Իշխանությունների տրամաբանությամբ՝ հոգևորականը պետք է լուռ նստի ու սպասի, թե ինչպես է իր երկիրը կործանվում. մեզ պետք է հզոր գերագույն գլխավոր հրամանատար. Արգամ Հովսեփյան

Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 8-ին ՌԴ կատարած այցից հետո, պաշտոնական հայտարարություն եղավ, որ ռուս սահմանապահները դուրս կգան Հայաստանի Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերից, «Զվարթնոց» օդանավակայանից, ռուս սահմանապահները կմնան միայն հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին։

Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Սյունիքի մարզից ռուս սահմանապահներն արդեն դուրս են եկել։ Ավելին՝ իշխանամերձ շրջանակները լուրեր էին տարածում, թե իբր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը միտված է նրան, որպեսզի ռուս  սահմանապահները դուրս չգան ՀՀ տարածքից։

168.am հետ զրույցում  Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանն ասաց՝ շարժումը նման կերպ քննադատողներն են իրենց հույսը դնում դրսի ուժերի վրա, իսկ իսկական ազգասեր մարդիկ իրենց հույսը դնում են միայն իրենց վրա։

«Սյունիքից ոչ բոլոր սահմանապահներն են դուրս եկել, նրանց մի մասը շարունակում է մնալ հայ-իրանական սահմանին։

Կարդացեք նաև

Ես մեկ բան հաստատ գիտեմ՝ մեզ պետք է հզոր գերագույն գլխավոր հրամանատար, մենք մեր հույսը ոչ մեկի վրա չենք դնում, ուղղակի ուզում ենք հզորանանք ու ինքներս մեզ պաշտպանենք։ Պետք է ուժեղ, հզոր հրամանատար, որպեսզի այս ազգին առաջնորդի։

Հիմա մեկնարկել է երկրի փրկության համար շարժում, ու սյունեցին ամեն ինչ անելու է, որ այս երկիրը հզորանա, ու ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր սահմաններից դուրս շպրտվի թշնամին»,- նշեց Արգամ Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ Տավուշի թեմի առաջնորդի նախաձեռնությունը միայն գովասանքի է արժանի, քանի որ օրվա իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարում, որ երկիրը հասցրել են կործանման եզրին։

«Բոլորին քննադատում են, լավ՝ շարժումը որևէ հայրենասեր պետք է առաջնորդի՞, թե՞ ոչ, Բագրատ սրբազանն է վերցրել այդ պատասխանատվությունը։ Բա ի՞նչ անենք, գնանք-կործանվե՞նք։

Ովքեր պատմություն չգիտեն, թող լավ ուսումնասիրեն, մեր հազարամյա պատմության ընթացքում եկեղեցին միշտ փրկել է մեր պետականությունը։ Հիմա ինչո՞ւ են քննադատում Բագրատ սրբազանին, նա հայ չէ՞, մեր հայրենակիցը չէ՞։ Իշխանությունների տրամաբանությամբ՝ հոգևորականը պետք է լուռ նստի ու սպասի, թե ինչպես է իր երկիրը կործանվում, այդպիսի բան ինչպե՞ս է հնարավոր։

Ես հստակ չեմ կարող ասել, թե այս շարժումն ինչ զարգացում կարող է ունենալ, բայց հստակ մեկ բան գիտեմ՝ ժողովուրդն արդեն տեսնում է, թե երկիրն ուր են տանում իշխանությունները, տանում են դեպի կործանում, ոտքի է կանգնել, և հուսամ՝ այս երկիրը կփրկեն»,- եզրափակեց Արգամ Հովսեփյանը։

Տեսանյութեր

Լրահոս