ՀՀ իշխանություններն այս փուլում մտահոգություններ ունեն երկու գլխավոր ուղղությամբ, քանի որ պայմանավորվածություններն անկայուն են թվում․ վերլուծաբան

Օրերս 2024թ. մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները: ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ»,- ասված էր երկօրյա բանակցությունների մասին ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում։

Այսօր ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում Միրզոյանը հայտարարեց, թե գործընկերոջը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերջին փուլում եղած զարգացումները։

«Այս համատեքստում ընդգծել եմ նաև ապրիլի 19-ին երկու երկրների սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների կողմից ամրագրված պայմանավորվածությունն առ այն, որ սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը պետք է լինի 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրը։ Երկու երկրների փոխվարչապետների այս պայմանավորվածությունը, իհարկե, ամրագրումն էր Հայաստանի Հանրապետության վարչապետի ու Ադրբեջանի նախագահի կողմից բազմաթիվ առիթներով տարբեր հարթակներում, տարբեր ձևաչափերում, նաև առանձին, հրապարակավ արտահայտած դիրքորոշման վերահաստատումն էր։

Կարդացեք նաև

Դիրքորոշում այն մասին, որ, կրկին, 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրը և 1991թ. ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանները պետք է լինեն երկու երկրների փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանի սահմանազատման գործընթացի հիմքերը: Կհիշեք՝ առաջին անգամ այս մասին ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը պայմանավորվեցին Պրահայում 2022 թվականին, և դրանից հետո տարբեր առիթներով տարբեր հարթակներում, ինչպես համատեղ, անձնապես էլ առանձին հնարավորություն են ունեցել վերահաստատել այս սկզբունքը, և մենք համոզված ենք, որ հենց այս նույն սկզբունքի՝ խաղաղության պայմանագրում ամրագրմամբ և հենց խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ տրվել երկարամյա այս հակամարտությանը և կայուն խաղաղություն և երկարատև խաղաղություն հաստատվել տարածաշրջանում:

Իհարկե, կան խաղաղության այլ բաղադրիչներ ևս, և դա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է: Մենք հանդես ենք եկել մեր տեսլականով՝ «Խաղաղության խաչմերուկով». մենք ոչ միայն պատրաստ ենք, այլ նաև շահագրգռված ենք վերահաստատել տրանսպորտային հաղորդակցությունը, մասնավորապես առաջին փուլում երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի հետ` իհարկե, հասկանալով, որ բոլոր ենթակառուցվածքները կմնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են, կգործեն այդ երկրի իրավազորության համաձայն: Իհարկե, կարգավորումները կլինեն փոխադարձ և հավասարության սկզբունքին համապատասխան»,- ասաց Միրզոյանը, ըստ էության խոսելով սահմանազատման, ինչպես նաև՝ ապաշրջափակման մասին։

Ի դեպ, ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ խոսելով ՀՀ-Ադրբեջան կայուն և տևական խաղաղության ձեռքբերման մասին՝ նախագահող Բորջը նշեց, որ այն հնարավոր է միայն հավասարը հավասարի սկզբունքը պահելու դեպքում։

Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ, հետևելով այն ամենին, ինչ կատարվում է Երևանում, բանակցությունների նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է, քանի որ հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները և բողոքի նոր ալիքը հենց այդ գործընթացի դեմ է։

Նրա որակմամբ, երկօրյա բանակցությունները կայացան, սակայն դրա արդյունքների մասին բարդ է դատել։

Առաջին հերթին, վերլուծաբանի խոսքով, այն պատճառով, որ ՀՀ ԱԳ նախարարն իր խոսքում կարծես անդրադառնում է այն թեմաներին, որոնց հարցում համաձայնությունը վերջնական չէ և կա կասկած, որ դրանք խախտվելու են։

Փորձագետն իր հերթին՝ առանձնացրեց Միրզոյանի՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա տեղի ունեցող սահմանազատման վերաբերյալ անդրադարձը, ինչպես նաև ապաշրջափակմանը մասնակից երկրների ինքնիշխանության ներքո ճանապարհների ձևավորումը։

«Կարծում եմ՝ այս երկու բաղադրիչի մասով էլ հայկական կողմում ունեն մտահոգություններ և վերջնական պայմանավորվածություններ չկան, սա է պատճառը, որ անընդհատ այս նույն շեշտադրումներն արվում են։ Իսկ ինչո՞ւ չկան, քանի որ Ադրբեջանը գտել է նպատակներին հասնելու տարբերակը և այս դեպքում նույնիսկ պայմանավորվածությունն էական էլ չէ, քանի որ դա խախտվում է ու չի ունենում որևէ հետևանք, ավելին՝ հայկական կողմի դիմադրությունը նկատելի չէ։ Ուստի, իմ տպավորությամբ, գուցե կան պայմանավորվածություններ, սակայն դրանք կայուն ու վերջնական չեն ոչ սահմանազատման քարտեզների, ոչ ապաշրջափակման դեպքում՝ նույնիսկ նախարարների բանակցություններից հետո»,- ասաց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, տպավորություն է, որ որքան շատ հարցերի շուրջ հայկական կողմը համաձայնություն է տալիս, այնքան շատ նոր խնդիրներ են ի հայտ գալիս և հարցերը կոշտ դրվում, ինչպիսին, այսպես կոչված, միջանցքի հարցն է։

«Հետպատերազմյան ընթացքում ՀՀ-ն գրեթե որևէ հարցում Ադրբեջանի հետ բանակցություններում իր օրակարգը չի կարողացել հաստատել։ Թերևս, մեծ ոգևորությամբ խոսում են Ալմաթիի հռչակագրից, սակայն այդ պայմանավորվածության կայունությունը ցույց կտա ժամանակը։ Իսկ գործընթացն իրականում Հայաստանի համար բարդ, ծանր է թվում։ Վստահ եմ, որ սրանում իր դերակատարությունն ունի նաև ՀՀ արտաքին քաղաքականությունը, շրջադարձը, Հայաստանի՝ Ռուսաստան-Արևմուտք ընտրությունից և դրա հետևանքներից փորձում է օգտվել Ադրբեջանը։ Ուստի կողմերի միջև խնդիրները պահպանվում են ոչ միայն բովանդակային բնույթի, այլև աշխարհաքաղաքական հարցերում, և կրկին մոտ շրջանում լուրջ առաջընթացը բարդ է թվում։ Կարծում եմ, Ալմաթիում նախարարներին հաջողվել է որոշ հարցեր քննարկել, ավարտուն տեսքի բերել, սակայն այս երկու բաղադրիչով անկայունությունը նկատելի է հայկական կողմի ձևակերպումներում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս