«Խնդիրը թուրքերի կողմից ՀՀ կառավարիչ նշանակված անձն է, ոչ թե ռուսը կամ ամերիկացին». Տիգրան Վարդանյան
Մինչ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, երեկ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի հանդիպման վերաբերյալ պաշտոնական տեսանյութում երկրի նախագահը խոսում է Հայաստանի աննախադեպ տնտեսական աճից, գովաբանում Փաշինյանին և ոչ մի խոսք չի ասում Լաչինի միջանցքի մասին:
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի համար ակնհայտ է, որ ոչ միայն Վահագն Խաչատուրյանը, այլև Փաշինյանի ամբողջ թիմը պետք է նրան շնորհակալություն հայտնեն իրենց ներկայիս կարգավիճակի համար:
«Այդ տնտեսական աճ կոչվածը միայն իրենց ընտանիքներում է գրանցվել: Շարքային քաղաքացիներն էլ հացին կակա են ասում: Տնտեսական աճը միայն իրենց գրպաններում է: Տեսե՞լ եք՝ ինչքան են բարձրացրել նախարարների աշխատավարձերը: Մի հատ թոշակ են բարձրացրել 3000 դրամով, ասում են՝ դա է, յոլա գնացեք, բա շնորհակալություն կհայտնեն, բա ի՞նչ կանեն: Առհասարակ, եթե Հայաստանում ունենային պետականամետ, հայրենասեր իշխանություն, իրենք բացառապես պետք է խոսեին Արցախի մասին, Լաչինի միջանցքի մասին, որովհետև ինչքան էլ ասում ենք՝ հումանիտար աղետ է, սա քաղաքական քայլ է Ադրբեջանի կողմից, որով իրենք մինչև Հայաստանի դեմ արշավելը փորձում են փակել Ղարաբաղի թեման: Այդ ամենում Նիկոլն իրենց օգնում է: Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Արցախից, եթե մարդիկ սպասում են, որ նա պաշտոնապես հրաժարվի, ինչ-որ մի թղթի տակ ստորագրի, ինքը դա էլ է անելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Տիգրան Վարդանյանի խոսքով՝ իշխանության գալու առաջին օրվանից Փաշինյանն ու իր թիմը հակառուսական տրամադրություններ են գեներացրել.
«Շուտով կլսենք նաև 102-րդ ռազմաբազայի մասին, որ պետք է դուրս գա, որովհետև ոչինչ չեն կարողանում անել: Այդ հակառուսական ալիքն ավելի մեծ թափ է հավաքելու: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն ամեն ինչ անում են դրա համար: Եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները ցանկություն ունենային բացել Լաչինի միջանցքը, դրա համար շատ պարզ ճանապարհ կա: Եթե ասում են, որ բանակն իրենք զինել են, այնքան զենք են բերել, որ վերջին 30 տարում չի բերվել, կարող էին ինչ-որ օպերացիա ձեռնարկել: Կամ թող իրենց թիմակիցներով՝ այդ ամբողջ ՔՊ-ով էկոլոգների շորեր հագնեին՝ գնային իրենք էլ այնտեղ պիկետ կամ ակցիա անեին: Այս իշխանությունները հրաժարվել են Արցախից: Բոլորը պետք է հասկանան, որ խնդիրը կառավարության շենքում նստածն է, թուրքերի կողմից ՀՀ կառավարիչ նշանակված անձն է, ոչ թե ռուսը կամ ամերիկացին: Մենք բոլորին մեղադրում ենք, բայց խնդիրը հենց կառավարության շենքում է:
Փաշինյանն ու իր թիմակիցները հենց ամենասկզբից սպասարկել են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, իրենք իրենց դավադիր պայմանավորվածությունների, թաքուն բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Արցախը ներքաշեցին դավադիր պատերազմի մեջ, սպանեցին հազարավոր տղերքի, խեղեցին հազարավոր ճակատագրեր ու թողել են, որ Բաքվի բերդերում հարյուրավոր տղերք էլ տանջվեն: Սրանք առավոտից երեկո պասերով խաղում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Ե՛վ ՀՀ իշխանությունը բռնազավթածների, և՛ Ադրբեջանի կուրատորները թուրքերն են»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում