Բաժիններ՝

Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Բացահայտվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի կողմից Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց կաշառք ստանալու դեպք:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ քրեական վարույթի ընթացքում ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության հետ համատեղ իրականացված քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2024 թվականի մարտի սկզբին, Երևան քաղաքի Կիևյան փողոցում ոստիկանության պարեկային երկու ծառայողներ կանգնեցրել են Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու կողմից վարվող ավտոմեքենան և պահանջել ներկայացնել փաստաթղթերը, որից հետո ոստիկանության աշխատակից Վ. Ա.-ն նրանից որպես կաշառք պահանջել է 20.000 ՀՀ դրամ գումար՝ տրանսպորտային միջոցը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննություն անցած չլինելու համար վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու նպատակով: Վ. Ա.-ն միաժամանակ նշել է, որ չվճարելու դեպքում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց կվերցնի վարորդական իրավունքի վկայականը: Սակարկելու արդյունքում պայմանավորվել են 7000 ՀՀ դրամ կաշառքի գումարի շուրջ:

Վ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել: Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչել:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս