3 տարի առաջ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հրահանգով ադրբեջանական առաջխաղացումներին բանակը չի դիմադրել, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան

3 տարի առաջ այս օրերին՝ 2021 թվականի մայիսի 12-ին, ադրբեջանական զինված խմբավորումները մտել էին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ ՀՀ սուվերեն տարածք:

2022 թվականի սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մայիսի 12-ին մեր երկրից Ադրբեջանը 40 քկմ տարածք է օկուպացրել:

«Հետքը» գրել էր, որ «2021-ի մայիսյան օկուպացիայի հետևանքով Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիս խոշորացված համայնքի Նորաբակ-Ծարասար հատվածում թշնամու վերահսկողության տակ է անցել 32,1 քկմ տարածք: Այս թվի մեջ ներառված չէ Վարդենիսի Կութ գյուղի հատվածում ադրբեջանական օկուպացիան»:

Ադրբեջանական այս առաջխաղացումներից մոտ 1.5 տարի հետո՝ 2022 թվականի դեկտեմբերի 14-ին, որոշվել էր կալանավորել 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանին:

Կարդացեք նաև

Դատախազության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում էր, որ 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ հրամանատարության անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ: Այդ ժամանակ գեներալ Հարությունյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, և այս տարածքները նրա պատասխանատվության գոտում էին: Այս գործը հիմա դատարանում է:

Նշենք, որ 2021 թվականի մայիսին ադրբեջանական կողմի առաջխաղացումներից օրեր անց Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կութ, 2-րդ բանակային կորպուս:

Հրապարակված տեսագրությունից երևում է, որ այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը Փաշինյանին ցույց է տալիս ՀՀ ինքնիշխան տարածք մտած ադրբեջանցիներին, ինչ-որ քայլեր է առաջարկում անել, որոնք Փաշինյանն ըստ էության չի ընդունում՝ բացասական պատասխան է տալիս:

Ավելին, Փաշինյանը Գեղարքունիք՝ ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուս էր այցելել նաև Ադրբեջանի ներխուժումից օրեր առաջ՝ 2021 թվականի մայիսի 9-ին:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հարցազրույցներից մեկում անդրադառնալով այս այցին, ասել էր.

«Ասում է՝ մայիսի 12-ին…, բայց ինքը մոռացել է, որ մայիսի 9-ին, երբ ժողով էր անցկացնում Վարդենիսի ուղղության վրա հրամանատարական կազմի հետ, մի քանի օր դրանից առաջ, բրիգադներից մեկի հրամանատարը վեր կացավ և հարց տվեց՝ «պարոն վարչապետ, որ ադրբեջանցիներն առաջ գան, մենք պետք է կրակե՞նք, թե՞ ոչ…»: Դե, թող ինքը հիմա այդ հարցի պատասխանը հնչեցնի: Ես չեմ ուզում բրիգադի հրամանատարի անունը տամ, որ այդ մարդուն չդնեմ տարբեր խնդիրների մեջ: Թող ինքը հիմա այս հարցի պատասխանը հնչեցնի, ինչ է պատասխանել, և հնչեցնելուց չմոռանա, որ ամեն ինչը փաստացի գրանցված կա, և ոչ թե իր՝ վոթսափային «ամեն ինչ նորմալ» բառով»:

Հավելենք, որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար էր (2021 թվականի ապրիլի 25-ից)։

«Այս ընթացքում կշարունակեմ կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով»,- շեշտել էր նա:

Իսկ 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Փաշինյանն ասել էր.

«Ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել էլի Սոթք-Խոզնավարի դեպքերի վրա։ Ես այդ ժամանակ հրաժարական եմ տվել, Ազգային ժողովը լուծարվել է, և հունիսի 20-ին նշանակվել են ընտրություններ, այսինքն` իմ հրաժարականը, եթե չեմ սխալվում, ուժի մեջ է մտել մայիսի 10-ին կամ 11-ին։ Դրանից հետո կամ այդ օրերին Հայաստան է այցելել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, Երևանից մեկնել է Բաքու, Բաքվից մեկնել է Մոսկվա։ Ուղղակի ժամանակագրությունն եմ ասում՝ ոչ մի բան նկատի չունենալով։ Եվ տեղի է ունեցել Սոթք-Խոզնավարը։ Մեծ էր հավանականությունը, որ Հայաստանի կառավարությունը, ասենք, այլ ռեակցիա կտար, ինչի բերումով Հայաստանում ընտրություններ տեղի չէին ունենա, ինչը փաստացի կնշանակեր Հայաստանի Հանրապետության լուծարում։ Մենք հասկանում ենք, չէ՞, դրա քաղաքական հետևանքները։ Այն ժամանակ մեզ շատ մեղադրեցին, թե մենք այն չենք անում, այն չենք անում, բայց մենք հասկանում էինք, որ Հայաստանի Հանրապետության լուծարման խնդիր է դրված։  Եվ կա ուրիշ մեղադրանք, թե Հայաստանի բանակը չի կռվել, ինչի՞ պիտի ՀԱՊԿ-ը կռվի։ Դրանից հետո տեղի ունեցան 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները։ Այդ ժամանակ Հայաստանի բանակը կռվեց»:

Այսինքն, Փաշինյանը խոստովանել է, որ 2021 թվականի մայիսյան ադրբեջանական առաջխաղացումների ժամանակ բանակը չի դիմադրել, չի կռվել: Իսկ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը Վաղարշակ Հարությունյանն էրՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ Արտակ Դավթյանը, իսկ ԳՇ պետի տեղակալը՝ Արշակ Կարապետյանը:

Այստեղ ցանկանում ենք մի քանի փաստի վրա ուշադրություն հրավիրել:

Առաջին, 2021-ի հունվարի 11-ին, Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել էր համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես, խոսվում էր ապաշրջափակման շուրջ եռակողմ աշխատանքային խմբի մասին:

Սա Հայրենիքի փրկության շարժման օրերն էին, և «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն արձագանքել էր սրան՝ նշելով.

«Սա հերթական խայտառակ պարտությունն էր Հայաստանի համար: Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանն արդեն իսկ ստացել էր ավելին, քան կարող էր երազել: Այդ հայտարարության որոշ կետերի կատարումն էլ այս ընթացքում խախտել էր իր օգտին՝ 1-ին կետ («…կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում») և 8-րդ կետ («…ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»): Այս ամենը՝ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ և անգործությամբ:

Հունվարի 11-ին Մոսկվայում Ալիևը վերահաստատեց և նոր հիմքերի վրա դրեց 9-րդ կետի իրականացումը («…տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև…»), որն Ադրբեջանի համար ռազմավարական մեծ նշանակություն ունի:

Կասկածից դուրս է, որ Փաշինյանի վարչապետության պայմաններում այս կետի իրականացման հետագա բանակցությունների արդյունքները նույնպես լիովին բավարարելու են միայն Ադրբեջանին»:

Երկրորդ, 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերը պահանջել էին Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը՝ դեռ այն ժամանակ արձանագրելով, որ «գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին», և, որ «հայ ժողովրդի համար ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ»:

2021-ի փետրվարի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանում կառավարության փոփոխմամբ պետք է զբաղվի ժողովուրդը, այլ ոչ՝ բանակը։

«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Երբ բանակը խառնվում է քաղաքականությանը, դա անընդունելի է։ Եթե պետք է փոխել կառավարությանը, ապա դա պետք է անի հայ ժողովուրդը, այդ գործը պետք է թողնել նրան։ Հայ ժողովուրդը հոգնել է այս իշխանությունից»,- շեշտել էր Էրդողանը։

Արդեն 2021 թվականի մարտի 18-ին Փաշինյանը հայտարարել էր հունիսի 21-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:

Եվ հիմա ի՞նչ էր ակնարկում Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին տված վերոհիշյալ հարցազրույցում:

2021 թվականի մայիսի 12-ին «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ ադրբեջանական զինուժը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, փորձել որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, իսկ Փաշինյանը չի թողել, որ բանակը համապատասխան գործողություններ իրականացնի, որ պատերազմ չսկսի՞ և չխափանվե՞ն արտահերթ ընտրությունները, երբ, ինչպես ինքն է ասում՝ ՀՀ լուծարման խնդիր էր դրված:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ 2021 թվականի մայիսին ադրբեջանական ներխուժումները և ՀՀ իշխանության պահվածքը խոսում են համաձայնեցված գործարքի մասին, թե՞ որ Ադրբեջանն արհամարհում է ցանկացած պայմանավորվածություն՝ գրավոր, բանավոր, և պատրաստ է դիմել սադրանքի: Երկու տարբերակներն էլ չեն խոսում իր ընդդիմախոսներին պատերազմի հրձիգ համարող և սահմանագծման ոչ օրինական գործընթացի գնացող ՀՀ իշխանությունների օգտին:

Այս համատեքստում հավելենք, որ 2021 թվականի նոյեմբերյան մարտերից հետո՝ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարարությամբ, պայմանավորվածություն էր ձեռք բերվել «ադրբեջանահայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացն ուղղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը՝ դրա հետագա դեմարկացիայով՝ կողմերի դիմումի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական օժանդակությամբ»:

Բայց սրանից հետո տեղի ունեցան 2022 թվականի սեպտեմբերյան մարտերը:

Եվ այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը Բագրատ Սրբազանի գլխավորած կամ ընդդիմադիր որևէ շարժման մեղադրում է պատերազմ հրահրելու մեջ, որը հանգեցնելու է ՀՀ տարածքների նոր օկուպացիայի, մեղմ ասած, ծիծաղելի է: Վերևում բերված փաստերը ճիշտ հակառակի մասին են խոսում, եթե, իհարկե, ՀՀ իշխանություններն Ադրբեջանի հետ փոխհամաձայնեցված որևէ լարվածություն չստեղծեն սահմանին:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին համարում էր, որ Ադրբեջանը մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետրեր վերահսկողության տակ է վերցրել ՀՀ ինքնիշխան տարածքից, ավելին, Անվտանգության խորհրդի նիստում էլ նա հայտարարել էր, որ՝ «Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել», ուստի պետք է վերադառնան մայիսի 10-ի դրությամբ ելման դիրքեր:

Այսօր, սակայն, Փաշինյանը ոչ միայն գտնում է, որ 2021 թվականին Ադրբեջանի կողմից թիրախավորված ուղղություններով դեռ պետական սահման պիտի ձևավորվի, այլև 2021-2022 թվականին Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների Հայաստանին պատկանելը դնում է կասկածի տակ:

Մասնավորապես՝ ընթացիկ տարվա մարտի 20-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական զորքի հետքաշման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հարցին ի պատասխան՝ նշել է.

«Դուք ասում եք՝ վստա՞հ եք, որ Ադրբեջանը մեր տարածքներից հետ է գնալու, ես էլ ասում եմ՝ ո՞րն է մեր տարածքը, կարո՞ղ եք ցույց տալ։ Երբ ասում եք՝ վստա՞հ եք, որ Ադրբեջանը դուրս է գալու մեր տարածքից, նախ այդ հարցի պատասխանը տալու ու այդ հարցը լուծելու համար մենք պետք է ֆիքսենք, թե ո՞րն է մեր տարածքը։ Եվ մեր տարածքը ֆիքսելն առաջին կարևոր ու անխուսափելի և պարտադիր նախապայմանն է, որով պետք է մենք ձևակերպենք մեր տարածքներից դուրս գալը»:

Եվ սա Փաշինյանն ասում է այն բանից հետո, երբ Ալիևը հայտարարեց, որ չի պատրաստվում իր զորքը հեռացնել 2021-2022 թվականին վերահսկողության տակ առնված տարածքներից: Իսկ դրանք Հայաստանի համար ռազմավարական նշանակության բարձունքներ են:

Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ամեն գործողություն իրականացնում է Ադրբեջանի պայմանով, նրան հարմար ժամանակ, նրան հարմար վայրից, ինչի վառ օրինակը Տավուշում սկսված սահմանազատման և սահմանագծման գործընթացն է՝ որպես հիմք դիտարկելով Ալմա Աթայի հռչակագիրը, ինչն իրականում չի կարող նման հիմք հանդիսանալ, և, որը մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժման հանրահավաքի ժամանակ հաստատել էր ԱԳ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։

«Ալմա Աթիի հռչակագիրը չունի որևէ սահմանային նկարագիր, հռչակագրին կցված չեն որևէ տեսակի քարտեզներ»,- ընդգծել էր նա։

Նա հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների միջև սահմանների որոշման վերաբերյալ տեղի է ունեցել ընդամենը երկու օրինական գործընթաց` 1928-29թթ. երկու հանրապետությունների Գերագույն խորհուրդների որոշումներով վավերացված քարտեզներ, իսկ մյուսը` 1984-87թթ. Հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի կողմից երկուստեք ստորագրված որոշումները, մյուս բոլոր փաստաթղթերը չունեն իրավական ուժ:

Այս համատեքստում հավելենք, որ տևական ժամանակ է՝ Ադրբեջանից հենց սա են Փաշինյանին փորձում հասկացնել:

«Ալմաաթյան հռչակագրում ևս ամրագրված չէ այս կամ այն սահմանի որևէ կոորդինատ»,- 2023 թվականին հարցազրույցներից մեկում ասել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը՝ հավելելով, որ 1991-ին Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Փաշինյանը հայտարարում է, որ ճանաչում է 1991-ի տարածքային ամբողջականությունը: Լավ: Բայց 1991-ին Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ ուղղում է եղել, որով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ըստ էության, ճանաչվել է Ղարաբաղի հետ միասին: Երկրորդ՝ ՀՀ սահմանադրության համաձայն՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար իրավական հիմք գոյություն չունի (В 1991 году она не признала территориальную целостность Азербайджана, поскольку у Армении была поправка, в которой указывалось, что они признают территориальную целостность Армении вместе с Карабахом. Во-вторых, юридических оснований подписывать мирное соглашение не существует, согласно конституции Армении):

Եվ հենց սա է, թերևս, պատճառը, որ ինչպես Հանրայինի եթերում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էր ասել՝ «երբ ցանկանում ենք պայմանագրի նախագծում հղում անել Ալմա Աթայի հռչակագրին, տեսնում ենք Ադրբեջանի դժկամությունը», որովհետև Ադրբեջանը գիտի, որ Փաշինյանը հավերժ չէ, իրենց խոցելի փաստաթուղթ պետք չէ:

Այլ հարց է, որ նրանք օգտվում են Փաշինյանի անօրինական և ՀՀ-ի համար խոցելի գործողություններից: Բայց սա արդեն Հայաստանի խնդիրն է:

Տեսանյութեր

Լրահոս