Բաժիններ՝

Իրական Հայաստանը պետք է հաղթի վիրտուալ, ֆեյք Հայաստանին. Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը. Մարինե Զաքարյան

Կինոռեժիսոր, սցենարիստ Մարինե Զաքարյանի հետ զրուցելու բազմաթիվ առիթներ ենք ունեցել, իսկ թեմաները միշտ եղել են արվեստի շուրջ, երբեմն մտքեր ենք փոխանակել ուտեստների և ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ: Օրեր առաջ հանդիպեցինք «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցելու համար:

Ես չեմ զգում պետության՝ որպես համակարգի աշխատանքը

Պատերազմական ակտիվ գործողություններն ավարտվել են, իհարկե, բայց պատերազմից մնացած շփոթվածությունն ու անորոշությունը դեռևս հետևում են մեզ: Կարծում եմ, հիմա մեր խնդիրը սա հաղթահարելն է, չնայած որ այս գործում ամեն ինչ չէ, որ մեզանից՝ անհատներից է կախված: Ես չեմ զգում պետության՝ որպես համակարգի աշխատանքը, կարծես այս անորոշության պահպանումը նույնիսկ խրախուսելի է: Ամեն օրն իր հետ բերում է թշնամի երկրի կողմից հրահրված որևէ սադրանք, գործողություն, որոնց հավաստիությունը, իսկությունը ճշտելը, անհանգստանալը, խուճապի մատնվելն էլի մնում է սովորական քաղաքացու, անհատի անձնական հատկանիշների վրա: Մենք՝ որպես ազգ, համայնք, սոցիում, կկարողանանք հաղթահարված համարել պատերազմի հետևանքները, երբ զգանք, որ մեզ հետ, մեր կողքին ունենք Պետություն, որի առաջնահերթություններից, թերևս, ամենակարևորը սեփական ժողովրդի անվտանգության ապահովումն է:

Երբ ներսումդ խառնաշփոթ է՝ բարդ խնդիր է ստեղծագործելը

Կարդացեք նաև

Կան ստեղծագործողներ, որոնց համար կատակլիզմները խթան են դառնում: Մեծ աղետներն իրենց հետևից բերում են ապրածդ վերարժևորելու, նոր հայացքով իրականությանը նայելու ցանկություն ու պահանջ: Ցավոք, ես այդ ստեղծագործողներից չեմ: Ինձ համար բարդ խնդիր է ստեղծագործելը, երբ խառնաշփոթ է ներսումդ: Երևի պետք է կարողանանք թոթափել մեր ապրած աղետի ազդեցությունը, վերացարկվենք սեփական ապրումներից, որպեսզի հնարավոր լինի նոր դիտանկյունից նայել իրավիճակին: Երիտասարդներն իրենց թարմ շնչով, կարծում եմ, շատ կարևոր բաներ կարող են ասել մեզ հիմա: Կարևորը՝ ազնիվ լինեն, աշխատասեր, կարողանան ստեղծագործելիս նեղ, անձնական, կենցաղային շերտն իրենց մեջ հաղթահարել:

Այն, ինչ տեսանք այս «պատերազմի» ընթացքում, ոչ մի աղերս չուներ մեր պատկերացրած պատերազմի հետ

Ինձ համար երկու պատերազմների միջև ընդհանուր էր միայն հայ զինվորի նվիրումը հայրենիքին: Մնացածը տարբերություններ են, այս կամ այն չափի: Ամենաանտանելին տեղեկատվությունն էր՝ չվերահսկվող, անկառավարելի ու վնասարար, չնայած սա միայն պատերազմական գործողությունների ընթացքին չի վերաբերում: Հաստատելով ազատ խոսքի անձեռնմխելիությունը, այնուամենայնիվ, տեսնում եմ, թե ինչպես է այն դառնում գործիք, ինչպես է մանիպուլյացվում «ազատ խոսքը», և ինչպես պատերազմի ընթացքում և ավարտից հետո հետևողականորեն տարվող տեղեկատվական արշավն ուղղակի քայքայում է մեզ՝ որպես հասարակություն: Առաջին պատերազմը՝ պատերազմ էր՝ մեր իմացած կանոններով, մեր՝ այսինքն՝ սովորական քաղաքացու, ով գիտի, որ, օրինակ, բոլորը պետք է մասնակցեն հայրենիքի պաշտպանությանը, որ նահանջից հետո պետք է լինի հակահարձակում, որ պետք է մշակվեն հատուկ գործողություններ, որ պետք է լինեն այդ գործողությունների համար կոնկրետ պատասխանատուներ, և այլն, և այլն: Այն, ինչ տեսանք այս «պատերազմի» ընթացքում, ոչ մի աղերս չուներ մեր պատկերացրած պատերազմի հետ: Առաջին պատերազմն ուներ հաղթողներ, ու նրանք ստացան իրենց արժանի պատիվն ու ճանաչումը: Հիմա Հայաստանի Հանրապետությունը կրել է սարսափելի պարտություն, և ոչ ոք, ոչ մի անձ, ոչ մի կառույց պատասխանատվություն չի կրում դրա համար:

Իրական Հայաստանը պետք է հաղթի վիրտուալ, ֆեյք Հայաստանին

Այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ իրական ու վիրտուալ Հայաստանները համարյա հատման եզր չունեն: Սա վտանգավոր ու ոչ մի լավ տեղ չտանող վիճակ է: Հիմա Հայաստանին պետք են փոփոխություններ: Իրական, շոշափելի ու տեսանելի, համակարգային փոփոխություններ: Իրական Հայաստանը պետք է հաղթի վիրտուալ, ֆեյք Հայաստանին, եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, ուզում ենք, որ մեր երեխաները մնան ու ապրեն իրենց հայրենիքում:

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս