«Բեգրաունդ» ՍՊԸ-ի վազանցը. 8 պայմանագրից 6-ը՝ «մեկ անձ» ընթացակարգով

Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ դրոշի այրումը, պարզվում է՝ այս միջոցառման միակ ինտրիգը չէ. պատերազմից ու համավարակից հետո դեռ չվերականգնված տնտեսություն ունեցող պետությունն այս միջոցառման կազմակերպման համար ՀՀ պետական բյուջեից ծախսել է 1 միլիարդ 160 մլն դրամ։

Իսկ միջոցառման կազմակերպումը պետությունը վստահել է «Բեգրաունդ փրոդաքշն»-ին: Այս ընկերությունը պատկանում է Վազգեն Պողոսյանին և նրա կնոջը՝ Մարինե Ստեփանյանին:

Ի դեպ, Վազգեն Պողոսյանին 168.am-ն անդրադարձել էր դեռևս նախորդ տարի, երբ ուսումնասիրել էինք «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի՝ պետգնումներում հարուստ կենսագրությունը, քանի որ այդ ՍՊԸ-ն 2017 թվականի հունիսի 29-ին հիմնադրել էին Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը (և միայն 2021թ․ նոյեմբեր ամսից էր ընկերության 100 տոկոս բաժնեմասն անցել Ռուդիկ Տեր-Գալստյանին):

Կարդացեք նաև

Վազգեն Պողոսյանի և Ռուդիկ Տեր-Գալստյանի ընկերության, կուրսընկերության, «Շարմ հոլդինգ»-ի հետ սերտ կապերի մասին ժամանակին բազմիցս է գրվել մամուլում: Վազգեն Պողոսյանն ու Ռուդիկ Տեր-Գալստյանը նաև գործընկերներ էին, երբ աշխատում էին Հանրային Հեռուստաընկերությունում: Վազգեն Պողոսյանը նաև Ռուդիկ Տեր-Գալստյանի քավորն է:

2021 թվականի դեկտեմբերի 2-ին Վազգեն Պողոսյանը նշանակվել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օգնական, իսկ Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ազատվել էր աշխատանքից:

Ապրիլի 15-23-ն անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ընթացքում Պողոսյան-Ստեփանյան զույգին պատկանող ՍՊԸ-ն ԿԳՄՍ նախարարության հետ կնքված պայմանագրով 1 միլիարդ 160 միլիոն դրամի շրջանակներում ստանձնել է տարածքի վարձակալության, մարքետինգային ռազմավարության իրականացման, բրենդավորման, Հյուսիսային պողոտայում ճեմուղու պատրաստման, հյուրանոցների ամրագրման, մասնակիցների տեղափոխման և այլ ծառայություններ:

Նկատենք, որ ծանրամարտի առաջնությունից մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետարանն էր այս ընկերության հետ պայմանագիր կնքել Երևանում Ջազի միջազգային օր կազմակերպելու համար:

Ծառայությունների մատուցման պայմանագրի գինը 89 միլիոն 280 հազար դրամ էր: Ուշագրավ է, որ գնումը կատարվել էր «մեկ անձ» ընթացակարգով:

ՄԱ ընթացակարգը, սակայն, այս ընկերության դեպքում նորություն չէ. ստեղծման ժամանակահատվածից՝ 2018 թվականից մինչ օրս պետգնումներում միլիոնավոր դրամների 8 պայմանագրերից 6-ը մեկ անձ ընթացակարգով է կնքվել: Իսկ այդ 6 պայմանագրերը կնքվել են վարչապետի աշխատակազմի, Երևանի քաղաքապետարանի և Հանրային Հեռուստաընկերության հետ:

Տեսանյութեր

Լրահոս