Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագիծն ընդունվեց 3-րդ ընթերցմամբ․ ո՞վ է դեմ, ինչո՞ւ, և ե՞րբ այն վերջնական կընդունվի
Վրաստանի խորհրդարանի Իրավական հանձնաժողովն այսօր երրորդ` վերջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը։
Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Եկատերինա Խերխեուլիձեն։ Նշվում է, որ մայիսի 17-ին լիագումար նիստում օրինագիծը կքննարկվի։
«Հանձնաժողովի նիստը սկսվեց ժամը 9։00-ին և ավարտվեց ուղիղ 2 րոպե անց։ Մեր՝ ընդդիմադիրներիս մուտքը սահմանափակեցին։ Իրավական հանձնաժողովը փաստաթուղթը ստորագրել է երկու րոպեում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Խերխեուլիձեն, հավելելով, որ այս ընթերցումը նախատեսված էր խմբագրումների համար, սակայն որևէ նման բան չի արվել։
Օրենքը պարտավորեցնում է օտարերկրյա ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել հատուկ գրանցամատյանում և լրացնել տարեկան հայտարարագրեր։ Նրան, ով կփորձի խուսափել գրանցումից կամ հայտարարագիր ներկայացնելուց, սպառնում է 25 հազար լարիի տուգանք՝ մոտ 9,4 հազար դոլար։
«Օտար ուժերի շահերը հետապնդող կազմակերպությունների» բացահայտման և օրենքի պահանջներին համապատասխանությունը ստուգելու համար Արդարադատության նախարարությունը ցանկացած պահի կարող է մշտադիտարկում իրականացնել, իսկ լիազորված պաշտոնատար անձը կարող է մոնիտորինգի նպատակով ձեռք բերել անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ անձնական տվյալներ։
Արդեն մի քանի շաբաթ է՝ ամենօրյա ռեժիմով Թբիլիսիի կենտրոնում կազմակերպվում են լայնածավալ բողոքի ակցիաներ՝ ընդդեմ «ռուսական օրենք» անունով հայտնի օրինագծի, որի հեղինակն իշխանություններն են։
«Ռուսական օրենք» օրինագիծն անվանում են քննադատները, իսկ քննադատներն են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները, որոնք այն համարում են խոչընդոտ Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման համար։ Փաստաթուղթը շատ նման է 2012 թվականին ընդունված «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքին, թեև իշխող կուսակցությունը հերքում է դա։ Սակայն սա սպառնում է փոխել երկրի արտաքին քաղաքական կուրսը։ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հավակնող երկրի համար այս օրինագծի ընդունման արժեքը, ըստ վրացի վերլուծաբանների, կարող է բարձր լինել։ Վրաստանը Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալուց ընդամենը չորս-հինգ ամիս անց նրա եվրաինտեգրումը վտանգված է:
Բայց իշխանությունները, որոնք անցած մարտին տապալեցին գրեթե նույն օրինագիծը լայնածավալ բողոքի ակցիաների պատճառով, այս անգամ, ըստ երևույթին, մտադիր չեն նահանջել: Սակայն բողոքի հիմնական կարգախոսը՝ «Ոչ ռուսական օրենքին», հնչում է ոչ միայն հանրահավաքների ընթացքում, այլ նաև թատրոնի բեմերից ու եթերից, ինչպես նաև սոցցանցերից։ Ընդդիմության առաջնորդներից Գիորգի Վաշաձեն ասել էր, որ եթե օրենքն ընդունվի, ապա ԱՄՆ-ի կողմից կսահմանվեն անձնական պատժամիջոցներ փաստաթղթին կողմ քվեարկած պատգամավորների և «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր հերթին հայտարարել է, որ օրենքը կարևոր ներդրում կունենա պետական ինքնիշխանության ամրապնդման գործում և կկանխի «քաղաքական փոքրամասնության բռնի գործողությունները»։
«Մենք, իհարկե, կընդունենք այս օրենքը, կլինեն անհարմարություններ, որոնք կտևեն մի քանի օր, բայց երկարաժամկետ հեռանկարում մենք տարիներով կապահովագրենք երկիրը բևեռացումից և արմատականությունից»,- ընդգծել է նա։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կսահմանափակի ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը։
«Մենք ակտիվորեն աջակցում ենք վրաց ժողովրդին։ Մենք հասկացրել ենք, որ այս օրինագիծը սխալ է։ Իրականում, աշխարհի շատ երկրներ ընդունում են նմանատիպ օրենքներ՝ փորձելով սահմանափակել քաղաքացիական հասարակությանը և ընդդիմանալ ցանկացած օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների և բարեգործական կազմակերպությունների, որոնց վրա վերահսկողություն չունեն»,- ասել է Քեմերոնը Sky News-ին տված հարցազրույցի ժամանակ։
Նրա կարծիքով՝ սա «համաշխարհային խնդիր» է, որը բնորոշ է «ավտորիտար ռեժիմներին»։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ խորապես մտահոգված են Կրեմլի կողմից ոգեշնչված «օտարերկրյա ազդեցության» օրենքի շուրջ Վրաստանի կառավարության շարունակական քննարկումներով, Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված լինել, որ եթե օրինագիծն ընդունվի, կխաթարի վրացական կազմակերպությունների և անկախ լրատվամիջոցների աշխատանքը, որոնք աջակցում և իրազեկում են վրաց ժողովրդին։
Եվրոպական միությունը, մի շարք իրավապաշտպան միջազգային կառույցներ Թբիլիսիին կոչ են անում հրաժարվել այդ օրենքից, սակայն «Վրացական երազանք»-ը պնդում է, որ այն կնպաստի դեմոկրատիայի զարգացմանը: Օրինագծի ընդունման դեպքում, ըստ որոշ գնահատականների, 20 և ավելի տոկոսով դրսից ֆինանսավորվող ՀԿ-ները պարտավորված կլինեն գրանցվել՝ որպես «օտարերկրյա գործակալներ»: