Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը շարունակում է տնօրինել երկու ՍՊԸ-ների բաժնեմասերը, ՍՊԸ-ներից մեկը շարունակում է հաղթարշավը պետգնումներում
Վարչապետի աշխատակազմի տեղակալ Բագրատ Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ» ինտիտուտ ՍՊԸ-ն շարունակում է ակտիվությունը պետգնումներում: Դատելով տասնյակ պայմանագրերից՝ կարելի է ասել, որ Բադալյանի ընտանեկան ընկերությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆավորիտ գործընկերն է:
Այս ընկերությունում 2007-2010 թթ. Բագրատ Բադալյանը զբաղեցրել է փոխտնօրենի պաշտոնը, իսկ 2023 թ. փետրվարին ՍՊԸ-ի կողմից Էլեկտրոնային ռեգիստրի հարթակում հանրայնացված իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրով վերահաստատվում է՝ 2020 թվականի ապրիլի 16-ից այս ընկերության իրական շահառու է դարձել Բագրատ Բադալյանը՝ 88.13 տոկոս մասնակցության չափով:
2018 թ. քաղաքական հայտնի իրադարձություններից հետո «Ճաննախագիծ» ինտիտուտ ՍՊԸ-ի հետ կնքվել է պետգնման 65 պայմանագիր, որից 4-ը հրատապ մեկ անձ ընթացակարգով, իսկ 31-ը՝ մեկ անձ ընթացակարգով: Ուշագրավ է, որ պետգնումներում ընկերության ակտիվությունը սկսվել է հենց 2020 թվականի ապրիլից, երբ Բադալյանը դարձել է ՍՊԸ-ի 88.13 տոկոս բաժնեմասի սեփականատեր. բավական է նշել, որ մինչ այդ, օրինակ, ողջ 2019 թվականին, ընկերության հետ կնքվել է միայն 1 պետգնման պայմանագիր:
Սա էլ դեռ ամենը չէ՝ իրական շահառուների մասին այս տարվա փետրվարին հրապարակված մեկ այլ հայտարարագրով պարզ է դառնում, որ Բագրատ Բադալյանը շարունակում է տնօրինել «ԴՈՌԶՆԱԿ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասերը:
2021 թվականի դեկտեմբերի իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը լրագրողի հարցմանն ի պատասխան՝ անդրադարձել էր իր աշխատակազմի ղեկավարի տեղակալին պատկանող ընկերությանը՝ հետևյալ դիտարկմամբ.
«Դուք խոսում եք վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ընտանիքին պատկանող ընկերության մասին, բայց չի ասվում, որ այդ ընկերությունը զբաղվում է ճանապարհների նախագծմամբ: Հիմա հարց՝ այդ ընկերությունն այդ մարդու՝ նախարարի տեղակալ լինելուց առաջ գոյություն ունեցե՞լ է, թե՞ գոյություն չի ունեցել»:
Քանի որ այս հարցի պատասխանը չի հնչել եթերում, փորձենք պատասխանել՝ այո, ընկերությունը գոյություն ունեցել է, սակայն այնքան «չի սիրվել» պետգնումների համակարգում, որքան Բագրատ Բադալյանի՝ պետական կարիերայի պիկին, և նաև մեկ հավելում՝ «Բադալյանի ընտանիքին պատկանող բիզնես» ձևակերպման մեջ պետք է հստակեցվի՝ այդ բիզնեսում 88.13 տոկոսը հենց Բագրատ Բադալյանինն է:
Ի դեպ, Բագրատ Բադալյանի անունը հանրային լայն շրջանակներին նաև հայտնի դարձավ ԱՄՆ-ում 584 հազար 950 ԱՄՆ դոլարով անշարժ գույքի ձեռքբերումից հետո։
Բագրատ Բադալյանի պետական կարիերան սկսվել է 2018-ի հայտնի իրադարձություններից հետո. 2018-2019 թթ. եղել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար, 2019-2020 թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար, 2020-ի փետրվար-նոյեմբեր ամիսներին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, 2020-2021 թթ.՝ նույն փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, 2021-ի օգոստոս-նոյեմբեր ամիսներին՝ ՊԵԿ նախագահի խորհրդական, իսկ 2021-ի հոկտեմբերից մինչ օրս վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկն է։