Երբ ունես գոյաբանական սպառնալիք, Տավուշում «ծառ տնկելու-պատ շարելու» մասին «Կարգին հաղորդման» ֆորմատն էլ չի աշխատելու. քաղաքագետ
Gallup International Association հետազոտական ընկերության ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ «Էմ փի ջի» ՍՊԸ-ի վերջին հարցումներում ներառված էին քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի մի քանի հարցերը ևս։
Այդ հարցերից մեկով քաղաքագետը ճշտել էր՝ «Պատրա՞ստ են ՀՀ քաղաքացիները համակեցության ադրբեջանցիների հետ, եթե միջազգային կառույցներով երաշխավորվի խաղաղությունն ու անվտանգությունը»։ Ի պատասխան՝ 1100 հարցվածքների 82 տոկոսը նշել էր՝ պատրաստ չէ։
Անդրադառնալով վերջինիս՝ Ալեն Ղևոնդյանը շեշտեց. «Իրականությունն այն է, որ ՀՀ միջին վիճակագրական քաղաքացու համար ադրբեջանցին սպառնալիք է։ Նրանք որևէ կերպ չեն մոռացել 2020 թվականի պատերազմը՝ այն իրականությունը, ինչի մեջ ապրել են ու ապրում են, և լսում են այն սպառնալիքները, որն ուղղում է հարևան երկրի ղեկավարը»։
Այս ցուցանիշը նա համադրեց իր մեկ այլ՝ փողոցային պայքարի դուրս գալու մասին հարցին ի պատասխան քաղաքացիների հնչեցրած ցուցանիշի հետ՝ նկատելով. «Այստեղ մի քիչ հակասական իրավիճակ է՝ մի կողմից՝ քաղաքացիները դրան դեմ են այդ ծավալով, մյուս կողմից՝ պայքարի մոտիվացիան շատ ցածր է»։
Հիշեցնենք՝ «Ո՞ր դեպքում դուրս կգան փողոցային պայքարի հանուն իշխանափոխության» հարցին ի պատասխան՝ քաղաքացիները նշել էին՝ 23.4 տոկոսը՝ պայքարի դուրս կգա, եթե նոր տարածքներ հանձնվեն Ադրբեջանին, 22.5 տոկոսը՝ պատերազմի նոր վտանգի դեպքում, 13.7 տոկոսը՝ ուժեղ և կամային հատկանիշներով օժտված լիդերի դեպքում, 10 տոկոսը՝ հստակ իշխանափոխության հստակ օրակարգով քաղաքական ուժի դեպքում, 4.5 տոկոսը՝ սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացման դեպքում, իսկ 36.8 տոկոսը հայտարարել է՝ ոչ մի դեպքում դուրս չի գա պայքարի:
«Իշխանությունները պատվիրակված գործընթացի մաս են կազմում, հանձնառություններ են վերցրել՝ ընդ որում, թե՛ գլոբալ, թե՛ ռեգիոնալ առումով, և փորձելու են այն միջոցներով, ինչին տիրապետում են՝ ֆինանսներ, ուժային ռեսուրսներ, իրականացնել ծրագրերն ամեն գնով,- այս պահին առկա իրավիճակին անդրադառնալով՝ շարունակեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ տեղային դիմադրությունն այսօր դրան համարժեքորեն չի արձագանքում,- Մարդիկ քանի դեռ այստեղ իրենց կոմֆորտի զոնայից դուրս չեն եկել, որևէ անհանգստացնող ցուցիչների մասին չի կարող խոսվել»։
Դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին պաշտոնական հավաստիացումները քաղաքագետը համարում է կեղծ՝ պարզաբանելով, որ դա ուժեղի կողմից թույլին պարտադրված գործընթաց է, և, հետևաբար, որևէ կապ չունի միջազգային իրավունքի հետ։
Ըստ նրա՝ այդ գործընթացից տուժողների քանակն ավելանալու է, որովհետև հյուսիսից մինչև հարավ պատրաստվում են այդ պրոցեսներն իրականացնել։
Նիկոլ Փաշինյանի՝ ադրբեջանցիներին-թուրքերին ծառերով ու պատերով քողարկելու առաջարկի մասին իր դիտարկումներում Ալեն Ղևոնդյանը շեշտեց. «Մենք մտնում ենք «Կարգին հաղորդման» ֆորմատի մեջ։ Այդ ֆորմատը 2018 թվականին ցույց տվեց, որ արդյունավետ է, բայց երբ դու ունես գոյաբանական սպառնալիք…
Տաքսու վարորդը երեկ ինձ ասում է՝ լսել ե ՞ք, թե ինչ էր ասում՝ Տավուշում դպրոցի դիմաց ծառեր տնկեք։ Էլ չի աշխատում այդ ֆորմատը»։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել էր. «…կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել, եթե երևալու խնդիրն է»։
Մանրամասները՝ տեսանյութում