Բաքվի խոստովանությունը. Քարվաճառը նոյեմբերի 9-ի եռակողմով վերադարձնելով՝ պահպանել են հազարավոր ադրբեջանցի զինվորների կյանքեր. ուժով վերցնելը բարդ էր

5 տարի առաջ այս օրերին՝ 2020-ի դեկտեմբերի 1-ին, նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի շրջանը հանձնվեց Ադրբեջանին, դրանից օրեր առաջ հանձնվել էին Աղդամի և Քարվաճառի շրջանները: Այսինքն, այս տարածքները բանակը կարողացել էր պահել:

Ադրբեջանի նախագահ Ալիևը մեկ անգամ չէ, որ խոստովանել է՝ 2020 թվականի 44-օրյայի ժամանակ բարդ է եղել ուժով վերցնել Աղդամը, Լաչինը, Քելբաջարը, ուստի դա արել են քաղաքական ճանապարհով:

«Որովհետև հակառակորդը կառուցել էր հզոր ամրություններ, և շուրջն ամբողջովին ականապատված էր: Եվ մենք սկսել ենք Աղդամի ուղղությամբ շարժվել միայն Հադրութի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի և Շուշիի «ազատագրումից» հետո (չակերտները՝ Մ.Պ.-ի)»,- մասնավորապես, այս տարվա մարտին Աղդամում հայտարարել էր Ալիևը:

Նմանօրինակ հայտարարություն Ադրբեջանի ղեկավարն արել էր նաև 2024 թվականի հունվարին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում, որ 44-օրյա պատերազմի երկարաձգման դեպքում Քելբաջարի՝ Քարվաճառի և Լաչինի՝ Քաշաթաղի շրջանները ձմեռային եղանակային պայմաններում շատ բարդ էր լինելու «ազատագրել»:

Կարդացեք նաև

«Մեր կորուստները կարող էին շատ մեծ լինել։ Նույնիսկ բազմապատիկ ավելի, քան պատերազմի բոլոր 44 օրերի ընթացքում։ Եվ մենք բոլորս լավ գիտեինք սա։ Անգամ հիմա բոլորը, ովքեր այցելում են այս շրջանները, տեսնում են՝ որքան բարդ է այնտեղ ռելիեֆը»,- շեշտել էր Ալիևը:

Արցախի օկուպացված այս շրջանները քաղաքական ճանապարհով վերադարձնելու 5-րդ տարվա առիթով ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներից մեկն էլ իր վերլուծականում գրել է.

«Հենց Աղդամի ուղղությամբ էր Հայաստանը ստեղծել հզոր պաշտպանական գծեր, քանի որ Երևանում մտածում էին, որ ադրբեջանական հարձակումն այս ուղղությամբ է լինելու, որպեսզի շարժվելով գլխավոր ճանապարհներից մեկով՝ վերցնեն Ստեփանակերտն ու Շուշին»:

Եվ այս հանգամանքը հաշվի առնելով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում այս ուղղությամբ ակտիվ ռազմական օպերացիաներ չի վարել Ադրբեջանը, ինչպես մի առիթով ասել է Ալիևը:

Իսկ ադրբեջանական վերլուծականում անդրադարձ կա, բնականաբար, նաև Քարվաճառին և այն ռազմական ճանապարհով վերցնելու՝ Ադրբեջանի անկարողության պատճառներին:

«Շատ բարդ խնդիր էր իրենից ներկայացնում ռազմական ճանապարհով Քելբաջարի շրջանի «ազատագրումը»: Այս շրջանը, հիշեցնենք, որ «սեղմված» է Հայաստանի տարածքի և նախկին ԼՂԻՄ-ի միջև: Քելբաջար տանող հիմնական ճանապարհն անցնում է Մարտակերտի միջով, և հարձակումը, ամենայն հավանականությամբ, պետք է իրականացվեր Մռավի լեռնաշղթայով և Օմարի լեռնանցքով:

Իհարկե, համապատասխան ռազմական պլաններ և մշակումներ Ադրբեջանն ուներ, պատերազմի առաջին օրերին կարողացել ենք անգամ Մռավի գագաթը վերահսկողության տակ առնել: Բայց պետք է լինել ռեալիստ. ցանկացած դեպքում այդ տարածքի «ազատագրումը» պահանջելու էր մեծ ջանքեր և զոհեր, քանի որ Քելբաջարի շրջանն իր մասշտաբով ավելի մեծ է, քան Լեռնային Ղարաբաղը, ավելին, այն բարդ լեռնային ռելիեֆ ունի։ Եվ այդ շրջանի վերադարձնելն Ադրբեջանի վերահսկողությանն առանց մեկ կրակոցի, նշանակում է՝ մեզ հաջողվել է պահպանել հարյուրավոր, հնարավոր է նույնիսկ՝ հազարավոր զինվորների կյանքեր»,- գրում է minval.az-ը:

Այստեղ հավելենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ այդ օրը կեսօրից հետո Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Մռավի ուղղությամբ:

«Երեկ ասում էին՝ Մռավը գրավել են, այսօր հարձակվել են, բայց որևէ հաջողություն չեն ունեցել»,- նշել էր նա:

Դրանից մեկ օր առաջ Արցախի ՊԲ-ից հայտնել էին, որ «հակառակորդը փորձ է արել վերահսկողության տակ վերցնել Մռավ լեռը, սակայն հետ է մղվել»:

Ավելի ուշ միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն իրենց ձախողումը պայմանավորել էր տեղի բարդ ռելիեֆով:

«Այստեղ ռելիեֆը դժվարհասանելի է, ինչպես դուք գիտեք, հիմնականում լեռնային գոտիներ են: Ներկա դրությամբ Մռավի վրա ձյուն է, պայմանները՝ ձմեռային»,- նշել էր նա:

Ինչ վերաբերում է Լաչինին, որը դարձյալ բուն ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանին չի հաջողվել վերցնել, հավելենք, որ 168.am-ը մոտ 4 տարի առաջ գրել է, որ Ադրբեջանը փոխել է Լաչինի գրավման սկզբնական պլաններն ու ուղղությունը:

Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարբեր առիթներով նշել է, որ բանակցությունների ժամանակ հայկական կողմը երբեք չի ցանկացել իրենց վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները։

Վերևում հիշատակված հոդվածում ԵԱՀԿ ՄԽ լուծարման համատեքստում ևս հիշել են այս մասին՝ «Քելբաջարի և Լաչինի շրջանները փաստացի անժամկետ մնացել էին ՀՀ վերահսկողության տակ»:

Եվ պատահական չէ, որ Ադրբեջանը եռակողմ հայտարարության միջոցով այս տարածքների վերադարձը և լիակատար վերահսկողությունը դրանց վրա համարում է հաղթանակ, ինչին չի կարողացել հասնել 44-օրյայի բուն ռազմական գործողությունների ժամանակ՝ պարտվելով հայկական բանակին, ինչպես նաև՝ 30 տարի ընթացող բանակցությունների ընթացքում: Այս փաստերը չպետք է մոռանալ:

Նշենք, որ պատերազմի ժամանակ Քարվաճառը պահելու մեջ իր մեծագույն դերն ունի ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսը և նրա մարտիկները:

Տեսանյութեր

Լրահոս