Նա հաղթել է իր խանդին, որ ես լինեմ բեմում. Անահիտ Հակոբյան

Երիտասարդ երգչուհի Անահիտ Հակոբյանի անունը վերջին տարիներին հաճախ է հնչել միջազգային բեմերից՝ մինչև հայկական երաժշտական հարթակներ։ Տարբեր մրցույթներում ունեցած հաջողությունները, միջազգային նախագծերը, բեմական ակտիվ կյանքն ու սեփական երաժշտական ուղին ձևավորել են նրա ստեղծագործական ճանապարհը։

Սակայն այդ ճանապարհին ոչ միշտ են եղել հաղթանակներ ու ծափահարություններ։ 168TV«Ռանդևու» հաղորդման ընթացքում Անահիտ Հակոբյանը խոսել է նաև իր կյանքի ամենածանր շրջանների՝ ստեղծագործական դադարի, հոգեբանական ու ֆիզիկական հյուծվածության, հոր կորստի, իրեն արժեզրկելու փորձերի, փակ դռների և անձնական կյանքի մասին։

«Ես միշտ տարբերվել եմ»

Անահիտը ծնվել է Թալինում և մինչև այսօր առանձնահատուկ կապվածություն ունի իր ծննդավայրի ու արմատների հետ։ Երաժշտությամբ սկսել է զբաղվել 6-7 տարեկանից, իսկ արդեն 7-8 տարեկանում զբաղվել է պրոֆեսիոնալ վոկալով։

Ասում է՝ այդ տարիքում իր առօրյան արդեն տարբերվում էր մյուս երեխաների առօրյայից. երաժշտական դպրոց, համերգներ, ելույթներ և մրցույթներ։

Երգչուհին ընդգծում է, որ այդ ճանապարհին իրեն ուղղորդող գլխավոր մարդը մայրն է եղել։

«Մեծ արտիստ դառնալու համար քեզ առաջնորդող է պետք, և այդ առաջնորդը իմ կյանքում իմ մայրն է եղել»,- ասում է նա։

«Գումարը գլխա՞նց եք տվել, որ այդպես վստահ եք»

Անահիտ Հակոբյանը համաձայն չէ շրջանառվող տեսակետների հետ, թե առանց մեծ ֆինանսական ներդրումների կամ ազդեցիկ մարդկանց աջակցության՝ երիտասարդ արտիստը Հայաստանում հաջողության հասնելու հնարավորություն չունի։

Նա հիշում է իր առաջին տարիների մրցութային ճանապարհը, երբ ընտանիքը ֆինանսական մեծ հնարավորություններ չուներ, սակայն հավատում էր իր տաղանդին ու աշխատասիրությանը։

Երգչուհու խոսքով՝ անգամ իր մասնակցությամբ մրցույթներից մեկի ժամանակ իրենց ծանոթներից մեկը զարմացել էր, թե ինչպես կարող են այդքան վստահ լինել հաղթանակի հարցում, ու հարցրել է. «Գումարը գլխա՞նց եք տվել, որ այդպես վստահ եք»:։

Ի վերջո, Անահիտը դարձել է մրցույթի ոսկե մեդալակիր և ստացել Գրան պրի։ Հետագայում հաջորդել են այլ մրցույթներ ու միջազգային հաջողություններ։

«Ես չեմ հեռացել իմ ժողովրդական ակունքներից»

Անահիտ Հակոբյանը սկսել է ժողովրդական երգեցողությունից, սակայն հետագայում առավել լայն լսարանի առաջ ներկայացել է էստրադային ժանրում։

Նա վստահեցնում է՝ ժողովրդական երաժշտությունը երբեք չի լքել, պարզապես միջազգային մրցույթների և տարբեր նախագծերի շրջանակում դրա հնարավորությունները սահմանափակ են։

Երգչուհին այժմ պատրաստվում է ներկայացնել իր առաջին ալբոմը՝ էթնո-փոփ ժանրում՝ ժամանակակից երաժշտության և հայկական ժողովրդական տարրերի համադրությամբ։

«Մեր արմատը պիտի պինդ բռնենք, պահենք և չհեռանանք»,- ընդգծում է նա։

«Նոր ալիքից հետո սկսվեց դատարկության փուլը»

Միջազգային մրցույթներում ունեցած հաջողություններից հետո Անահիտի կյանքը կտրուկ փոխվել է. հարցազրույցներ, համերգներ, մրցանակաբաշխություններ, ելույթներ տարբեր երկրներում։

