«Երկրաշարժ ու պատերազմ տեսած, Սիբիրում ապրած, բանակում ծառայած տղային Բրազիլիան չպետք է վախեցներ». Արթուր Հարոյան
Բրազիլաբնակ դերասան Արթուր Հարոյանը ծնվել և մեծացել է Վանաձորում, խաղացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան Պետական դրամատիկական թատրոնում, բայց մանկուց երազել է Բրազիլիա գնալու մասին: 24 տարեկանում որոշել է ամեն ինչ թողնել ու գնալ Բրազիլիա՝ իր երազանքի հետևից:
«Ծնողներս գիտեին Բրազիլիայի հանդեպ իմ սիրո մասին, բայց սկզբից թեթև էին այդ ամենին նայում, մտածում էին՝ ո՞վ է գնացել Բրազիլիա Կիրովականից, որ Արթուրը պետք է գնա: Բայց երբ այդ ամենն ավելի լուրջ հունով սկսեց ընթանալ, մի քիչ ավելի զգաստացան ծնողներս: Բանակից հետո էլ թատրոնում չէի աշխատում, աշխատում էի «Զվարթնոց» օդանավակայանի duty free-ում, աշխատավարձս հավաքում էի, որ Բրազիլիայի տոմս գտնեմ ու մեկնեմ Բրազիլիա: Այդ ընթացքում ռեժիսոր Նունե Խեչումյանն ինձ հրավիրել էր «Մետաստազ» ներկայացմանը խաղալու, ասացի՝ Նունե ջան, բանակից եմ եկել, ընտանիքս դեմ է, չեմ ուզում նորից վեճեր լինեն: Բայց պիեսն ուղարկեց, 6 ամիս թաքուն փորձերի էի գնում: Այդ ժամանակ սովորում էի նաև Մանկավարժական ինստիտուտում, բայց գնում էի թատրոն փորձերի: Ծնողներիս հրավիրեցի ներկայացումը դիտելու, բայց չէի ասել, որ խաղալու եմ: Այդ ժամանակ Բրազիլիայի տոմսս գնել էի: Ընտանիքիս անդամները նստում են ներկայացում նայելու, ես դուրս եմ գալիս բեմ, տեսնում եմ նրանց տարօրինակ ռեակցիաները, բայց կանգնեցին ու ծափահարեցին, ուղղակի լավ նորությունը դեսերտի ժամանակ պետք է ասեի:
Ո՞րն էր լավ նորությունը, որ ես գնում եմ Բրազիլիա: Գնացինք տուն, սեղանի շուրջ ամբողջ ընտանիքով նստած էինք, ես ասացի՝ ժողովուրդ, գնում եմ Բրազիլիա: Մայրս ասաց՝ լավ, 24 տարեկան ես, ու 24 տարի է՝ ասում ես, որ գնում ես Բրազիլիա: Տոմսս հանեցի, դրեցի սեղանին ու նորից արագ դրեցի գրպանս, ու սկսվեց ընտանեկան դրաման՝ ուշաթափություններ, քույրիկներս լացում էին, թե՝ ո՞նց՝ գնում ես Բրազիլիա, և այլն: Հաջորդ օրը մայրիկիս հետ գնացի ճամպրուկ գնելու ու մտածեցի, որ եթե մայրիկս հետս եկել է ճամպրուկ գնելու, ուրեմն՝ հարմարվել է իմ գնալու մտքին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում պատմեց նա:
Արթուրը մեկնում է Բրազիլիա՝ չունենալով այնտեղ ոչ մի ծանոթ և չիմանալով պորտուգալերեն. «Ընդամենը մեկ ճամպրուկ ունեի ու հաշված դոլարներ: Ծնողներիս խաբել էի՝ ասելով, թե ուսանողական ծրագրով եմ գնում, այնտեղ ինձ սպասում են, հանրակացարանում պետք է ապրեմ, և այլն: Գնացի Բրազիլիա, շատ ցուրտ էր այդ օրը, մտածեցի՝ գուցե սխալ ինքնաթիռ եմ նստել: Տատիկս գուլպաներ էր գործել, ասել էր՝ հետդ կտանես, ես էլ ասում էի՝ տատիկ, գնում եմ արևադարձային երկիր, գուլպաներն ի՞նչ պետք է անեմ: Բայց տատիկս ասաց՝ կա՛մ կտանես, կա՛մ չպետք է գնաս Բրազիլիա: Ու լավ է, որ տարա, որովհետև հունիս ամիսն էր, որը Բրազիլիայում համարվում է ձմեռ, և ահավոր ցուրտ էր: Օդանավակայանում գուլպաներս հագա ու ճանապարհ ընկա: Գնացի հայկական եկեղեցուն կից դպրոց. Եկեղեցու տեր հայրը նաև դպրոցի տնօրենն էր: Շաբաթ օր էր, գնացի, ասացի՝ անունս Արթուր է, սրանք իմ դիպլոմներն են, ու ինձ աշխատանք է պետք, Դուք ունեք ընդամենը մեկ տարբերակ՝ ինձ ընդունել աշխատանքի, եթե չընդունեք, վերջս լավ չի լինելու: Հայակական դպրոցում 4-5 տարի հայերենի ուսուցիչ աշխատեցի: Այդ ընթացքում նաև թատերական կրթություն ստացա»:
Արթուր Հարոյանի մասին հայկական լրատվամիջոցները սկսեցին ակտիվ գրել, երբ նա մասնակցել էր բրազիլական ամենամեծ ռեյտինգ ունեցող թոք-շոուներից մեկին. «Այդ ժամանակ խաղում էինք իմ գրած «1915» ներկայացումը, որի մամուլի հաղորդագրություններն ուղարկում էին տարբեր լրատվամիջոցների: Այդպես մի օր զանգ ստացա Globo TV-ի թոք-շոուի ադմինիստրատորից, ասացին, որ հաղորդավարն ուզում է ինձ հետ հարցազրույց անցկացնել: Ես զարմացա, որովհետև նույնիսկ Globo TV-ի ոչ բոլոր դերասաններն են հյուրընկալվել այդ թոք-շոուին, իսկ ես 2 անգամ եմ հյուրընկալվել, ինչը պարծենալու է, և ես դրանից ինձ լավ եմ զգում»:
Արթուր Հարոյանի «1915» ներկայացումը Հայոց ցեղասպանության մասին առաջին ներկայացումն է Լատինական Ամերիկայում:
«Այդ ներկայացման մեջ խաղալն ինձ համար հոգեբանորեն դժվար էր, բայց ռեժիսորն ասաց՝ ևս մեկ կերպար ստեղծիր, կարևոր է, որ խաղաս: Ես ստեղծեցի ամերիկյան դիվանագետ Հենրի Մորգենթաուի կերպարը, ով դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Հիմնական հանդիսատեսը բրազիլացիներն էին, ինչն ինձ շատ էր ուրախացնում, որովհետև բրազիլացիները շատ տեղեկացված չեն Հայաստանի մասին, այո, գիտեն, որ մետրոյի կայարան կա «Արմենիա» անունով, բայց թե ինչու է այդպես, չգիտեն: Նույնիսկ, երբ ռեժիսորին ցույց տվեցի իմ պիեսը, նա չգիտեր, որ Առաջին համաշխարհայինի ժամանակ նման աղետ է տեղի ունեցել հայերի հետ: Ես այդ ժամանակ երևի մի քիչ ավելի գիժ էի ու Թուրքիայի դեսպանատուն հրավեր էի ուղարկել: Երկու թուրք էին եկել, ու այնտեղի հայերն ասում են, որ ներկայացման ընթացքում նրանք վատ արտահայտություններ էին անում, երբ տխուր տեսարաններ էին տեղի ունենում»:
Դերասանը հայկական թեմաներով ակտիվ գրառումներ է կատարում նաև սոցցանցերի իր էջերում. «Նույնիսկ մեր թատերախմբի անունը որոշեցի Arca դնել, որը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է տապան: Միտումնավոր արեցի, որ մարդիկ հարցնեն՝ ինչո՞ւ Arca, ու ես պատմեմ Նոյան տապանի ու Արարատ լեռան մասին»:
Արթուր Հարոյանը հասցրել է նաև պորտուգալերենով գիրք գրել՝ «O Armenico» ինքնակենսագրական վեպը, որը դարձավ բեսթսելլեր Բրազիլիայում. «Գրքի վրա գրված է. «Սովորեցի պորտուգալերեն, որպեսզի գրեմ այս գիրքը»:
Գիրքն իմ կյանքի մասին է: Շատ նամակներ էի ստանում հիմնականում ներգաղթյալների կողմից, որոնք ասում էին, որ այն ուղեցույց է: Գրքում մանրամասն ամեն ինչ գրված է. գեղարվեստական ուղեցույց է: Մարդկանց ոգեշնչում է այս գիրքը, շնորհակալություն են հայտնում, ասում են՝ իսկապես երազանքներն իրականանում են: Այո, երազանքներն իսկապես իրականանում են, դա ֆանտաստիկայի ժանրից չէ: Ես Բրազիլիա գնացի 2008թ. հունիսին, ու մեկ շաբաթ հետո նախագահն ամնիստիա տվեց բոլոր ներգաղթյալներին: Մարդիկ կային, որոնք 10-15 տարի դրան էին սպասում: Եթե ես մեկ շաբաթ ուշ գնայի Բրազիլիա, այդ օրենքն ինձ չէր վերաբերի: Երբ փաստաթղթեր ունես, ամեն ինչ արդեն շատ հեշտ է լինում: Ես դժվարություններից չվախեցող մարդ եմ՝ Հայաստանում երկրաշարժ տեսած, պատերազմ տեսած, Սիբիրում ապրած, բանակում ծառայած, Բրազիլիան ինձ չպետք է վախեցներ»:
Պանդեմիայից առաջ դերասանը հաճախ էր այցելում Հայաստան. պանդեմիայից հետո սա նրա առաջին այցն է հայրենիք: Ասում է, որ Հայաստանում այս տարիներին կան և՛ դրական, և՛ բացասական փոփոխություններ. «Բնականաբար, բացասականն ավելի շատ է՝ վերջին դեպքերի հետ կապված: Մարդիկ շատ տխուր են, պատերազմից հետո դա նորմալ է, բայց շատ եմ զարմանում, թե ինչպես հայ մարդը չի կոտրվում այսքան բանից հետո: 44-օրյա պատերազմի օրերին Բրազիլիայի հայ համայնքը փողոցներում ակցիաներ էր իրականացնում, մենք մարդկանց թռուցիկներ էինք բաժանում, որոշ մարդիկ նույնիսկ չգիտեին՝ ինչ է տեղի ունենում, ծանոթ չէին Արցախի դրոշին, չնայած՝ եթե ծանոթ չեն Հայաստանի դրոշին, որտեղի՞ց պետք է իմանային՝ ինչ է Արցախի դրոշը: Իմ ընկեր լրագրողներին անընդհատ ինֆորմացիա էի ուղարկում, ասում էի՝ խնդրում եմ, խոսեք այդ մասին, որովհետև այդ պատերազմի մասին ընդհանրապես չէին խոսում: Այդպես փորձում էինք լուսաբանել, սոցիալական ցանցերով և հարցազրույցներով մարդկանց հասցնել, որ Արցախում նման բան է տեղի ունենում: Ես վատ հոգեվիճակում էի: Պանդեմիա էր, կարանտին, չէի կարողանում գալ, չվերթեր չկային: Տատիկս ասաց՝ եթե ինչ-որ բան ես կարողանում անել, այդտեղ արա, դու այդտեղ ավելի շատ բան կարող ես անել, քան, եթե գաս Հայաստան: Ընկերներս տեքստեր էին ուղարկում, որ պորտուգալերեն թարգմանեմ, բայց դա չնչին տոկոսն է այն ամենի, ինչ հայ զինվորն անում էր»:
Անդրադառնալով Արցախում այս պահին առկա ծանր իրավիճակին, նա նշեց, որ բավականին ծանր հոգեվիճակում է. «Եթե քո կյանքում լավ բան է տեղի ունենում, մտքումդ միշտ այն է, որ Արցախը բլոկադայի մեջ է, ինչ-որ լավ առիթի ես մասնակցում, մտածում ես՝ Արցախում իրավիճակը ծանր է: Հոգեկան անհավասարակշիռ վիճակ է մեզ մոտ: Փորձում ենք ԶԼՄ-ներով ցույց տալ, որ Արցախը բլոկադայի մեջ է, և ոչ ոք ոչ մի բան չի անում, որ այդ իրավիճակից դուրս գանք: Արցախն իմ ընտանիքից հեռու է, բայց փորձում եմ կապել իմ ընտանիքի հետ, որպեսզի հուզական դաշտ առաջացնեմ բրազիլացիներ մոտ, որ մի քիչ կապվեն այդ ամենին: Երբ ուղղակի գրում եմ՝ Արցախը բլոկադայի մեջ է, հարցնում են՝ ի՞նչ է Արցախը, եթե Արցախը որոշ բաներով ճանաչված է որպես Ադրբեջանի տարածք, ինչո՞ւ ես այդպես անհանգստանում, բացատրում եմ, որ դա Ադրբեջանի տարածք չէ, դա պատմական հայկական տարածք է, այնտեղ հայեր են ապրում, անընդհատ փաստեր եմ բերում, որ գոնե սոցցանցերով մարդիկ տեղեկատվություն ստանան»:
Արթուր Հարոյանը նշեց, որ Բրազիլիայում հայերը բավականին համախմբված են, ինչի արդյունքում այնտեղ ունենք 4 եկեղեցի, հայկական դպրոց, կամուրջ՝ «Republica de Armenia», մետրոյի կայարան՝ «Արմենիա», ակումբ, և այլն. «Եթե ամուր համայնք չլինեինք, այդ ամենը չէր լինի, որովհետև այնտեղ շատ կան ռուսներ կամ ուրիշ ազգեր, բայց նրանք այդ ամենը չունեն: Համախմբված համայնք ունենք այնտեղ, և նույնիսկ իմ «1915» ներկայացումն այնտեղի հայերի գումարով ենք կարողացել իրականացնել: Իմ երկրորդ ներկայացման փորձերը AGBU-ի ներսում ենք արել, իրենք են որոշ գումար տվել, որ այդ ներկայացումը կարողանամ իրականացնել: Հայ համայնքի աջակցությունը մեծ է, և շնորհակալ եմ մեր համայնքին, որովհետև շատ գործեր կան, որ առանց իրենց ես չէի կարող իրականացնել: Այնտեղի մեր երիտասարդներից շատերը միգուցե հայերեն չեն խոսում, այնտեղ են ծնվել, բայց երբ հարցնում ես՝ ազգությամբ ո՞վ ես, պատասխանում են՝ հայ, հետո նոր՝ բրազիլացի, իրենց հայ են զգում, և դա ողջունելի է»:
Հարցին՝ բարդ չէ՞ր բրազիլական կինոինդուստրիա մուտք գործելը, նա պատասխանեց. «16 տարի է՝ Բրազիլիայում եմ, այնտեղ դերասանական գործակալությունների հետ համագործակցում՝ քաստինգների եմ մասնակցում: Բրազիլիայում մրցակցությունը շատ մեծ է, օրինակ՝ կարող է ինչ-որ գովազդի քաստինգի գնաս ու տեսնես քո տիպաժով 100 հոգի, ասում ես՝ լավ, ինձ ո՞նց պետք է ընտրեն, հավանականությունը քանի՞ տոկոս է: Նույնը՝ ֆիլմերի դեպքում: Բայց քանի որ պորտուգալերեն խոսելիս միտումնավոր ակցենտ եմ դնում, մրցակցությունը մի քիչ իջնում է, որովհետև ոչ շատերն ունեն պորտուգալերենի նման ակցենտ»:
Դիտարկմանը՝ այսինքն՝ որոշակի ձևեր գտել ես մրցակցությանը դիմակայելու, նա այսպես արձագանքեց. «Հա, էդքան էլ միամիտ լոռեցի չեմ (ծիծաղում է.- Ռ.Մ.)»:
Արթուրը պատմեց, թե ինչ է անելու Բրազիլիա վերադառնալուց հետո. «Առաջիկայում նոր ներկայացում ենք փորձում բեմադրել, ճիշտն ասած՝ թատրոնի հետ կապված այնտեղ ամեն ինչ մի քիչ դժվար է: Ֆիլմում եմ նկարահանվել, պրեմիերան պետք է պանդեմիայից առաջ լիներ, բայց պանդեմիան պլանները փոխեց. Ֆիլմը Netflix-ի ու Amazon prime-ի համար է: Առաջիկայում դրա պրեմիերան է լինելու: Հայաստան վերադառնալու և այստեղ նախագծեր իրականացնելու երազանքներ ունեմ, բայց պլաններ դեռ չունեմ, որովհետև շատ հեռավոր է այդ ամենը: Ես երազում եմ, որ իմ գիրքը դառնա ֆիլմ, որովհետև երբ մարդիկ կարդում են, ասում են՝ իրակա՞ն պատմություն է, քեզ հե՞տ է տեղի ունեցել, չեն հավատում, որովհետև կա մշակութային շոկ, կա Բրազիլիայի և Հայաստանի հիբրիդը, այն, ինչ մարդկանց հետաքրքրում է: Գրքիս հայերեն թարգմանությունն էլ է երազանք»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում