Բաժիններ՝

«Երկի՛ր պահեք, կարելի՞ է ժողովրդին ապակողմնորոշել ու խաբել». Տնտեսագետները՝ ԱՎԾ հրապարակած ցուցանիշների մասին

Ազգային վիճակագրական ծառայությունը սեպտեմբերի 7-ին հրապարակեց 2020 թվականի հունվար-հուլիսին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը ներկայացնող զեկույցը: ԱՎԾ ներկայացրած ցուցանիշները, ինչպես և սպասելի էր, արտացոլում էին համավարակի բացասական հետևանքները: Այդուհանդերձ, այս համատարած բացասականի ֆոնին՝ ակնառու դարձավ բյուջեի ծախսային բաժնում արձանագրված աշխատավարձերի աճը:

168.amը տնտեսության ընդհանուր միտումների և ԱՎԾ հրապարակած վերջին տվյալների վերաբերյալ դիտարկումներ լսեց տնտեսագետներ Վարդան Բոստանջյանից և Թադևոս Ավետիսյանից:

Վարդան Բոստանջյանը մեզ հետ զրույցի սկզբում հարկ համարեց նկատել, որ երբևիցե չի վստահել ԱՎԾ հրապարակած ցուցանիշներին. «Վիճակագրական ծառայության տվյալներին երբեք չեմ վստահել, առավել ևս, որ բարձր մակարդակներով բազմիցս արդեն բարձրաձայնվում են փուչ ու սուտ ցուցանիշներ, որոնք կարծես դառնում են մեր կյանքի նորմա: Չհասկացողների՝«պողոսների» համար սա արդեն դարձել է ծառայություններ. նրանք չհասկանալով հանդերձ՝ սարսափելի ուրախանում են, թե ինչից են ուրախանում՝ ես չեմ հասկանում:

Երկի՛ր պահեք, կարելի՞ է ժողովրդին ապակողմնորոշել ու խաբել»:

Տնտեսագետը կարծում է, որ Հայաստանը դժվարությամբ կհաղթահարի կորոնավիրուսի բերած ճգնաժամը.

«Մեզ համար ամենապարադոքսալ ու ամենախոցելի պահը դա է, որ, փաստորեն, որոշումներ, այդ թվում՝ նաև համակավարակի կանխարգելման հարցում, կայացնում են սուբյեկտներ, որոնք ընդհանրապես իրավունք չունեն որոշում կայացնելու, որոնք չեն տիրապետում ո՛չ բարոյական, ո՛չ հոգեբանական, ո՛չ տնտեսական, ո՛չ սոցիալական հմտությունների, չեն պատկերացնում, թե հասարակության համար ինչպե՞ս են իրականացնում կառավարում: Ամենացցուն օրինակն այն է, որ մենք վարակակիրների թվով աշխարհում առաջին տեղն ենք գրավում՝ մեր փոքր քանակով»:

Թադևոս Ավետիսյանը ԱՎԾ զեկույցում որպես տնտեսության վիճակը բնութագրող ցուցիչ՝ առանձնացրեց հատկապես տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ՏԱՑ-ը. «ՏԱՑ-ը հունվար-հուլիս ամիսներին նվազել է 5 %-ի չափով, և շուրջ 10 % հուլիսը՝ նախորդ տարվա հուլիսի նկատմամբ: Այս 5 % նվազումը (հավաքական քիչ նվազումը) պայմանավորված է հունվար-փետրվար ամիսներին արձանագրված ՏԱՑ աճով. այլ կերպ ասած՝ համավարակի բերած հետևանքները շարունակում են առկա մնալ, և, իրականում, եթե այսպես շարունակվի, տարվա վերջում կունենանք ՏԱՑ-ի երկնիշ անկում՝ մոտ 10 %»:

Ըստ տնտեսագետի՝ մտահոգիչ է, որ կրճատվում է հիմնականում այն ոլորտների տնտեսական ակտիվության ցուցանիշը, որոնք առավել աշխատատար են սոցիալական ազդեցության տեսանկյունից՝ առևտուրը, ծառայությունների, շինարարության, զբոսաշրջության ոլորտները:

Մեր հարցին, թե տարօրինակ չէ՞, որ այս ընդհանուր անկումային տրամադրությունները չեն ազդել աշխատավարձերի վրա, որոնք նույնիսկ աճ են գրանցել, Թ. Ավետիսյանը պատասխանեց.

«Դուք ճիշտ եք նկատում, որ այսպիսի իրավիճակում մակրոտնտեսական իմաստով հասկանալի չի. ՏԱՑ-ը կրճատվում է, պետական բյուջեի եկամուտները հունվար-հուլիս ամիսներին կրճատվում են 18 %-ով՝ շուրջ 170 միլիարդ դրամով, աճում է պետական բյուջեի դեֆիցիտը, և այսպիսի իրավիճակում փաստում ենք, որ միջին աշխատավարձը նույն ամիսներին մեր երկրում աճ է գրանցել (իհարկե, չնչին՝ 1-2 % աճ է):

Միջին աշխատավարձի 1-2 % աճը պայմանավորված է հիմնականում պետական հատվածի աշխատավարձերի աճով: Օրինակ՝ 2020 թվականի երկրորդ եռամսյակում, երբ ակնհայտ էր COVID 19-ի ազդեցությունը, միջին աշխատավարձը, ըստ պաշտոնական վիճակագրության, մեր երկրում աճել է 1.8 %-ով ընդհանուր, այն դեպքում, երբ 6.1 %-ով աճել է պետական հատվածի աշխատավարձը, իսկ ոչ պետական հատվածում մենք ունեցել ենք նույնիսկ աշխատավարձի նվազում:

6.1 %-ի առյուծի բաժինը, իհարկե, ընկնում է պարգևատրումներին, որովհետև պետական հատվածում հիմնական աշխատավարձ որոշող բազային աշխատավարձը հանրային ծառայությունում չի ավելացել:

Ըստ էության՝ հիմնական աշխատավարձը չի ավելացել, բայց մենք ունենք աշխատավարձերի աճ. իհարկե, այստեղ մի քանի այլ գործոններ էլ կան (այդ բնականոն աճը ծառայողների ստաժի), բայց իրականում՝ հիմնականը պագևատրումներն են:

Ոչ պետական հատվածում երկրորդ եռամսյակում աշխատավարձերը չեն աճել, բայց պիտի փաստենք, հիմնականում այս հատվածում աշխատողների թվաքանակն է աճել: Սա նշանակում է, որ այս կամ այն պատճառներով, կարելի է ասել՝ նաև վարչական ճնշումների ազդեցությամբ, այդ կրճատված աշխատողները վերականգնվել են ոչ լրիվ ռեժիմով, այսինքն՝ մեկ հաստիքը զբաղեցնում են երկու կամ երեք մարդ»:

Դիտարկմանը, թե կարո՞ղ ենք ասել, որ սրանով նաև քողարկվում է գործազրկությունը, մեր զրուցակիցն արձագանքեց.

«Ավելի ճիշտ՝ թերզբաղվածության ցուցանիշն է մեծանում, նկատենք՝ այն շատ կարևոր որակական ցուցանիշ է:

Փաստացի, ճիշտ է, ստվերի կրճատման հաշվին մեծանում է աշխատողների թվաքանակը, բայց թերզբաղվածության ցուցիչը, մակարդակը ևս մեծանում է, ինչը մտահոգիչ է, քանի որ աշխատող աղքատների ցուցանիշն է աճում:

Առանց այն էլ այսօր աշխատողների քառորդ մասը պահպանվող աշխատող-աղքատներ են, այսինքն՝ ավելի քիչ եկամուտ են ստանում, քան նվազագույն կենսապահովման զամբյուղն է: Սա մտահոգիչ է, առաջին հերթին՝ սոցիալական ազդեցության տեսակետից»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս