Բաժիններ՝

Բրատիսլավան՝ գիտության մայրաքաղաք. Ժան-Միշել Ժարի աննախադեպ համերգով մեկնարկեց STARMUS VII փառատոնը

Ֆրանսիացի կոմպոզիտոր, երաժիշտ Ժան-Միշել Ժարի բացառիկ համերգով մայիսի 12-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկեց STARMUS փառատոնը։

Գիտության և երաժշտության՝ նմանը չունեցող այս փառատոնն արդեն յոթերորդ անգամ մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի ամենափայլուն գիտնականներին, աստրոնավտներին ու երաժիշտներին։ Փառատոնի հիմնական առաքելությունը մեկն է՝ գիտությունը մատչելի և հասկանալի դարձնել հանրության լայն զանգվածներին։

Մեկնարկի համերգն անցկացվեց «Կամուրջ ապագայից» («Bridge from the Future») խորագրի ներքո։ Ժան-Միշել Ժարը հայտարարեց, որ համերգը նվիրվում է փառատոնի այս տարվա բանախոս, հայտնի էթոլոգ Ջեյն Գուդոլին։

Բեմի վիզուալ լուծումները տրվել էին արհեստական բանականության միջոցով։ Տասնյակ հազարավոր երաժշտասերներ ականատես եղան նմանը չունեցող լուսաձայնային շոուի։ Աննախադեպ համերգի ընթացքում ներկաները վայելեցին նաև շուրջ երկու հարյուր դրոնով իրականացված լուսային շոուն։

«Մեր օրերում, այսօրվա խավարի օրերում մենք ավելի քան երբևէ կարիք ունենք կերտել մեր ապագան, մտածել ավելի լավ ապագայի մասին, իսկ գիտությունն ու արվեստն ապագան կերտելու հիմնական տարրերն են։ Այսօր ավելի քան երբևէ կարևոր է STARMUS-ը ուշադրության կենտրոնում պահել»,- ավելի վաղ, խոսելով փառատոնի և իր համերգի մասին, ասել էր Ժան-Միշել Ժարը, ով նաև STARMUS-ի խորհրդի անդամ է։

Համերգի ընթացքում բեմում երաժշտին միացավ նաև փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս, լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը։

STARMUS-ի յոթերորդ փառատոնը, որն այս անգամ անց է կացվում «Մեր հարազատ մոլորակի ապագան» («The Future of our Home Planet») խորագրի ներքո, կշարունակվի մինչև մայիսի 17-ը։

Փառատոնի բանախոսների շարքում են Նոբելյան մրցանակի 9 դափնեկիր՝ ֆիզիկոսներ Սթիվեն Չուն, Քիփ Թորնը, Դոննա Սթրիքլենդը, Անտոն Զիլինգերը, մանրէակենսաբան Էմանուել Շարպենտիեն, հոգեբանության և նյարդաբանության պրոֆեսոր Էդվարդ Մոսերը, աստղաֆիզիկոսներ Ջորջ Սմութը և Միշել Մայորը, քիմիկոս Քուրթ Վյուտրիխը։ STARMUS VII-ին դասախոսություններով հանդես կգան նաև լուսնագնաց Չարլի Դյուքը, աստրոնավտներ Քրիս Հեդֆիլդը, Քեթրին Թորնթոնը, Գարեթ Ռիսմանը, էթոլոգ Ջեյն Գուդոլը, աստղաֆիզիկոս Մարտին Ռիսը և այլոք։

Փառատոնի շրջանակում մայիսի 15-ին տեղի է ունենալու արդեն ավանդական դարձած՝ Սթիվեն Հոգինքի մեդալի հանձնման պաշտոնական արարողությունը։

Գիտության մայրաքաղաքի վերածված Բրիատիսլավայի կենտրոնական հրապարակում տեղադրվել են STARMUS-ի թեմատիկ տաղավարներ, որոնք հասանելի են լինելու գիտությամբ հետաքրքրվողների համար։ Միևնույն ժամանակ, փառատոնի բանախոսները Սլովակիայի տարբեր գիտակրթական հաստատություններում հանդես են գալու դասախոսություններով։

STARMUS փառատոնը հիմնադրվել է 2011 թվականին՝ Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս, դոկտոր Գարիկ Իսրայելյանի ու լեգենդար Բրայան Մեյի կողմից։

STARMUS-ի նախորդ՝ վեցերորդ փառատոնը 2022 թվականի սեպտեմբերի 5-10-ը հյուրընակել էր Հայաստանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս