Բաժիններ՝

2023 թվականին Հայաստանում 12-ամսյա գնաճը նվազել է 8.9 տոկոսային կետով. ԿԲ նախագահ

2023 թվականին ՀՀ կենտրոնական բանկը ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կարողացել է հստակ կառավարել գնաճային երևույթները Հայաստանում:

Մայիսի 13-ին ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ներկայացնելով նախորդ տարի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման մասին հաղորդումը, այս մասին նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Անդրադառնալով 2023 թվականի զարգացումներին՝ նա ներկայացրեց այն մակրոտնտեսական իրավիճակը, որի հիման վրա ԿԲ-ն կառուցել է իր մակրոտնտեսական սցենարները և 2024 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը:

«2023 թվականի սկզբին մշակված սցենարների ներքո գնահատվում էր, որ տարվա ընթացքում բարձր գնաճային միջավայրն արագորեն նվազելու էր՝ հիմնականում պայմանավորված արտաքին շուկաներից փոխանցվող գնաճային ճնշումների թուլացմամբ, իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման փոխանցվող ազդեցություններով: Գնահատում էինք, որ սպասվող մակրոտնտեսական զարգացումների և իրականացվող դրամավարկային քաղաքականության ներքո 12-ամսյա գնաճը 2023 թվականին արագ նվազելու էր, ապա միջնաժամկետում կայունանալու էր 1.4 տոկոս նպատակային ցուցանիշի շուրջ:

2023 թվականին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումները, պահպանվող անորոշությունների պայմաններում համաշխարհային տնտեսական ակտիվությունը և պահանջարկը շարունակել են դանդաղել: Այս զարգացումների և այդ երկրներում իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության պարագայում միջազգային ապրանքահումքային շուկաներում դիտվել է հատկապես պարենամթերքի և էներգակիրների գների էական նվազում, ինչպես նաև համաշխարհային տնտեսությունում գնաճային միջավայրը որոշակիորեն մեղմվել է:

Այս պայմաններում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ճնշումները 2023 թվականի առաջին կիսամյակում էականորեն թուլացել են, իսկ երկրորդ կիսամյակում արդեն դիտվել են գնանկումային ազդեցություններ»,- նշեց Մարտին Գալստյանը:

Ըստ նրա՝ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունում արձանագրվել է սպասվածից բարձր ակտիվություն՝ պայմանավորված գերազանցապես ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրված բարձր աճով: Զուգահեռաբար բարձր մակարդակում է պահպանվել նաև համախառն պահանջարկը, որն առաջին կիսամյակում արտահայտվել է հատկապես ծառայությունների ոլորտում դրսևորված արտաքին պահանջարկի էական ավելացմամբ: Դրան շարունակել է նպաստել զբոսաշրջիկների և ֆինանսական միջոցների զգալի ներհոսքը: Միաժամանակ, նշված գործոնների ազդեցությամբ ՀՀ արժութային շուկայում արձանագրվել է դրամի ոչ էական, բայց որոշակի արժևորում:

Դրական զարգացումներ են արձանագրվել նաև ՏՏ և մշակող արդյունաբերության ճյուղերում, ինչն արտահայտվել է այդ ոլորտներում արտադրական ներուժի և արտահանման ավելացման միտումներով:

«Տարվա երկրորդ կեսին դիտվել է արտաքին պահանջարկի թուլացում՝ կապված զբոսաշրջության աճի տեմպի դանդաղման հետ: Դրան զուգահեռ զգալիորեն աշխուժացել է ներքին պահանջարկը՝ պայմանավորված մասնավոր սպառման բարձր աճով, որին մեծամասամբ նպաստել են նախկինում կուտակած խնայողությունների ծախսումն ու եկամուտների շարունակական ավելացումը:

Գնաճային նման զարգացումների ներքո, հաշվի առնելով մի կողմից ներմուծված պարենային ապրանքների մասով դիտվող գնանկումային երևույթները, իսկ մյուս կողմից՝ դեռևս պահպանվող բարձր պահանջարկի և աշխատաշուկայից ածանցվող գնաճային ազդեցությունները, մինչև հունիս Կենտրոնական բանկը քաղաքականության տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ պահպանելով հարաբերականորեն խիստ դրամավարկային պայմանները»,- արձանագրեց ԿԲ նախագահը:

Նա հայտնեց, որ 2023-ի երկրորդ կիսամյակում, հեռանկարում արդեն ունենալով արտաքին և ներքին ապրանքահումքային շուկաներում գնանկումային միտումների շարունակական և ներքին տնտեսությունում գնաճային և պահանջարկի գործոնների զգալի չեզոքացման գնահատականներ, ԿԲ խորհուրդն ընդհանուր առմամբ 150 բազիսային կետով նվազեցրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ տարեվերջին այն սահմանելով 9.25 տոկոսի մակարդակին:

Միաժամանակ, հաշվի առնելով, գնաճային սպասումների վերաբերյալ պահպանվող բարձր անորոշությունները և տնտեսությունում ներքին պահանջարկի գործոնների ընդլայնման ռիսկերը՝ հիմնականում նախապատվությունը տրվել է դրամավարկային պայմանների աստիճանական թուլացմանը, որն արտահայտում էր պահանջարկի կարգավորմանն ու գնաճային սպասումների կայունացմանն ուղղված ԿԲ քաղաքականության հետևողականությունը:

«Արդյունքում, 12-ամսյա գնաճը 2023 թվականի ընթացքում նվազել է 8.9 տոկոսային կետով և տարեվերջին ձևավորվել բացասական տիրույթում՝ կազմելով -0.6 տոկոս: 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագ տեմպերով նվազել է և տարեվերջին ձևավորվել -0.4 մակարդակում»,- ընդգծեց Մարտին Գալստյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս