Ոստիկանական մահակը կկոտրեն քաղաքացիների վրա

Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելուց հետո էլ մուտքերը չավելացան կամ բավարար չափով չավելացան։ Տարբեր պատճառներով՝ մեծ քանակությամբ ուղևորահոսքեր շարունակում են դուրս մնալ համակարգից։

Փոխարենն ուսումնասիրեին, փորձեին հասկանալ խնդիրներն ու միջոցներ ձեռնարկեին դրանք լուծելու համար, տխրահռչակ ԱՆԻՖ-ի գործով պետությանը տասնյակ-միլիոնավոր դոլարների վնաս տված Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու քաղաքային իշխանությունը, կառավարությունն ու խորհրդարանի ՔՊ-ական դակիչները հերթական անգամ որոշել են ոստիկանական մահակը ճոճել քաղաքացիների գլխին։

Իրենց անկարողունակությունն ուզում են կոտրել քաղաքացիների վրա։ Ի՞նչ նեղություն, ուղեղներին զոռ տան ու լուծումներ գտնեն. Պատրաստվում են հսկիչների բանակ ստեղծել՝ քաղաքացիներին պատժելու ու տուգանելու համար։

Ժամանակին խոսում էին ժողովրդին «տուգանքի մատերիալ» չդարձնելու մասին, իսկ այսօր ամեն քայլափոխի ժողովրդի գլխին տուգանքներ են կախում։ Այն էլ՝ ինչպիսի տուգանքներ. Տոմսը չվավերացնելու դեպքում՝ 3000 դրամ՝ կապ չունի, թե ի՞նչն է չվավերացման պատճառը, վճարելուց խուսափելու դեպքում՝ 10.000 դրամ, ուրիշի քարտից օգտվելու դեպքում՝ 15.000 դրամ։

Կարդացեք նաև

Հիմա պատկերացրեք մի քանի հազար դրամ թոշակ կամ նվազագույն աշխատավարձ ստացող այն քաղաքացու վիճակը, որը հայտնվել է հսկիչների թիրախում, զուտ այն պատճառով, որ չի կարողացել կամ չի հասցրել ժամանակին վավերացնել տոմսը, որովհետև մի կերպ է կարողացել խցկվել տրանսպորտ ու առաջ գնալու հնարավորություն չի ունեցել։

Մեկ այլ խնդիր է, թե ինչպե՞ս են իրականացնելու հսկողությունը, ինչպե՞ս են որոշելու՝ ով վճարեց, ով՝ ոչ, ինչպե՞ս են ստուգելու վճարումը, ո՞ր դեպքում է մեղավոր ուղևորը, ո՞ր դեպքում՝ համակարգը։ Հարցերը բազմաթիվ են, իսկ պատասխանները չկան։ Իրենք էլ չգիտեն, բայց որոշել են, որ հսկիչների բանակ են գործուղելու տրանսպորտ՝ շատ հաճախ հիմնավոր պատճառներով վճարում կատարել չկարողացող քաղաքացիներին պատժելու համար։

Ու դրա համար հավանաբար տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր հսկիչներ պիտի պահեն, միլիոնավոր դրամների հասնող ծախսեր պիտի կատարեն։

Իսկ որտեղի՞ց են վճարելու այդ գումարները, բնականաբար, քաղաքային տրանսպորտի մուտքերից։ Մի կողմից հայտարարում են, որ եղած գումարները չեն բավարարում տրանսպորտի խնդիրները լուծելու համար, մյուս կողմից՝ լրացուցիչ ֆինանսական բեռ են դնում։ Վաղն էլ ասելու են՝ մուտքերը քիչ են, բավարար չեն ու ուղեվարձը էլի պիտի բարձրացնեն։

Այսպիսի պրիմիտիվ մտածողությամբ ու անորակ կառավարմամբ, պարզ է, որ ինչքան էլ բարձրացնեն, էլի բավարար չի լինելու։ Համակարգի խնդիրները լուծելու փոխարեն, ֆինանսական նոր բեռ են դնում՝ հսկիչների բանակ պահելու համար։ Զարմանալի չի լինի, եթե վաղը պարզվի, որ հսկիչների բանակ կարգելուց հետո էլ տրանսպորտի մուտքերը չեն ավելացել կամ այնքան չեն ավելացել, որպեսզի փակեն նույնիսկ հսկիչների պահպանման ծախսերը։ Չեն ուզում հասկանալ, որ ուղևորահոսքերի հաշվառման ու ուղեվարձի չվճարման խնդիրներն այլ տեղում են թաքնված։ Ու քանի դեռ չեն լուծվել այդ խնդիրները, ամեն ուղևորի կողքին մեկ հսկիչ կանգնեցնելու դեպքում էլ վիճակը չի փոխվելու։

Այս ամենի մասին ժամանակին էր պետք մտածել, երբ բարեփոխումների անվան տակ կտրուկ բարձրացնում էին ուղեվարձը։ Չնայած բազմիցս հնչեցված զգուշացումներին, որ սա լավ տեղ չի տանելու, ոչինչ հաշվի չառան, ոչ մեկի ասածը բանի տեղ չդրեցին՝ իրենց համարելով անսխալական։ Հույսը դրել էին նրա վրա, որ ուղեվարձը բարձրացնելու միջոցով միլիարդավոր դրամների հավելյալ մուտքեր են ստանալու։ Այնինչ՝ ստացվեց այնպես, որ 100 դրամի ժամանակ նույնիսկ ավելի շատ գումարներ էին մուտք լինում, քան թանկացումից հետո։

Դրա հետևանքով համակարգը կանգնեցրել են ֆինանսական մեծ ճեղքի առաջ։ Մուտքերն այնքան չեն, որպեսզի փակեն նախատեսած բոլոր ծախսերը։ Դա էլ քիչ է, հիմա էլ նոր ծախսեր են ավելացնում՝ այս անգամ հսկիչներ պահելու համար։

Ֆինանսական ճեղքը, որը գոյացել է, առաջացել է այն պատճառով, որ մեծ քանակությամբ ուղևորահոսքեր շարունակում են դուրս մնալ վճարման համակարգից։ Ժամանակին, երբ շատերը բոյկոտում էին տրանսպորտի թանկացումն ու չէին վճարում դրա համար, ասում էին՝ բոյկոտը ձախողվել է։ Այսօր ասում են՝ բոյկոտն է պատճառը, որ գումարները չեն հավաքվում։

Բայց դա պատճառներից ընդամենը մեկն է։ Պատճառները բազմաթիվ են ու դրանց հետևանքով, տարբեր գնահատումներով, ուղևորների 30-35 տոկոսը չի վճարում տրանսպորտից օգտվելու համար։ Մի մասը շարունակում է բոյկոտել ու ցուցադրաբար չվճարել, մի մասը չի վճարում տեխնիկական խնդիրների պատճառով, մի մասը՝ դժվարություններ ունի համակարգից օգտվելու հետ կապված, մյուսները՝ փող չունեն վճարելու համար։

Պատճառներ էլի կարելի է թվարկել, բայց հիմնականում սրանք են, որոնց արդյունքում մեծ քանակությամբ ուղևորահոսքեր կորում են հաշվառումից, որովհետև մի դեպքում՝ համակարգը չի աշխատում, մյուս դեպքում՝ վճարումը չի ընդունում, երրորդ դեպքում՝ մարդիկ պատրաստ են վճարել, բայց չեն կարողանում համակարգից օգտվել։

Այս բոլոր խնդիրները ծագել են նրանից, որ, ինչպես միշտ, մի մոդել են տեղայնացրել, որին ո՛չ իրենք են պատրաստ, ո՛չ էլ քաղաքացիները։ Գոյություն ունեն շատ ավելի պարզ, հասարակ վճարման համակարգեր, որոնք, առանց դժվարության ու խնդիրների, կարող էին կիրառվել ու այսքան անհարմարություններ չստեղծել քաղաքացիների համար։ Բայց քանի որ չեն ուզում իրենց սխալները շտկել, ստանձնել այս ձախողված համակարգը տրանսպորտային ցանցում ներդնելու համար միլիոնավոր դրամներ վատնելու պատասխանատվությունը, որոշել են հսկիչների միջոցով վախեցնել քաղաքացիներին, ոստիկանական մահակ կախել նրանց գխին, որպեսզի պարտադրեն վճարել։ Չվճարելու պարագայում՝ սպառնում են տուգանել մի բանի համար, որը շատ դեպքերում անհնարին է անել՝ զուտ տեխնիկական խնդիրների պատճառով։ Ուղևորի մեղքը չէ, որ շարժվելու տեղ չլինելու պատճառով չի կարողանում մոտենալ վալիդատորին, վալիդատորը չի կարդում QR կոդը կամ քաղաքացու բանկային քարտը ու քաղաքացին չի կարողանում վճարում կատարել։

Այսպիսի պայմաններում հսկիչները պատուհաս են դառնալու քաղաքացիների ու ընդհանրապես ուղևորների համար։ Ամեն քայլափոխի կարող են կանգնեցնել տրանսպորտը, ստուգումներ անել, քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկել, նույնիսկ ձերբակալել ու տանել ոստիկանության բաժիներ։ Հերթական պատժիչ ջոկատներն են ստեղծում՝ քաղաքացիներին ահաբեկելու ու պատժելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս