Հայաստանը քանդող անտեսանելի կառույցը

Հանրային ու պետական հարաբերությունների կառույցում կարևորագույն նշանակություն ունի պատասխանատվության ինստիտուտը՝ ինչպես նեղ, առարկայական, այնպես էլ՝ համընդգրկուն իմաստներով: Այդ կառույցը հիմնված է պատասխանատվությունների բազմամակարդակ հիերարխիայի վրա, որը սկսվում է անհատական պատասխանատվությունից, շարունակվում խմբային, քաղաքական, կուսակցական, դրա հիման վրա՝ պետական համակարգի պատասխանատվությամբ, և ամբողջանում համազգային կամ համապետական պատասխանատվությամբ:

Պատասխանատվության այս տեսակները, չնայած հասցեականության ու դրսևորման տարբերություններին, ունեն դիալեկտիկական կապ: Հասարակությունը, որում թույլ է անհատական պատասխանատվության զգացումը, գործնականում չի կարող ունենալ քաղաքական պատասխանատվության բարձր աստիճան կրող կուսակցական համակարգ, նաև պատասխանատու պետություն ու ազգային պատասխանատվություն: Բայց կա նաև հակադարձ կապը, որում գործում են այլ մեխանիզմներ. պատախանատու քաղաքական համակարգն ու պետական ինսստիտուտները, ոչ ամբողջությամբ, այդուհանդերձ կարող են որոշակիորեն ավելի պատասխանատու դարձնել քաղաքացիներին:

Հայաստանում պատասխանատվության կառույցը հիմնավորապես քանդված է, ինչն էլ, շարունակվելու դեպքում, կարող է դառնալ պետականության կազմաքանդման կամ ապամոնտաժման գլխավոր պատճառը։ Այդ գործընթացի առանձնահատկությունը դրա անտեսանելիությունն ու անշոշափելիությունն է, ինչից, սակայն, վտանգավորությունը չի նվազում։ Սոցիալական, կենցաղային հարաբերություններում դրսևորվող անպատասխանատվությունը գրեթե ամբողջությամբ պրոյեկցվում է քաղաքական համակարգի վրա: Եվ հակառակը՝ քաղաքական համակարգը ու որպես դրա հետևանք՝ իշխանությունը՝ պետական մեքենան ամբողջությամբ, գործելով տոտալ անպատասխանատվության ռեժիմում, ոչ միայն անհատական պատասխանատվության բարձրացման վրա չեն ազդում վերևից, այլ ճիշտ հակառակը՝ խրախուսում են անպատասխանատվության բոլոր դրսևորումները բոլոր մակարդակներում: Անպատասխանատու իշխանությունը քաղաքացիների անպատասխանատվության ամենամեծ շահառուն է:

Այդ կապն արտահայտվում է անտեսանելի մեխանիզմով, որը, սակայն, առավել քան տեսանելի ազդեցություն է ունենում պետականության հիմքերի խարխլման գործընթացում:

Կարդացեք նաև

Համընդհանուր պատասխանատվության ամենաինտեգրալ դրսևորումն ընտրություններն են: Քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը մասնակցում է ընտրությանը՝ այն դիտարկելով որպես քվեատուփում կատարվող մեկանգամյա ակտ, որի համար դրանից հետո որևէ պատասխանատվություն չի կրում:

Հայաստանի այսօրվա աղետալի վիճակը պայմանավորված է 2021թ ընտրությունների արդյունքներով: Եթե դրանցում գործող իշխանությունը չվերարտադրվեր, շատ մեծ հավանականությամբ, չէր շարունակվի պարտության, ստորացման ու նվաստացման այն ընթացքը, որով այսօր անցնում է Հայաստանը: Բայց գործող իշխանությանը կողմ քվեարկած 680 հազար քաղաքացիներից թերևս նույնիսկ 680-ն իրենց պատասխանատու չեն համարում իրենց ընտրության և որպես դրա հետևանք՝ երկրի կործանարար վիճակի համար: Հենց դրանից էլ ամենաշատը շահում է իշխանությունը: Քաղաքացիների կողմից պատասխանատվության գիտակցումը կնշանակի նաև գործնական քայլեր՝ իրենց կատարած ընտրության ոչ ցանկալի արդյունքները փոխելու համար: Չկա պատասխանատվություն, չկան նաև քայլեր:

Պատասխանատվության զգացումը ենթադրում է դիրքորոշում, գործողություն, այն դեպքում, երբ անպատասխանատվությունը պասիվ, անգործունակ վիճակ է:

Քաղաքացիների ու իշխանության անպատասխանատվության միջակայքում պատասխանատվության նույնպիսի չգոյությամբ գործում է նաև քաղաքական համակարգը: Եվ չնայած հանրային տարբեր գործիչների անհատական պատասխանատվությանը, քաղաքական համակարգում ևս պատասխանատվությունը գործառութային, ինստիտուցիոնալ դեր չունի, և քաղաքական համակարգն էլ, ինչպես և իշխանությունը, տոտալ անպատասխանատվության լատենտ շաահառուներից է:

Պատասխանատվության այս քանդված բուրգը գոյացրել է զուգահեռ իրականություն՝ անհատական ու կոլեկտիվ անպատասխանատվության մեգահամակարգ, որում ապրում է Հայաստանը: Դրա հանրագումարային արդյունքը կամ հակաարդյունքը՝ պետական-ազգային պատասխանատվության բացակայությունն է, որը դրսևորվում է ամենատարբեր ձևերով՝ սկսած Արցախի մեր հայրենակիցների ճակատագրի հանդեպ անտարբերությունից, մինչև պետության ուղիղ պարտականություն համարվող անվտանգության ապահովումն այլ երկրներին փոխանցելու անպատվաբեր փորձեր:

Պատասխանատվության ինստիտուտը, ի թիվս այլ գործոնների, խախտվել է նաև այն պատճառով, որ ինչպես անհատական, այնպես էլ քաղաքական ու պետական մակարդակներում խեղվել է պատասխանատվության հայեցակարգային ընկալումն ու գործողության մեխանիզմը: Պատասխանատվությունը՝ ստացված լիազորության համար հաշվետու լինելու երևույթն է: Դա վերաբերում է բոլորին՝ սկսած իշխանություն ընտրող քաղաքացուց՝ մինչև իշխանական լծակների տիրապետող պաշտոնյա: Քաղաքացին՝ որպես իշխանության սեփականատեր, ընտրության միջոցով իր այդ լիազորությունը փոխանցում, պատվիրակում է պաշտոնյային, քաղաքական կուսակցությանը՝ իր առաջադրած խնդիրների լուծման համար իրեն պատկանող ռեսուրսները տիրապետելու միջոցով և դրա համար իրեն հաշվետու լինելու պայմանով:

Լիազորության ու պատասխանատվության միջև, սակայն, կա մի սկզբունքային տարբերություն. ի տարբերություն լիազորության, պատասխանատվությունը պատվիրակման, փոխանցման ենթակա չէ:

Հայաստանում մինչդեռ խախտվել է նաև այս հայեցակարգային պայմանը. պետությունն ու հասարակությունն ապրում են ոչ միայն լիազորությունների, այլ ավելի շատ պատասխանատվության փոխանցման, հասցեական պատասխանատվությունն այլոց վրա բարդելու անվերջանալի շրջապտույտի պայմաններում: Ներքին կյանքում դա հանգեցնում է պետության դեֆորմացիայի, սակայն արտաքին հարաբերություններում պատասխանատվության առուծախի այդ մեթոդը չի գործում, և բնականորեն որևէ երկիր կամ միջազգային կառույց չի պատրաստվում ստանձնել որպես պետական կազմավորում՝ Հայասստանի ունեցած անօտարելի պատասխանատվությունը: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետությունը հանձնվի որևէ մեկի խնամակալությանն ու դառնա այս կամ այն երկրի պրոտեկտորատ, որն էլ կստանձնի արդեն ոչ թե՝ պետության, այլ՝ իր վերահսկողությանը հանձնված տարածքի համար պատասխանատվությունը:

Հենց դրան էլ ամեն կերպ ձգտում է Հայաստանի իշխանությունը, որի այդ մտադրությունն արդեն կարող է կանխվել միայն նախախնամության, աստղերի բարենպաստ դասավորության և այլ՝ մեզանից չկախված պատճառներով:

Տեսանյութեր

Լրահոս