«Մեր ազգի լավագույն զավակներն այսօր թուրքերի ձեռքում են․ ուզում ենք, որ օր առաջ հետ գան»․ Արսեն Գրիգորյան
Երգիչ Արսեն Գրիգորյանը այսօրվա երթին մասնակցում է նրա համար, որպեսզի գերիներին վերադարձնեն, անհետ կործաների խնդրով զբաղվեն։
«Այստեղ որևէ քաղաքական բան չկա․ անիշխանություն է, թե իշխանություն կա, գործունակ է, թե անգործունակ, դա ուրիշ որակավորումներ են։ Մեր նպատակը մեկն է՝ տիրություն անենք մեր գերի ընկած զինվորներին, զոհված զինվորների մարմինները ետ բերենք, անհետ կորած զինվորներ ունենք, պետք է զբաղվենք։ Բոլորիս կոչն է, որ և՛ կառավարություն, և՛ տարբեր միջազգային ատյաններ զբաղվեն այս գործով»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Արսեն Գրիգորյանն ասաց, որ եթե այսօր գերիների, անհետ կորածների ծնողները փորձում են միջամտել, իրենք էլ նման երթեր են կազմակերպում, նշանակում է, որ իշխանության կողմից գործ չի արվել կամ լիարժեք չի արվել․
«Լիարժեք կլիներ, եթե բոլոր գերիներին մինչև տարածքներ հանձնելը հետ բերած լինեինք։ Այն տարածքները, որոնք ընդհանրապես թուրքը ոտք չէր դրել, միգուցե մենք պահեինք, օրինակ՝ Քարվաճառը, գերիների փոխանակումը լիներ, նոր այդ գործով զբաղվեինք։ Մենք որևէ քաղաքական բան չունենք, սա մարդկային է, մեր ազգի լավագույն զավակներն այսօր թուրքերի ձեռքում են և ինչերի՞ են ենթարկվում․․․ Ուզում ենք, որ օր առաջ հետ գան, տիրություն անենք իրենց, ինչպես իրենք տիրություն արեցին մեզ բոլորիս»։
Երգիչը ընդգծեց․ «Իմ որդին Արցախում է, ՀՕՊ զորքերի մեջ է և սպասում ենք՝ տեսնենք ինչ է լինելու։ Ասել են, որ պետք է արձակուրդ գա, բայց մենք չգիտենք։ Ընդհանրապես, մեր տղաները բավականին քաջաբար կռվել են և իրենք կարիք ունեն արձակուրդի, բերենք տուն մեր բոլոր երեխեքին, որպեսզի կարողանանք մեր մեջքը ուղղել, մեր բանակն իր մեջքը ուղղի և հասկանանք՝ դրանից հետո ինչ ենք անելու»։
Նա հասարակությունը բաժանում է երկու մասի՝ ֆեյսբուքյան և իրական․ «Իրականության մեջ ես այսօր կուզենայի տեսնել այն հայ հասարակությունը, որը պատերազմի սկզբում մենք ունեինք՝ ամբողջ աշխարհի հայությունը միասնական էր, ամեն մեկը ինչ-որ բան էր անում, մեկը թիկունքում էր անում, մեկը գնում էր առաջնագիծ, և այդ միասնականությունը ես կուզենայի՝ հենց հիմա վերականգնեինք և դա մեր ձեռքում է։ Պետք է ուղղակի մենք հասկանանք, որ միասնականության շնորհիվ մենք կկարողանանք, օրինակ, գերիների հարցը լուծել։ Եթե ամբողջ աշխարհի հայությունը նամակներ գրի այն ատյաններին, որոնք կարող են զբաղվել այս գործով, մենք արդյունք կունենանք։ Մեզ ոչինչ չի խանգարում, որ մենք մենք մտածենք, որ յուրաքանչյուր զինվոր, որն այսօր Արցախում է, գերության մեջ է, թե որտեղ, յուրաքանչյուրիս երեխան է»։