Աշխարհաքաղաքական ո՞ր կենտրոնը կկանխի հնարավոր օպերացիան Արցախում

Մինչ Ադրբեջանը սրում է իրավիճակը տարածաշրջանում, ադրբեջանական մամուլն ու փորձագիտական հանրությունը զուգահեռ «աշխատանք» են իրականացնում՝ սպառնալով արցախահայությանը հակաահաբեկչական օպերացիայով։ Թերևս պատահական չէր, որ օրերս ռուսական «Риа Новости» լրատվական ծառայության տելեգրամյան ալիքըհետևյալ տեղեկատվությունը տարածեց․ «ԱՄՆ-ը ստիպում է Լեռնային Ղարաբաղին՝ հանդիպել Ադրբեջանի հետ, մերժման դեպքում սպառնում են հակաահաբեկչական գործողությամբ»: Նաև ասվում էր.
«Վաշինգտոնը վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին՝ մոտ ապագայում համաձայնել երրորդ երկրում ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը՝ ամերիկացի համակարգողի մասնակցությամբ։ Նպատակն ԱՄՆ-ի ներթափանցումն է տարածաշրջան։ Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, դրան կհետևի ադրբեջանական հակաահաբեկչական գործողությունը տարածաշրջանում»։

Ըստ «Риа Новостии»-ի զրուցակցի՝ «ամերիկյան «խաղաղապահ նախաձեռնությունը» լոբբինգ է անում Լեռնային Ղարաբաղի «արտգործնախարար» Սերգեյ Ղազարյանի կողմից, ում շահերը լիովին համընկնում են Ադրբեջանի շահերի հետ»։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել էր ռուսական լրատվամիջոցների այս տեղեկությունները՝ նշելով․
«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։ Մենք ողջունում ենք ցանկացած երկխոսություն, որը նպաստում է դրան»:

Արցախի ԱԳՆ-ի օրերս տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ վերոնշյալ ձևաչափով Արցախը չի բանակցելու Ադրբեջանի հետ, ավելին, Ստեփանակերտը պահանջում է վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Սրան ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն կարճ հաղորդագրություն էր տարածել՝ շարունակելով պնդել, որ կանեն ամեն ինչ ԼՂ հայությանն ինտեգրելու նպատակով։

Կարդացեք նաև

168․am-ի հետ զրույցում, կանխատեսելով ապագա հնարավոր զարգացումները Արցախյան հակամարտության գոտում, եվրոպացի կոնֆլիկտաբան Նեյլ Մաքֆարլեյնընշեց, որ Երևան-Բաքու բանակցությունները հասել են մի կետի, երբ Բաքուն և Երևանից, և ԼՂ-ից ցանկանում է վստահեցումներ ստանալ, որ ինտեգրացիան է ամրագրվելու՝ որպես այս գործընթացի վերջնական լուծում։ Ըստ նրա, Երևանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այս մասով հարցը փակվեց, թեև Ադրբեջանը դա կցանկանա նաև գրավոր ամրագրել։

«Հիմա հասունացել է պահը, որ այս իրողությունն ընդունեն նաև ԼՂ-ում բնակվող մարդիկ, քանի որ կարծես միջնորդների համար, բացի Ռուսաստանի Դաշնությունից, այս հարցն այնքան կարևոր չէ։ Առանցքայինը նրանց համար այն է, որպեսզի կողմերը շուտ հասնեն փոխհամաձայնության։ Ակնհայտ է, որ ԼՂ-ում կա դիմադրություն Ադրբեջանի նկատմամբ, սա նյարդայնացնում է Ադրբեջանին, կա ռուսական ներկայություն, որը փոքր-ինչ զսպում է, կա շահագրգիռ Արևմուտք, որ հարցը լուծվի, և, փաստորեն, Ադրբեջանը փորձում է ճնշումներով արագացնել համաձայնությունների կայացումը»,-նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։ Ըստ նրա, ռեգիոնում ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում լայնածավալ օպերացիա պատկերացնելը շատ բարդ է, քանի որ, չնայած այս ընթացքում ԼՂ-ի ուղղությամբ ռազմական սադրանքներ եղել են, դրանք լայնածավալ ու մասշտաբային բնույթ չեն կրել։

«Դժվար է պատկերացնել, որ խաղաղապահների գործունեության գոտումնման բան կարող է տեղի ունենալ։ Հենց այդ պատճառով Արևմուտքը պնդում է, որ բանակցություններ լինեն։ Մյուս կողմից՝ հասկանալի է, որ վերջնագրերի բառապաշարը թույլ չի տալիս համապատասխան մթնոլորտ ստեղծել և քննարկել կարգավորման բոլոր հնարավորությունները։ Ուստի համադրելով բոլոր միտումները՝ ճնշումներն ամեն հնարավոր եղանակով, կարծում եմ, կշարունակվեն, սակայն լայնածավալ օպերացիան շատ բարդ իրագործելի է, թեև այդ մասին բացեիբաց խոսվում է, և դա պետք է արժանանա բոլոր միջնորդների արձագանքին»,-ասաց փորձագետը։ Նրա խոսքով, եթե լինեն լայնածավալ գործողություններ ԼՂ-ում, ապա դա կարող է կանխել՝ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ՝ Միացյալ Նահանգները։

«Ներկայումս Ռուսաստանի հնարավորությունները և ցանկությունը կտրուկ քայլերի ավելի սահմանափակ է, իսկ ԱՄՆ-ի դեպքում այդպես չէ, քանի որ Արևմուտքն իրացնում է Հարավային Կովկասում իր նոր դերակատարությունը։ Բայց միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ կտրուկ միջամտությունների համար հարկավոր են մեկ կողմի դեմ հստակ հայտարարություններ ու գործողություններ, որից ԱՄՆ-ը ևս խուսափում է։ Սակայն դա ազդեցիկ կարող էր լինել ծայրահեղ իրավիճակում»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Լաչինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթից հետո, որում նա սպառնացել էր արցախահայությանն ու Արցախի իշխանություններին, նշելով, թե ինչ պետք է անեն նրանք Ադրբեջանի համաներմանն արժանանալու համար, ԱՄՆ Պետդեպարտամենտը ոչ թե քննադատել էր այս վերջնագիրը, այլ ողջունել Ալիևի հայտարարությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930