«Նույն Էդմոն Մարուքյանը գնահատական տվե՞լ է, երբ Նիկոլ Փաշինյանն Էյվազլի-մեյվազլի էր անում». Էդուարդ Շարմազանով

Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական գնահատական կտա տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, նաև կապահովի Լաչինի միջանցքի անարգել շարժը. Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Դիզվառելիքի գործով հերթական դատական նիստի ավարտից հետո 168.am-ի հարցադրմանն ի պատասխան, անդրադառնալով այս հայտարարություններին՝ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը զարմանքով արձագանքեց.

«Իսկ ՀՀ իշխանությունը երբևէ քաղաքական գնահատական տվե՞լ է Լաչինի և Աղավնոյի հանձնմանը, Սև լճի, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ի հանձնմանը, ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի կողմից մաքսակետի տեղադրմանը: Նույն Էդմոն Մարուքյանը գնահատական տվե՞լ է,  երբ Նիկոլ Փաշինյանն Էյվազլի- մեյվազլի էր անում: Իսկ գնահատական տվե՞լ է, որ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունն առաջինը Նիկոլ Փաշինյանն է խախտել, երբ դեկտեմբերի կեսերին մեր ուժերը մի քանի տասնյակ կմ հետ բերեց դեպի Սյունիք: Շուշիի և Հադրութի օկուպացիային գնահատական տվե՞լ է»:

Էդուարդ Շարմազանովը շեշտեց՝ այսօր Հայաստանը ոչ թե Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, այլ ընդամենը դիտորդ, և, որ Արցախը փաթեթով հանձնում են Ադրբեջանին:

«Արցախը վտանգված է ոչ թե այսօր, այլ վտանգվել է 2018 թ. մայիսի 8-ից սկսած, երբ Նիկոլ Փաշինյանը դարձել է ոչ բարով վարչապետ, դրա հաջորդ օրն էլ Ստեփանակերտում մեծ-մեծ փրթում էր և միակողմանի ուլտիմատումներ էր դնում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին, ասում էր՝ մինչև Արցախը չմասնակցի բանակցություններին, ես չեմ մասնակցի, իսկ հիմա ինչո՞ւ է առանց Արցախի իշխանությունների գնում թաքուն այստեղ-այնտեղ հանդիպում»,- հավելեց նա:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս