Իվետա Մուկուչյանից նեղացել էի… Հիմա դրան միայն հպարտությամբ եմ նայում. Ռաֆֆ Հարությունյան
Երգիչ և դերասան Ռաֆֆ Հարությունյանը 168TV-ի «Ռանդևու» հաղորդման ընթացքում անդրադարձավ իր կյանքի ամենացավոտ էջերին՝ պատմելով մանկության, ընտանիքի, աշխատանքի, ստեղծագործական ճանապարհի և անձնական պայքարի մասին։

Ասում է՝ 12-13 տարեկանից սկսել է աշխատել և առաջին վաստակած գումարով հոգացել է ոչ թե իր, այլ ընտանիքի կարիքները։
«Աշխատանքս ավարտում էի ուշ գիշերին, տուն էի զանգում ու հարցնում՝ ի՞նչ բերեմ։ Երբ մաման ասում էր՝ հաց կամ պանիր, ինձ թվում էր՝ աշխարհն իմն է։ Ես ինձ տան տղամարդն էի զգում»,- պատմել է երգիչը։
Ռաֆֆ Հարությունյանը խոստովանում է՝ աշխատելու պատճառով չի հասցրել լիարժեք վայելել ոչ մանկությունը, ոչ էլ ուսանողական տարիները։ Սակայն վստահ է՝ այդ ճանապարհն է իրեն կոփել։
Խոսելով երաժշտական շուկայի մասին՝ նա մտահոգություն հայտնեց արհեստական բանականության արագ տեմպերից՝ նշելով, որ օրական հազարավոր երգեր արդեն ստեղծվում են AI-ի միջոցով։
«Այսօր շուկան հեղեղված է ռոբոտի երգերով։ Կարծում եմ՝ ժամանակ կգա, երբ կենդանի ձայնը կրկին ամենաթանկ արժեքը կլինի»,- ասում է նա։
Ռաֆֆն անդրադարձավ նաև իր հայտնի «Քարտեզ» երգի պատմությանը, որի շուրջ ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացել։

Նա շեշտեց, որ Իվետա Մուկուչյանից իր դժգոհությունը կապված էր ոչ թե երգի կատարման, այլ համահեղինակ լինելու փաստը չնշելու հետ։
«Ինձ նեղացրել էր միայն այն, որ համահեղինակ էի, բայց իմ անունը չէր հնչել։ Հետո հասկացա՝ Իվետա Մուկուչյանի նման արտիստի կողմից իմ երգը կատարելը մեծ գնահատական էր»,- նշել է երգիչը։
Անձնական կյանքի մասին խոսելիս Ռաֆֆ Հարությունյանը խոստովանել է, որ այժմ իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է կարիերայի վրա։
«Այս պահին սիրտս տվել եմ իմ կարիերային։ Նախ ուզում եմ լուծել իմ կենցաղային հարցերը, հետո մտածեմ ընտանիքի մասին»,- ասում է նա։

Հարցազրույցի ամենահուզիչ հատվածում երգիչը խոստովանել է, որ վերջերս կրկին արտասվել է։
«Բեռը շատ է։ Ուզում եմ ամեն ինչ միանգամից հասցնել, բայց երբեմն թվում է՝ դեռ այնտեղ չեմ, որտեղ պետք է լինեի»,- անկեղծացել է Ռաֆֆ Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում

