«Ո՞վ է ուզում, որ իր երկրի ղեկավարը դավաճան կամ տգետ լինի. ոչ ոք, դա բոլորիս ցավն է». Վիտալի Մանգասարյան

Արցախում իրավիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. հունիսի 15-ից Ադրբեջանը թույլ չի տալիս անգամ հումանիտար բեռների մուտքն Արցախ, դադարեցրել է գազամատակարարումը, դրան զուգահեռ՝ Արցախին սպառնում է նոր պատերազմով: Ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին «Վրեժ 3» գործողություն իրականացնելու մասին: Իսկ Հայաստանի իշխանություններն Արցախը ճանաչում են՝ որպես Ադրբեջանի մաս, և ամեն առիթով նշում են, որ, եթե այս կամ այն բանն անեն կամ չանեն, ապա պատերազմ կսկսվի:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանն այն կարծիքին է, որ ինչքան էլ իշխանությունները հայտարարում են՝ եթե այսպես կամ այնպես անենք, պատերազմ կլինի, փաստացի, իրավիճակը գնալով էլ ավելի է վատթարանում, և փաստացի Արցախը հայտնվում է էլ ավելի վատ իրավիճակում: «Փաստացի, եթե հրաժարվում ենք Արցախից, ամեն հարցում ասում ենք՝ գնացեք՝ ինչ ուզում եք՝ արեք, իրավիճակն ավելի է վատթարանում: Ադրբեջանի իշխանական էլիտայի ներկայացուցիչներն են արդեն հարցազրույցներում «Վրեժ 3» գործողության մասին խոսում, նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե փորձում են իշխանություններին ցույց տալ, որ իրենք մի բան էլ ուշացնում են այդ գործողություններն իրականացնելու պրոցեսը: Դաշտը ստեղծում են և ինչ-որ փուլում փորձելու են դա իրականացնել, և հարց է առաջանում, թե մենք ինչ պետք է անենք»:

Նա նկատեց՝ ադրբեջանցիներն ուզում են Արցախի ՊԲ-ն վերացնել, որ հաջորդ քայլով անցնեն Հայաստանի հետ հարցերը պարզելուն. «Նրանք շատ լավ հասկանում են, որ ՊԲ-ն այնտեղ միավոր է, և պետք է փորձել սկզբից այդ լոկալ խնդիրը լուծել, հետո անցնել մեծ խնդիրը լուծելուն: Եթե իրենք այս փուլում ՀՀ նկատմամբ լայնածավալ գործողություններ սկսեն, ձեզ ի՞նչ է թվում՝ ՊԲ-ն այնտեղ ձեռքերը ծալած նստելու է: Եթե վա բանկ ենք գնում, արդեն ՊԲ-ն էլ է այնտեղից գործողություններ անելու, և ո՞վ է ասել, որ ավելի վատ է գործելու, քան մեր ԶՈւ-ն: Իմ գնահատմամբ, հնարավոր է՝ այնտեղ ավելի որակով գործեն և ավելի լուրջ խնդիրներ կարողանան լուծել: Ադրբեջանցիներն այդքանը հասկանում են, դրա համար ուզում են այս փուլում ՊԲ հարցերը լուծել, որպեսզի հաջորդ քայլով արդեն այստեղ ինչ ուզեն՝ անեն: Իրենք, ամեն դեպքում, Արցախի ՊԲ-ից լուրջ վտանգ են զգում, որովհետև շատ լավ հասկանում են, որ եթե դանակը հասնի ոսկորին, պայքարելու են, բա ի՞նչ պետք է անեն»:

Կարդացեք նաև

Վիտալի Մանգասարյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի գլխավոր նպատակը պարզ է՝ փորձում են տարածաշրջանից վերացնել հայկական պետությունը. «Աբսուրդ է մտածել անգամ, որ իրենք խաղաղության են պատրաստվում. նրանց ոչ մի քայլ դրա մասին չի խոսում: 2020թ.-ի 44-օրյա պատերազմից հետո նրանք 100-ից ավելի զորավարժություն են իրականացրել: Այս տարի միայն Թուրքիայի հետ 10-ից ավելի զորավարժություն են իրականացրել, մինչև տարվա վերջ պլանավորում են մի այդքան էլ իրականացնել: Խաղաղության պատրաստվողի կերպա՞ր ենք այստեղ տեսնում: Դրան ի պատասխան՝ մենք ի՞նչ ենք արել: 2020թ. մինչ այսօր մենք ոչ մի զորավարժություն չենք իրականացրել: Եթե երկրի ղեկավարության մակարդակով օրակարգ են բերվում թեմաներ, որ՝ մենք թույլ չենք, դասալիք ենք, գեներալներն էս են, էն են, դրանից մենք տասնապատիկ անգամ թուլանում ենք: Փորձը ցույց է տալիս, որ այդ թեզերի գրեթե մեծամասնության տակ հիմք չկա, ասեմ ավելին՝ որոշ ժամանակ հետո հակառակն է ապացուցվում: Ինչպես լրտեսների թեման եղավ, որ՝ դավաճան են, էս են, էն են, դատարանը մի քանիսի արդարացրեց:

Հասկանո՞ւմ եք՝ ինչ մեծ ռեսուրս թշնամին պետք է ծախսի, որպեսզի մեր ԶԼՄ-ներից մեկում դավաճանների մասին ինչ-որ նյութ գրել տա: Հիմա այդ գործն իրենք չեն անում, այլ այստեղ մեր ռազմաքաղաքական տարբեր դերակատարներ իրականացնում են՝ վարկաբեկում են զինվորականներին, ասում են՝ շպիոն, հաջորդ օրը պարզվում է, որ նման բան չկա, դատարանն արդարացնում է: Սրա անունը կարող ենք դնել անլուրջ վերաբերմունք, դավաճանություն, միամտություն, տգիտություն, այս բոլոր համատեքստերում տեղավորվում է այս ամենը, բայց արդյո՞ք դրանից որևէ բան ենք շահում: Ոչ մեկս չի ուրախանում, որ մեր ղեկավարությունը դավաճան է կամ տգետ է, հակառակը՝ բոլորիս ցավն է. ո՞վ է ուզում, որ իր երկրի ղեկավարը դավաճան կամ տգետ լինի՝ ոչ ոք, դա բոլորիս ցավն է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս