Թուրքիայում յուրաքանչյուր 4 երեխայից 1-ն աշխատում է

«Կրթության ռեֆորմի նախաձեռնությունը» (ERG) զեկույց է հրապարակել Թուրքիայում երեխաների կրթության մակարդակի վերաբերյալ, ըստ որի՝ երկրում շուրջ 1.5 միլիոն երեխա ֆորմալ կրթություն չի ստանում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Կրթության մոնիթորինգ 2025» զեկույցի արդյունքներին անդրադարձել է «ERG»-ի քաղաքականության վերլուծաբան Քայըհան Քեսբիչը:

Նա նշել է, որ չնայած Թուրքիայում դպրոցը լավ գործող համակարգ չէ, այն վայր է, որտեղ ամենաշատն է հնարավոր հետևել երեխայի խնդիրներին։ Բացի այդ, վերջինս հավելել է, որ «Մասնագիտական կրթության կենտրեններում» գտնվող աշակերտներին ներառել են Թուրքիայի կրթության նախարարության ֆորմալ կրթության մեջ, սակայն իրենք դրան չեն հավատում:

Քեսբիչն ընդգծել է, որ երեխայի մեծանալուն զուգահեռ կրթությունից դուրս մնալու դեպքերը ևս աճում են, ապա հավելել է, որ ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK)՝ աշխատող երեխաների թվում վերջին 10 տարում ամենամեծ աճն է գրանցվել:

«15-17 տարիքային խմբում յուրաքանչյուր 4 երեխայից մեկին տեսնում ենք աշխատուժում: Սա ցուցանիշ է, որին Թուրքիան երկար տարիներ ի վեր չի հանդիպել»,- եզրափակել է մասնագետը:

Տեսանյութեր

Լրահոս