Պաշտպանության նախարարության նոր ձևակերպումն ու դրա տողատակը

Ապրիլի 11-ին ԱԺ-ում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Եթե ՀԱՊԿ-ն ասում է՝ «չէ, ես չեմ գալիս ձեզ օգնելու», եթե պայմանագիրը չի աշխատում…, դուք գիտե՞ք, որ դեպք է եղել, որ օրենքով սահմանված է, որ մեր հրամանով պետք է համատեղ ՀՕՊը միանա, մեր հրամանով համատեղ ՀՕՊը չի միացել, չեմ կարա ասեմ, բայց էդ պատմությունները բոլորը ֆիքսված են»:

Խոսքը, ըստ էության, Հայաստան-ՌԴ ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու համաձայնագրին է վերաբերում՝ 44-օրյա պատերազմի համատեքստում:

Ամեն դեպքում, ապրիլի 12-ի առավոտյան 168.amը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ հետաքրքրվելով՝ ե՞րբ է կայացվել այդ որոշումը, ո՞ւմ կողմից, ի՞նչ պայմաններում, դա 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերի՞ն է եղել, թե՞ այլ ժամանակահատվածում, և ի՞նչ հիմնավորմամբ չի միացել համատեղ ՀՕՊ-ը:

Մեր այս հարցմանը ՀՀ պաշտպանության նախարարությունը գրավոր արձագանքել է միայն այսօր՝ մայիսի 13-ին, և հայտնել, որ «ներկայացված հարցադրումների վերաբերյալ  տրված պաշտոնական պարզաբանումներից զատ հավելյալ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»:

Կարդացեք նաև

Հարկ է նկատել, որ վերջին 1-2 հարցումներին ՀՀ պաշտպանության նախարարությունն այս ձևակերպմամբ է պատասխանում։ Ժամանակին նմանօրինակ հարցերը տեղավորում էին պետական գաղտնիքի տրամաբանության մեջ, կամ մերժում էին:

Օրինակ, «Պետական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն՝ պետական գաղտնիքի շարքին է դասվում  «ռազմական, գիտատեխնիկական և այլ բնույթի համագործակցության մասին տեղեկություններ, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին»:

Գուցե պաշտպանության նախարարությունը մեր պահանջած տեղեկությունը չի դասել պետական գաղտնիքի դասին, որովհետև գաղտնիության սկզբունքն արդեն ինչ-որ չափով Փաշինյանը խախտե՞լ է:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ պաշտպանության նախարարությունը չի ցանկանում հաստատել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, կամ՝ կոպիտ ասած, մտնել դրա տակ, հատկապես, երբ Հայաստան-ՌԴ ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու համաձայնագիրն ուժի մեջ է:

Հավելենք, որ Հայաստան-ՌԴ ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու համաձայնագրի 6-րդ հոդվածը սահմանում է.

«Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) ու հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի (ուժերի) համատեղ գործողությունների համակարգումն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը:

Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) համատեղ գործողությունների ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը:

Հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի (ուժերի) համատեղ գործողությունների կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը»:

Իսկ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի մասին կանոնակարգում էլ նշվում է.

«Խաղաղ ժամանակ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի վրա դրվող խնդիրները լուծվում են Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) կողմից` Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային ուժերի հակաօդային պաշտպանության հերթապահների համատեղ գործողությունների պլանին համապատասխան, որը համատեղ հաստատվում է Կողմերի պաշտպանության նախարարների կողմից:

Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի Հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից զենքի կիրառման կարգը սահմանվում է այն Կողմի օրենսդրությամբ, որի օդային տարածքում գտնվում է օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է զենքը»:

Նշենք նաև, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թվականին արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում վստահեցրել էր, որ Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգը չի նշանակում ազգային ՀՕՊ համակարգի վերացում։

«Հայաստանի ՀՕՊ ուժերի հրամանատարը լինելու է Հայաստանի Զինված ուժերի ՀՕՊ պետը, և հրամանները ինքն է արձակելու։ Այսինքն՝ սա ոչ թե ազգային համակարգի վերացում է և մեկ ընդհանրականի ստեղծում, այլ ջանքերի համատեղում։ Եվ սա շատ նորմալ է։ Այսինքն, մեր հակաօդային պաշտպանությունն իրականացնելու ենք մենք՝ մեր գործընկերների աջակցությամբ, այնպես, ինչպես մեր գործընկերներն իրենց ՀՕՊ խնդիրներն իրականացնելու են իրենց ուժերով, անհրաժեշտության դեպքում՝ մեր օժանդակությամբ»,- ընդգծել էր Սերժ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս