ՝ էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, հոլտեր հետազոտություն, լաբորատոր անհրաժեշտ քննություններ, որոնք անհրաժեշտ են հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման համար:
«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում գործում է նաև արտահիվանդանոցային ծառայություն, որը կազմակերպվում է նաև անհետաձգելի սրտաբանական բուժօգնություն:
Բժիշկը 40 տարեկան բոլոր տղամարդկանց խորհուրդ է տալիս հանձնել լիպիդների քննություն (Lipids Test), վերահսկել ընդհանուր խոլեստերինի, ցածր խտության լիպոպրոտեիդների, տրիգլիցերիդների մակարդակը՝ առնվազն տարին մեկ անգամ: Այս քննությունն օգնում է գնահատել սրտանոթային հիվանդությունների աթերոսկլերոտիկ ռիսկը՝ սրտամկանի սուր ինֆարկտ, գլխուղեղի ինսուլտ, հանկարծամահություն: Անհրաժեշտ է հսկել զարկերակային ճնշման մակարդակը, հետևել մարմնի քաշին, կանխել ճարպակալումը, հրաժարվել վնասակար սովորույթներից, պահպանել կանոնավոր ֆիզիկական ակտիվություն։
Տղամարդկանց շրջանում լայնորեն տարածված են նաև ուրոլոգիական հիվանդությունները՝ հատկապես շագանակագեղձի ադենոման և շագանակագեղձի քաղցկեղը։
«Ադենոման բարորակ է և կյանքի համար վտանգ չի ներկայացնում, մինչդեռ շագանակագեղձի քաղցկեղը համարվում է լրջագույն չարորակ հիվանդություն։ Վաղ հայտնաբերման համար բավական է տարին մեկ անգամ անցկացնել PSA (Prostate-Specific Antigen) թեստ, որը մատչելի է և հասանելի, թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունը սկզբնական փուլում և հաճախ մեկ վիրահատությամբ ամբողջությամբ բուժել այն»,- նշում է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի ուրոլոգիական ծառայության ղեկավար Մհեր Մխիթարյանը։

Նա նաև հավելում է․ «Ուրախությամբ պետք է ասեմ, որ «Սլավմեդ»-ում ներդրված են ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման գործընթացում ամենանորարար մեթոդները։ Մենք հնարավորություն ունենք մեր բուժառուներին տրամադրել միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ բուժօգնություն»։
Մհեր Մխիթարյանի խոսքով՝ ուրոլոգիական հիվանդությունների ամենակարևոր ազդանշաններից մեկը արյունամիզությունն է, որը նկատելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։ Արյունամիզությունը կարող է վկայել միզուղիների, միզապարկի, միզածորանների, երիկամների հավաքող համակարգի ուռուցքի մասին։ Վաղ փուլում հայտնաբերման դեպքում հիվանդությունը հաճախ հեշտությամբ է բուժվում՝ էնդոսկոպիկ եղանակով, առանց մեծ վիրահատության, և հնարավոր է պահպանել բոլոր կարևոր օրգանները։
Բացի արյունամիզությունը անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև միզարձակման խնդիրներին, գոտկային շրջանի ցավերին և քաշի կտրուկ կորստին։ Ուլտրաձայնային հետազոտությունները թույլ են տալիս վաղ փուլում հայտնաբերել երիկամի, միզապարկի և ամորձու խնդիրները՝ ներառյալ ուռուցքային և բորբոքային գործընթացները, որոնք կօգնեն ժամանակին կանխարգելել բարդությունների առաջացումը։
Տղամարդկանց շրջանում հաճախ հանդիպում են նաև մարսողական համակարգի խնդիրներ, որոնք, իրենց հերթին, կարող են ազդել ընդհանուր առողջական վիճակի վրա։ Այս մասին պատմում է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Հակոբ Գրիգորյանը։

«Տղամարդկանց դեպքում առավել տարածված են մարսողական տրակտի վերին հատվածի խնդիրները, ինչպիսիք են ստամոքսի ու տասներկումատնյա աղու էրոզիաները և խոցերը։ Սովորաբար դրանք ուղեկցվում են հետևյալ ախտանշաններով. այրոց, ստամոքսի ցավեր սնունդ ընդունելուց հետո կամ քաղցած վիճակում, աղիների գործունեության խանգարումներ՝ փորկապություն կամ հաճախակի փորլուծություն, ինչպես նաև լորձարյունային արտադրություն։ Այս գանգատները հաճախ նախանշում են ավելի լուրջ խնդիրներ»,- պատմում է գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Հակոբ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ խոցերի առաջացման հիմնական պատճառներից մեկը հելիկոբակտեր պիլորին է՝ բակտերիայի տեսակ, որն «ապրում է» ստամոքսի լորձաթաղանթում և կարող է առաջացնել գաստրոէնտերոլոգիական խնդիրներ։ Բացի դրանից, անառողջ սովորությունները՝ ծխելը, ալկոհոլի և գազավորված ըմպելիքների օգտագործումը, ինչպես նաև ոչ բալանսավորված սնունդը, նպաստում են խոցերի զարգացմանը։
Բժիշկ Գրիգորյանը խորհուրդ է տալիս 40-45 տարեկանից սկսած տղամարդկանց ուռուցքային հիվանդությունների ռիսկը նվազեցնելու նպատակով 5 տարին մեկ անգամ անցնել գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա, նույնիսկ եթե անհանգստացնող գանգատներ չունեն։
«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը հագեցած է ամենաառաջադեմ տեխնոլոգիաներով։ Էնդոսկոպիկ ծառայությունը մատուցվում է նոր սերնդի սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա և բոլոր անհրաժեշտ լրացուցիչ հետազոտությունները բարձր ճշգրտությամբ»,- նշում է բժիշկ Գրիգորյանը։
Մարդու առողջությունը հիմնված է երկու հիմնական սկզբունքի վրա՝ առողջ կենսակերպ և կանխարգելիչ բժշկություն։ Բավարար քունը, հավասարակշռված սնունդը, ֆիզիկական ակտիվությունը և պարբերաբար կատարվող բժշկական հետազոտությունները ոչ միայն կանխում են լուրջ հիվանդությունների առաջացումը, այլև զգալիորեն բարելավում են կյանքի որակը։

