Պետգնումներ՝ մեկ անձից. կոռուպցիոն ռիսկերի ու «նոր Հայաստանի» արանքում

«Մենք ցանկանում ենք, որպեսզի պետական գնումների համակարգը բարեփոխվի այն ուղղությամբ, որպեսզի այն հնարավորինս լինի ճկուն և մոբիլ, միևնույն ժամանակ, պահպանի արդար մրցակցության սկզբունքը և հնարավորինս զերծ լինի կոռուպցիոն երևույթներից, երրորդը՝ երաշխավորի պետական միջոցների ծախսման և ստացվող արդյունքի որակը»,- դեռևս 2019 թվականին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Սակայն այս հայտարարությունը, շատ այլ խոստումների ու ցանկությունների նման, կարելի է ասել, կոռոզիայի ենթարկվեց, իսկ հանրության աչքի առաջ մնաց առանց մրցույթի՝ «մեկ անձ», «հրատապ մեկ անձ» ընթացակարգով կատարվող պետական գնումների հսկայական ծավալ:

ՀՀ Դատախազությունը, օրինակ, տարեսկզբից 102 պայմանագրից 69-ը կնքել է «մեկ անձ» ընթացակարգով:

Հակակոռուպցիոն կոմիտեն, ըստ պետգնումների armeps.am համակարգի տեղեկությունների, ստեղծումից՝ 2021 թվականի հոկտեմբերի 23-ից ցայսօր 312 գնումներից 168-ն իրականացրել է «մեկ անձ» ընթացակարգով,  9-ը՝ «հրատապ մեկ անձ» ընթացակարգով:

Կարդացեք նաև

Պետական եկամուտների կոմիտեն տարեսկզբից 167 պայմանագրերից 57-ն իրականացրել է «մեկ անձ» ընթացակարգով, 1-ը՝ «հրատապ մեկ անձ ընթացակարգով»:

Վարչապետի աշխատակազմը տարեսկզբից 197 գնում է կատարել, որից 93-ը՝ մեկ անձ, իսկ 1-ը՝ հրատապ մեկ անձ ընթացակարգով:

Ազգային ժողովը տարեսկզբից 74 գնումից  27-ը մեկ անձ ընթացակարգով է իրականացրել, այդ թվում՝ կոնյակների, գինիների մատակարարում, հյուրասիրության կազմակերպում, տրանսպորտային սպասարկման ծառայությունների ձեռքբերում:

Շարքը շարունակելի է:

Ի դեպ, պետգնումներում «մեկ անձ» և «հրատապ մեկ անձ» ընթացակարգով ամենախոշոր պայմանագրերը դարձյալ կնքվել են վերջին հինգ տարիներին՝ ինչպես, օրինակ, Տարածքային ենթակառուցվածքների նախարարության և «Քարավան» ՍՊԸ միջև 2022 թվականի մարտին կնքված «Ճանապարհների վերանորոգման աշխատանքների» ՀՄԱ ընթացակարգով պայմանագիրը, որի գինը կազմում էր շուրջ 3 միլիարդ դրամ, կամ դարձյալ նույն նախարարության և Ա.Ա.Բ. Պրոեկտ ՍՊԸ-ի միջև այս տարվա մարտին կնքված դարձյալ հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագիրը՝ 4 միլիարդ գնով, կամ՝ 2022 հուլիսի պայմանագրով ոստիկանական ավտոմեքենաների ձեռքբերումը «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից՝ մեկ անձ ընթացակարգով, 3 միլիարդ 107 միլիոն 500 հազար դրամ ընդհանուր արժեքով, կամ՝ դարձյալ նույն ընթացակարգով այս տարվա հունվարին «Նաթալի ֆարմ» ՍՊԸ «Աստղիկ» բ/կ-ի հետ Առողջապահության նախարարության կնքած պայմանագիրը շուրջ 2 միլիարդ 5 միլիոն դրամ արժողությամբ և այլն:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «գնումների կատարման նախընտրելի ձևը մրցույթն է»:

Ի՞նչ պայմաններ և ռիսկեր ունեն ոչ մրցակցային գնումները՝ 168.am-ը հետաքրքրվեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանից:

Ի պատասխան մեր հարցադրումների՝ Նաիրի Սարգսյանը նախ հիշեցրեց, որ պետական գնումներն իրականացվում են գին-որակ համադրության հիման վրա, և, որ պետական գնումը պետք է ուղղված լինի պետության ֆինանսական միջոցների ավելի արդյունավետ և խնայողաբար ծախսին:

«Այստեղ ի սկզբանե կան լուրջ խնդիրներ, քանի որ շատ դեպքերում որակին ուշադրություն չդարձնելով, ցածր գնից ելնելով՝ գնում է իրականացվում: Պարզ է, թե ինչ աղետալի հետևանքներ է ունենում այս մոտեցումը: Նկատենք, որ ազատ խաղի կանոնները սահմանված են նրա համար, որ լավագույն գինն ու լավագույն որակն առաջարկվեն՝ մինչդեռ, «մեկ անձից» գնումը խաթարում է այս տրամաբանությունը»,- մանրամասնեց Նաիրի Սարգսյանը։

Նա պարզաբանեց օրենքի դրույթները՝ նշելով, որ իրավական ակտով մեկ անձից գնում կարող է կատարվել՝

– եթե գնման ենթակա ապրանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել մեկ անձից՝ պայմանավորված նրա հեղինակային կամ այլ իրավունքով. այսինքն՝ եթե այդ մարդը Մտավոր սեփականության գործակալությունում գրանցել է, որ, օրինակ, ճանապարհային շինարարության բետոնապատման աշխատանքների այս քիմիական բաղադրության բանաձևով իրականացման իրավունքը պատկանում է ինձ, և միայն ես կարող եմ իրականացնել,

– երբ արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակով պայմանավորված՝ ծագել է անհետաձգելի պահանջ. օրինակ, պատերազմի ժամանակ անօդաչու թռչող սարքի ձեռքբերման անհետաձգելի պահանջ է առաջացել,

– երբ պատվիրատուն, որևէ անձից կատարելով ապրանքների գնում, որոշում է սկզբնական պայմանագրում չներառված, սակայն օբյեկտիվորեն չնախատեսված հանգամանքներից ելնելով՝ սկզբնական պայմանագրի կատարման համար անհրաժեշտ դարձած ապրանքների լրացուցիչ գնում կատարել նույն անձից,

երբ գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը. այսինքն՝ եթե չի գերազանցում 1 միլիոն դրամը,

– երբ գնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս. այսինքն՝ եթե առավել շահութաբեր է, որ պետությունը գնում իրականացնի արտերկրում:

«Սրանցից տարբերվող ցանկացած «մեկ անձից» գնումն արդեն կոռուպցիոն ռիսկ է, և այստեղ կարող են գլուխ բարձրացնել «ատկատները», շահագրգիռ այլ անձանց ստացվող լրացուցիչ եկամուտները»,- շեշտեց Ն. Սարգսյանը:

Աուդիտորների պալատի նախագահի գնահատմամբ՝ ոչ մրցակցային գնումները վերջին հինգ տարիներին ավելացել են. այս համատեքստում նա հիշեցրեց նաև Հաշվեքննիչ պալատի զեկույցները, որոնք, ըստ նրա, փաստում են՝ ամբողջ պետական գնումների մոտավորապես կեսը կատարվում են «մեկ անձից»:

Ի դեպ, 168.am-ը մեկ անգամ չէ ներկայացրել պետգնումներում ֆավորիտ ընկերություններին, որոնցից էլ հենց արվում են միլիոնավոր դրամների այդ գնումները «հրատապ մեկ անձ», «մեկ անձ» ընթացակարգերով՝ ինչպես, օրինակ, 2018թ. քաղաքական հայտնի իրադարձություններից հետո «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊԸ-ն, որը պատկանում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Բագրատ Բադալյանի ընտանիքին, «Բեգրաունդ» ՍՊԸ-ն, որը պատկանում է Վազգեն Պողոսյանի ընտանիքին (Վազգեն Պողոսյանը նախագահ Արմեն Սարգսյանի օգնականն էր),  «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ն,  որի հիմնադիրները Վազգեն Պողոսյանն ու Ռուդիկ Տեր-Գալստյանն էին, որը Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերն էր, «Սիլ ինշուրանս» ընկերությունը, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին, «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն, որը պատկանում է Ալեն Սիմոնյանի ընկեր Վահան Նարիբեկյանի ընտանիքին  և այլն:

Տեսանյութեր

Լրահոս