Սակայն հաղթանակից հետո, ինչպես ինքն է պատմում, իր ներսում առաջացել է դատարկության զգացում։

«Տարիներ շարունակ ապրել ես այդ երազանքով, հետո այդ ամենը լինում է, սկսվեց դատարկության փուլը»,- ասում է նա։

Անահիտի համար այդ փուլը դարձավ ոչ միայն հոգեբանական, այլև ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանք։

Նա պատմում է, որ երկար ժամանակ շաբաթական վեց օր ելույթ է ունեցել՝ երբեմն օրը ժամերով՝ կենդանի կատարումներով։ Այդ ծանր գրաֆիկը, ըստ նրա, աստիճանաբար սպառել է իրեն։

«Ես սպառվել էի, ուժ չունեի այլևս»

Երգչուհին խոստովանում է՝ եղել է շրջան, երբ այլևս ոչինչ չէր ուզում անել։

«Հասկացա, որ սպառվել եմ, ուժ չունեմ այլևս, չեմ ուրախանում, ոչ մի էմոցիա չեմ ապրում»,- ասում է Անահիտը։

Ստեղծագործական այդ դադարը նրա մոտ տևել է գրեթե մեկ տարի։

Սակայն Անահիտի համար այդ դադարն անհրաժեշտ էր՝ վերականգնվելու և նոր ուժերով վերադառնալու համար։

«Երբեմն պիտի լռես, դադար վերցնես, լիցքավորվես, փյունիկի պես մոխրից վեր հառնես և շարունակես քո ճանապարհը»,- ասում է նա։

Հոր մահը և բեմ բարձրանալու ամենածանր պահը

Հարցազրույցի ժամանակ Անահիտը խոսեց նաև հոր կորստի մասին. Նա հոր մահվան մասին իմացել է սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարից: Ընտանիքը մտածում էր՝ ինչպես հայտնել այդ ողբերգական լուրն իրեն, սակայն բարեկամներից մեկն ավելի շուտ հրապարակել էր լուսանկարը։

Անահիտը խոստովանում է՝ հոր կորուստը խոր հետք է թողել իր կյանքում։

Հատկապես ծանր է եղել այն հանգամանքը, որ հոր մահից ընդամենը օրեր անց ինքը ստիպված է եղել կրկին բեմ բարձրանալ։

Երգչուհու խոսքով՝ եթե մայրը և տատիկն իր կողքին չլինեին, հնարավոր է՝ վիշտը նրան ամբողջությամբ կկլաներ։

«Դու էդ էմոցիաները կուտակում ես քո ներսում, բայց պիտի էդ էմոցիաները դուրս գան։ Եթե դուրս չի գալիս, պայթյունավտանգ է»,- ասում է նա։

Անահիտն ամենաշատն ափսոսում է, որ ավելի շատ ժամանակ չի անցկացրել հոր հետ և նրան չասված շատ խոսքեր ունի։

«Կասեի՝ շնորհակալ եմ քեզ, որ հենց քո աղջիկն եմ»,- ասում է Անահիտը։

«Կային մարդիկ, որոնք փորձում էին արժեզրկել իմ արած աշխատանքը»

Ստեղծագործական ու հոգեբանական ծանր շրջանին ավելացել է նաև շրջապատի որոշ մարդկանց վերաբերմունքը։

Անահիտը պատմում է, որ միջազգային մրցույթից վերադառնալուց հետո եղել են մարդիկ, որոնք փորձել են արժեզրկել իր կատարած աշխատանքը՝ հարցականի տակ դնելով իր հաջողությունը։

Սակայն երգչուհին ասում է՝ չի ցանկանում մնալ այդ մարդկանց վերաբերմունքի ազդեցության տակ։

«Ես իրենց էլ եմ ներում։ Ամեն բան առջևում է»,- նշում է նա՝ ընդգծելով, որ դեռ շատ անելիքներ ունի։

«Ես չեմ ուզում լինել մի հիթի երգչուհի»

Հարցազրույցի ընթացքում Անահիտ Հակոբյանն անդրադարձավ նաև միլիոնավոր դիտումներ ունեցող երգերին և հանրային հաջողության չափանիշներին։

Նրա համար միլիոնավոր դիտումներն ինքնանպատակ չեն։ Երգչուհին կարծում է, որ այսօր կարող են մեծ դիտումներ հավաքել նաև այնպիսի ստեղծագործություններ, որոնք, իր գնահատմամբ, իրական արժեք չեն ներկայացնում։

«Ես չեմ ուզում լինել մի հիթի երգչուհի։ Ես ուզում եմ լինել այն արտիստը, ով իր հետևից ինչ-որ բան կթողնի»,- նշում է նա։

Անահիտի խոսքով՝ իր համար կարևոր է ոչ միայն տվյալ պահին հայտնի լինելը, այլև այն, որ տարիներ անց իր անունը փնտրելիս ապագա սերունդը կարողանա հպարտանալ իր թողած երաժշտությամբ։

«Ես մրցակցում եմ ինքս ինձ հետ»

Երգչուհին խոսեց նաև հայաստանյան երաժշտական դաշտի մրցակցության մասին։ Ասում է՝ չի ցանկանում իրեն համեմատել այլ արտիստների հետ՝ հաշվելով, թե ով քանի միլիոն դիտում ունի։

«Յուրաքանչյուրս ունենք մեր գույնը, մեր տեսակը, ասելիքը, ձևը… Մրցակցում եմ ինքս ինձ հետ ամեն օր, որ լինեմ ավելի լավը, քան երեկ»,- ասում է երգչուհին։

«Եթե չեն գնահատում, դու արա այնպես, որ գնահատեն»

29-ամյա Անահիտի համոզմամբ՝ արտիստը չպետք է նստի ու սպասի, որ իրեն գնահատեն։ Նա պետք է աշխատի, ստեղծի, թողարկի երգեր ու տեսահոլովակներ և իր աշխատանքով ստիպի հանդիսատեսին ուշադրություն դարձնել իրեն։

«Դու պետք է քո աշխատասիրությամբ ու քո աշխատանքով լռեցնես բոլորին»,- ընդգծում է նա՝ միևնույն ժամանակ նկատելով, որ բոլոր մրցույթներից ու մրցանակներից առավել կարևորը հանդիսատեսի սերն է։

«Միշտ չէ, որ դու պիտի հաղթես»

Խոսելով «Խազեր» մրցանակաբաշխության մասին, Անահիտը հիշեց, որ առաջին «Խազերի» ժամանակ ինքն առաջադրված էր «Տարվա  հայտնություն» անվանակարգում, սակայն մրցանակը չի ստացել։ Այնուամենայնիվ, երգչուհին ասում է՝ դա պատճառ չէ նեղանալու կամ գործընկերոջ հաջողությանը նախանձելու համար։

«Միշտ չէ, որ դու պիտի հաղթես»,- նշում է նա՝ ընդգծելով, որ արտիստները պետք է կարողանան ուրախանալ նաև միմյանց հաջողություններով։

Անձնական կյանքը՝ «պինդ պահելու» տարածք
Երգչուհին առանձնահատուկ կարևորություն է տալիս իր և Նժդեհի հարաբերություններին՝ նշելով, որ նա իր կյանքում շատ կարևոր մարդ է։

Անահիտի խոսքով՝ իր կողակիցը կարողացել է հաղթահարել խանդը և աջակցել իրեն՝ որպես բեմում հանդես եկող հանրային մարդու։

«Նա այն մարդն է եղել, որ հաղթել է իր խանդին, որ ես լինեմ երջանիկ, որ ես բեմում լինեմ, որ ես երգեմ»,- ասում է նա։

Երգչուհին միաժամանակ ընդգծում է, որ հարաբերություններում կարևոր է սահմանների պահպանումը։

«Իմ կյանքում ես հստակ սահմանել եմ կարմիր գծեր»,- ասում է նա՝ հավելելով, որ որոշ սահմաններ անցնելուց հետո նախկին հարաբերությունը վերականգնել այլևս հնարավոր չէ։

«Փակ դռները պետք է կոտրելով անցնես»

«Ռանդևուի» բլիցի ընթացքում Անահիտը խոստովանեց, որ ամենից շատ վախենում է հարազատներին կորցնելուց, իսկ իր ամենամեծ ափսոսանքներից մեկը հոր հետ ավելի շատ ժամանակ չանցկացնելն է։

Նա նաև խոսել է իր ճանապարհին հանդիպած փակ դռների մասին.

«Շատ դռներ են փակվել։ Բայց էդ դռները պետք է կոտրելով անցնես առաջ»:։

Միաժամանակ նա շեշտում է՝ մարդը նախ պետք է խնդիրը փնտրի իր մեջ և հետո միայն մեղադրի դիմացինին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31