Բագրատ սրբազանի կողքին ենք մինչև վերջ, մինչև հաղթական ավարտ. սփյուռքահայ Խորեն Մարդոյան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը նոր հույսի շող է՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ սփյուռքում ապրող հայերի համար, ուստի սփյուռքն ամուր կանգնած է այդ շարժման կողքին՝ տեղերում ինքնակազմակերպվելով ու տարբեր միջոցառումներ իրականացնելով։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փաշինյանի հեռացման պահանջով օր օրի ծավալվող շարժման, դրան սփյուռքի աջակցության անհրաժեշտության մասին, նման տեսակետ հայտնեց Կանադայի Տորոնտոյի հայ համայնքի հասարակական գործիչ Խորեն Մարդոյանը։
«Այս շարժումը նոր, հզոր ազգային պետություն ունենալու տեսիլքով է լի։ Բոլորս հուսով ենք, որ այս շարժումը պետք է պսակվի իր հաղթական ավարտով»,- ասաց սփյուռքահայ գործիչը: Շեշտելով, որ 7 միլիոնանոց սփյուռքը ևս պառակտվել է Հայաստանի իշխանության ղեկավարի կողմից դրված ջրբաժանների պատճառով, մեր զրուցակիցը նաև փոխանցեց, որ ամբողջական պառակտում չկա, և իր խնդիրներով, օրակարգերի բացակայության պայմաններում անգամ սփյուռքն այսօր շարունակում է լինել հզոր ներուժ։
«Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն այն կայծն էր, որն արթնացավ սփյուռքում. մենք հասկացանք, որ պետք է ոտքի կանգնենք ու բավական է հանդուրժենք Հայաստանի հակահայ իշխանության տարածած սուտն ու կեղծիքը։ Սփյուռքյան համայնքներն արթնացել են։ Նրանք պայքարելու են՝ ամենքն իր տեղում՝ անհամաձայնություն հայտնելով Հայաստանի իշխանությունների կողմից վարվող՝ սահմանագծման և սահմանազատման իշխանությունների ապօրինի քաղաքականությանը։ Մեր հիմնական պահանջն է՝ Հայաստանի ամբողջ Կառավարության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Փաշինյանն այլևս չունի լեգիտիմություն և չի վայելում ժողովրդի վստահությունը»,- ասաց Մարդոյանը։
Վերջինս տարօրինակ և անընդունելի է համարում սփյուռքում գործունեություն ծավալող այն հայ դեսպանների լռությունը, որոնք ոչ թե ՔՊ-ականներ են՝ նշանակված Փաշինյանի կողմից, այլ տարիներ շարունակ, մինչև Փաշինյանը, միջազգային հարթակներում կռիվ են տվել Արցախի և Հայաստանի համար։
«Փաշինյանի վարած քաղաքականությունն ազդում է հայկական սփյուռքի համայնքների վրա, որոնք տասնամյակներ միավորված են եղել Արցախի ինքնորոշման իրավունքի և Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, իսկ հիմա Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով փակվել է Արցախի հարցը, իսկ Ցեղասպանության հարցը կամաց-կամաց փակվում է»,- ասաց Մարդոյանը՝ շեշտելով, որ հենց նման կարևորության հարցերի վրա խաչ չքաշելն է պատճառը, որ ամուր կանգնած են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողքին։
«Բագրատ սրբազանի կողքին ենք։ Անելու ենք առավելագույնը։ Անելու ենք ամեն բան՝ ցույց տալու, որ համաձայն չենք ՀՀ Կառավարության ղեկավարի հակապետական քաղաքականության հետ։ Կանգնելու ենք մինչև վերջ Բագրատ սրբազանի կողքին և մեր եկեղեցու կողքին, որպեսզի այս շարժումն իր հաղթական ավարտն ունենա՝ տեղի ունենա իշխանությունների խաղաղ և անցնցում հեռացումը»,- ասաց Մարդոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։