Կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չէ՞․ ինչպես «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ–ն դարձավ իշխանությունների ֆավորիտ մատակարարը

Դեկտեմբերի 9, 2019 թ.

«Կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ, այն երբեմն գրավիչ և հաճելի տեսք ունի, և այս առումով խնդիրն ավելի է բարդանում»,- «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով փորձագիտական քննարկմանն ունեցած ելույթում այս ընդգծումներն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ՞

Փաշինյանի ու իր թիմի «ռոբինհուդյան» կերպարը, սակայն, շատ շուտով հօդս ցնդեց. ի թիվս այլ դրվագների՝ Փաշինյանի կառավարությունը, օրինակ, սկսեց աչքի ընկնել ոչ մրցակցային՝ մեկ անձ, հրատապ մեկ անձ ընթացակարգերով միլիարդավոր դրամների պետական գնումներով, աղմկահարույց դրամաշնորհներով, իշխանություններին փոխկապակցված ընկերությունների կողմից խոշոր գործարքների իրականացմամբ: Ի դեպ, վերջինիս 168.am-ն անդրադարձել է տարբեր հրապարակումներով:

Կարդացեք նաև

«Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ–ի վերելքը՝ 2018թ․ հայտնի իրադարձություններից հետո

Մեր հերթական հրապարակումը պետգնումներում ֆավորիտ մատակարարներից մեկի՝ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ի մասին է։ Այն հիմնադրվել է 2017 թվականին, իսկ գնման գործընթացներում՝ գերակտիվություն ցուցաբերել 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո:

Այս ընկերությանն են վստահվել ամենատարբեր մասշտաբային միջոցառումները՝ հիմնականում առանց մրցույթի՝ մեկ անձ և հրատապ մեկ անձ ընթացակարգերով, իսկ ընթացիկ տարվա ապրիլին՝ նաև դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Ըստ պետական գնումների armeps.am համակարգի՝ 2018 թվականի օգոստոսից 24-ից «Ֆակտորի փրոդաքշն»-ի հետ 14 պայմանագրեր են կնքել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Արարատի մարզպետարանը, վարչապետի աշխատակազմը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և Էկոնոմիկայի նախարարությունները:

Ի դեպ, այս պայմանագրերից 10-ը մեկ անձ ընթացակարգով է, 2-ը՝ հրատապ մեկ անձ, իսկ 1՝ դրամաշնորհային տարբերակով: Այսինքն՝ 14 պայմանագրերից 12-ը ոչ մրցակցային ընթացակարգով են եղել, իսկ 1-ը՝ դրամաշնորհով:

Մի քանիսի մասին՝ առավել մանրամասն, այսպիսով.

 2018 թվականի օգոստոսի 24-ի պայմանագրով՝ Արտաքին գործերի նախարարությունն այս ընկերությանն է հանձնարարում 2018 թվականի հոկտեմբերի 11-ին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված գալա-համերգի կազմակերպումը. պայմանագրի գինը կազմում է 76 միլիոն 135 հազար դրամ:

2018 թ. սեպտեմբերի 13-ին կրկին արտգործնախարարության հետ կնքված շուրջ 27 միլիոն 89 հազար դրամ արժողությամբ պայմանագրով այս ընկերությունը ստանձնում է վրանների, աթոռների, սեղանների բեռնափոխադրման, տեղադրման և ապամոնտաժման աշխատանքների կատարման պարտավորությունը:

2018 թ. նոյեմբերի 19-ին արտաքին գործերի նախարարությունը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում ծառայությունների մատուցման հերթական պայմանագիր է կնքում «Ֆակտորի փրոդաքշն»-ի հետ. պայմանագրի գինը՝ 54 միլիոն 790 հազար դրամ:

2018 թ. դեկտեմբերի 19-ին Երևանի քաղաքապետարանի հետ կնքված 30 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով այս ընկերությունը կազմակերպում է Երևան քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը:

2018 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ընդամենը մեկ օր անց, կրկին նույն ընկերությունը կրկին Երևանի քաղաքապետարանի հետ կնքում է մեկ այլ պայմանագիր «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումների տարվա ամփոփման, ինչպես նաև՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարությունների համերգների կազմակերպման համար: Այս անգամ պետությունից ստանալով 24 միլիոն ՀՀ դրամ:

Հետո ժամանակագրությունը պատմում է Արարատի մարզում Գարիկ Սարգսյանի պաշտոնավարման օրերին 1 միլիոն դրամով «Իմ քայլը՝ հանուն մարզի» ներդրումային համաժողովի կազմակերպման մասին, վարչապետի աշխատակազմի կազմակերպած միջոցառման անցկացման վայրի՝ 3 միլիոն 200 հազար դրամով ձևավորման և 13 միլիոն 750 հազար դրամով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման շրջանակներում միջոցառումների կազմակերպման մասին, և այլն:

Դրամաշնորհային ընթացակարգով 2022 թ ապրիլի 20-ին պետության կողմից այս ընկերությանը տրվել է 750 միլիոն 192 հազար դրամ՝ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման համար:

«Ֆակտորի փրոդաքշն»-ի վերջին պայմանագիրը 2022թ․ հոկտեմբերի 21-ին է կնքվել, դարձյալ վարչապետի աշխատակազմի հետ՝ այս անգամ շուրջ 308 միլիոն 904 հազար դրամ արժողությամբ:

ՍՊԸ-ն այս գումարով «Համաշխարհային հայկական գագաթնաժողովի» միջոցառումների հետ կապված ծառայություններ է մատուցել:

Այլ հարց է, թե իրականում որքանով էին արդարացված ծախսերը՝ հաշվի առնելով այն, որ այդ համաժողովի «համահայկական» բառն իրականում ընդգրկում էր Սփյուռքի ընտրովի ներկայացուցիչների, որոնք հրավիրվել էին Զարեհ Սինանյանի «ճաշակով»:

Ծանուցում՝ ընկերության մասին

«Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականի հունիսի 29-ին։ Հիմնադիրներն են Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը: 2021թ․ նոյեմբեր ամսից ընկերության 100 բաժնեմասը պատկանում է Ռուդիկ Տեր-Գալստյանին:

Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանի ընկերության, «Շարմ հոլդինգ»-ի հետ նրանց սերտ կապերի մասին ժամանակին բազմիցս է գրվել մամուլում, նրանք նաև գործընկերներ էին, երբ աշխատում էին Հանրային Հեռուստաընկերությունում: Ռուդիկ Տեր-Գալստյանը համատեղության կարգով նաև Վազգեն Պողոսյանի համակուրսեցին ու սանիկն է։

2021 թվականի դեկտեմբերի 2-ին Վազգեն Պողոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օգնական, Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2022 թ. մարտի 18-ին, Պողոսյանն ազատվել է աշխատանքից: Այժմ նա հանդիսանում է միայն Background Production-ի հիմնադիր գործադիր տնօրենը:

Տեսանյութեր

Լրահոս