«Այնքան են լկտիացել, որ արդեն ծեծում են տաքսիների վարորդներին». Կոտայքում տրանսպորտի գնի բարձրացումը՝ վեճերի պատճառ
ՀՀ Կոտայքի մարզում մայիսի 1-ից նոր ավտոբուսներ են սկսել աշխատել, իսկ մեկ օր անց, բնակիչների պնդմամբ՝ ուղեվարձը թանկացել է 50-100 տոկոսով: Խնդրի հետ կապված՝ Կոտայքի մարզպետարանում հերթական եռակողմ հանդիպում-քննարկումն է իրականացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի և «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը» ակցիայի ակտիվիստների մասնակցությամբ: Օրակարգում ընդգրկվել էին հետևյալ հարցերը. չվացուցակների և երթուղիների հստակեցում, սակագների վերանայում, տրանսպորտային միջոցների սակավությամբ պայմանավորված՝ հնարավոր խնդիրների առկայություն, արտոնյալ պայմաններով անձանց սպասարկման ուղղությամբ իրականացվող քայլեր:
Մարզի բնակիչներին քննարկումը մասամբ է գոհացրել: Նրանց փոխանցմամբ՝ այդպես էլ համաձայնության չեն եկել սակագնի նվազման հետ կապված հարցում:
«Երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած՝ ասում են, որ տրանսպորտի սակագինը չի նվազի: Ավելին, պնդում են, թե դեռ մի բան էլ էժան է: Սակայն այնքան են լկտիացել, որ արդեն նեղում, ծեծում են տաքսիների վարորդներին, որ իրենց «հաճախորդներին» չվերցնեն: Ավելին, քննարկման ժամանակ ՍՊԸ տնօրենն ասաց, թե՝ անօրինական երթևեկող տաքսիներին խիստ պատժում եմ: Ներկաներից մեկի հարցին՝ ֆիզիկապես է՞լ է պատժում, պատասխանը դրական էր: Տաքսիներով ավելի էժան կամ նույն գինն է գալիս, որովհետև կարող են 4 հոգով նստել, 300 դրամ վճարել և տեղ հասնել: Խոսակցություններ կան, որ Հրազդան-Երևան ուղեվարձը 500 դրամից դառնալու է 700 դրամ, այս դեպքում միանշանակ տաքսին ավելի ձեռնտու է: Ավելին, Լուսակերտից Երևան ուղեվարձն էլ 300 դրամից դարձել է 500 դրամ»,- 168.am-ի հետ զրույցում ասացին քննարկմանը ներկա մարզի բնակիչները՝ հավելելով, որ առաջիկայում քննարկում է լինելու նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ:
Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրեց, որ Հայաստանի երեք մարզում՝ Կոտայքում, Արմավիրում ու Արարատում, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել ու անցկացրել է միասնական երթուղային օպերատորի մրցույթ։ Կոտայքի մարզում մրցույթում հաղթող է ճանաչվել «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ն, որն արդեն իսկ ներկրել է 80 միկրոավտոբուս։ Առաջիկայում ընկերությունը կներկրի ևս 70 ավտոբուս և մայիսի վերջից արդեն 150 միկրոավտոբուսով կսպասարկի Կոտայքի մարզի համայնքները։
Ուղեվարձը, սակայն, մայիսի 2-ից թանկացել է: Բնակիչների փոխանցմամբ՝ օրինակ, Աբովյանի Զառ գյուղից մինչև Աբովյան ուղեվարձը 150 դրամ էր, հիմա դարձել է 300 դրամ: Աբովյանից Երևան 200 դրամի փոխարեն՝ հիմա վճարում են 300 դրամ:
2021 թվականի հոկտեմբերի 22-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Կոտայքի մարզում միասնական երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով մրցույթ է հայտարարել, որին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն, որն էլ և հաղթող է ճանաչվել։
«Հետք»–ի փոխանցմամբ՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է ընդամենը երկու ամիս առաջ՝ 2021թ․ սեպտեմբերի 16-ին։ Պետական գրանցումից մեկ ամիս անց ընկերությունը հայտ է ներկայացրել Կոտայքի մարզի հանրային տրանսպորտն ամբողջությամբ սպասարկելու համար։ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի 100 % բաժնեմասը պատկանում է Գագիկ Ծառուկյանի ավագ որդուն՝ Նվեր Ծառուկյանին, իսկ ընկերության տնօրենն Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Դալլաքյանն է։
«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ին Կոտայքի մարզի միասնական երթուղիների սպասարկման իրավունք է տրվել 10 տարի ժամկետով։
Սահմանվել են նաև մեկ ուղևորի համար նախատեսված փոխադրավարձերը, օրինակ, Չարենցավան-Երևան՝ 500 դրամ, Եղվարդ-Երևան, Նոր Հաճն-Երևան՝ 300 դրամ։