
«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

«Եվրատեսիլ-2022» երգի հեղինակավոր մրցույթում հաղթեց Ուկրաինան, որը ներկայացրեց Kalush Orchestra-ն` «Stefania» երգով:
Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն է, երրորդ տեղում՝ Իսպանիան:
Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 14-ին Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում: Այն հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Մրցույթը մեկնաբանեցին Գարիկ Պապոյանն ու Հրաչուհի Ութմազյանը:
Հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը «Snap» երգով վաստակեց 61 միավոր և զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը:
Մրցույթի ընթացքում հայաստանյան միավորները հայտարարեց Գարիկ Պապոյանը: Հայաստանը 12 միավորը շնորհեց Իսպանիային:
Եզրափակիչում Հայաստանից զատ հանդես եկան Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Նիդերլանդները, Բելգիան, Չեխիան, Ադրբեջանը, Լեհաստանը, Ֆինլանդիան, Էստոնիան, Ավստրալիան, Շվեդիան, Ռումինիան, Սերբիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը:
Առաջին կիսաեզրափակիչը հաղթահարելուց հետո Ռոզա Լինը նշել էր՝ անչափ ուրախ է, որ կարողացել է պատվով ներկայացնել Հայաստանն ու անցնել եզրափակիչ: «Բազմիցս նշել եմ, որ թեև «Snap»-ն իմ անձնական պատմությունն է, սակայն այդ հուզական իրավիճակը կարող է հոգեհարազատ լինել բոլորին: Փաստորեն եվրոպացի հանդիսատեսը հավատաց ինձ և իմ պատմությանը. շնորհակալ եմ բոլորին, որ քվեարկել են իմ օգտին: Անելու եմ առավելագույնը, որ եզրափակիչում ևս տպավորիչ ելույթ ունենամ»,- շեշտել էր նա: