
«Ես չեմ պատկերացնում մի պետություն, որն այն աստիճան կորցնի իր ներքին դիմադրողականության ռեսուրսը, որ պարտվողականությունը դարձնի քաղաքական քարոզչության միակ գործիք». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես չեմ պատկերացնում պետություն, որի տարածքային ամբողջականությունը խախտված է և կիլոմետրերով բռնազավթված թշնամու կողմից, բայց այդ պետության ղեկավարությանն ու նրանց ընտրողներին այդ հարցը բացարձակապես չի հուզում, եթե հուզեր այն ամեն գնով պետք է վերականգնված լիներ:
Ես չեմ պատկերացնում մի պետություն, որն իր անվտանգությամբ ու գոյությամբ պարտավոր է Արցախին, բայց երախտամոռ կերպով այժմ ուրանում է նրան, թողնելով բախտի քմահաճույքին և բացի «ալիմենտ» վճարելուց մատը մատին չի տալիս:
Եթե չլիներ այդպիսին ինչպիսին կա, ապա 120.000 հայ պատանդառու քաղաքացիների ճանապարհը վաղուց բացված էր, որովհետև դրա համար արված կլիներ հնարավորն ու անհնարը:
Ես չեմ պատկերացնում մի պետություն, որն իր անվտանգային ողջ պարագիծը թողել է ՌԴ-ին, բայց ինչ որ անվտանգային բարեփոխումներ է անում ու մի հատ էլ անունը դնում «անվտանգային կանխատեսելի միջավայրի ձևավորում» ու ամենօրյա ռեժիմով բամբասում, դժգոհում ու մուննաթ գալիս նա վրա ով այդ միջավայրի ձևավորման գլխավոր դերակատարն է:
Ես չեմ պատկերացնում մի պետություն որի ղեկավարությունը
բացի բաժանարար գծերից, դասակարգային ատելությունից, միմյանց նկատմամբ մաղձից և հիշաչարության դոզաներ ներարկելուց որևէ այլ կոնսոլիդացիոն մեթոդ կիրառի հանրային կառավարման ոլորտում:
Ես չեմ պատկերացնում մի պետություն որն այն աստիճան կորցնի իր ներքին դիմադրողականության ռեսուրսը, որ պարտվողականությունը դարձնի քաղաքական քարոզչության միակ գործիք:
Ես չեմ պատկերացնում, որ այս ամենը շարադրելուց հետո այդ պետությանը անվանել պետություն իրավաչափ է և պատմաքաղաքական կտրվածքով ճիշտ»: