Ինչո՞ւ են Սուքիասյանի ընտանեկան բիզնեսից մեկ անձից գնում անում. Փաշինյանը պարզաբանում է պահանջում
Այսօր Կառավարության նիստի օրակարգը սպառելուց հետո, Նիկոլ Փաշինյանն օրակարգից դուրս անդրադարձավ, այսպես ասած՝ հակակոռուպցիոն գործերին՝ հիշեցնելով, որ նախորդ շաբաթ Ջերմուկում հակակոռուպցիոն նիստ է տեղի ունեցել։
«Պիտի դառնությամբ ընդգծեմ, որ անընդհատ տարբեր հրապարակումներ են լինում, որոնք տպավորություն են ստեղծում, թե մենք զուգահեռ իրականություններ ունենք և տեսախցիկների առաջ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, իսկ տեսախցիկներից այն կողմ զբաղվում ենք այլ գործերով։ Ես ուզում եմ այսօր մի հանգամանք քննարկել, որի հետ կապված նախկինում աշխատանքային ռեժիմով եմ մի քանի անգամ քննարկել։ Հրապարակումներ կան, թե պետական հիմնարկների ավտոմեքենաների ապահովագրության՝ ԱՊՊԱ-ի ոլորտում կոռուպցիոն դրսևորումներ, ռիսկեր կան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Այս համատեքստում նա հարց բարձրացրեց, թե ինչն է պատճառը, որ մինչև այսօր մեքենաների ապահովագրության գործընթացը չեն իրականացնում մրցութային կարգով, և դիմելով ներկաներին՝ հարցրեց՝ ո՞վ ունի այս հարցի պատասխանը։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասաց, որ այս հարցի պատասխանն ինքն ունի։
«Ձեր հանձնարարությամբ մենք աշխատակազմի և այլ գործընկերների հետ մի երկու անգամ հանդիպել ենք։ Կոնտեքստը հետևյալն է՝ ԱՊՊԱ համակարգի սակագինը Հայաստանում ֆիքսված է, և այդտեղ մրցութային կարգով անելու հետ կապված կան որոշակի սահմանափակումներ՝ այն պարզ պատճառով, որ գինը ֆիքսված է։
2023 թվականի ապրիլի 1-ից շուկան ամբողջությամբ ազատականացվելու է, և ըստ էության պետական մարմինները և քաղաքացիները կկարողանան ընտրել այն ընկերությունը, որը նրանց համար տալիս է հնարավորինս լավ սակագին և որակ հարաբերակցությունը»,- նշեց ԿԲ նախագահը։
Այս պարզաբանումից հետո, Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ տվյալ որոշումից հետո այլևս սահմանափակում չե՞ն ունենալու մրցութային կարգով, ինչին ի պատասխան՝ Մարտին Գալստյանը դրական պատասխան տվեց։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում