Հեզությունը հանդիսանում է մարդու մեծագույն առաքինությունը
Իրական մեծության գաղտնիքը հեզության, խոնարհության մեջ է: Այս երանին Աստծո ձայնն է, որ յուրաքանչյուր մարդու ինքնաճանաչման է հրավիրում, որը հողողեն արարածներին հրավիրում է զգաստության, որը մարդուն ստիպում է մարդ մնալ ցանկացած իրավիճակում: «Իսկ ովքեր հեզ են, նրանք կը ժառանգեն երկիրը եւ կը զուարճանան մեծ խաղաղութեան մէջ» (Սաղմ. 36:11): Հեզերը տեր պիտի լինեն իրական կյանքին, որ սկսվում է այս աշխարհից: Հեզերն են, որ Աստծո հաճությանն ու փրկությանը պիտի արժանանան:
«Տէրը սիրում է իր սուրբ ժողովրդին, եւ փառաւորում հեզերին փրկութեամբ» (Սաղմ. 149:4): Հեզերն են, որ իրենց կյանքով բալասան պիտի լինեն շրջապատում. «Հեզաբարոյ մարդը սրտի բժիշկ է…» (Առակաց 14:30): Մովսեսը, ով շատ հեզ էր, Աստծո ծառա լինելու շնորհին արժանացավ (տե՛ս Թվոց 12:5): «Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք եւ սովորեցէք ինձնից, որ հեզ եմ ու սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը` թեթեւ» (Մատթ. 11:29):
Ավետարանական հասկացությամբ հեզությունը, խոնարհությունը մարդու այն վիճակն է, ով ընդունում է իր հողողեն լինելը, ով զարդարված է քրիստոնեական առաքինություններով. «Խոնարհությունը ծնունդ է հեզության» (ս. Ներսես Շնորհալի):
Հայոց լեզվի մեջ «հեզ» նշանակում է քաղցր, մեղմ, խոնարհ բնավորություն: Երբեմն այս վիճակը դիտվում է որպես անգիտակ և կյանքից բան չհասկացող, արհամարհանքի ենթակա անձնավորություն: Այնինչ հեզ մարդը վստահաբար գիտակից է իր ինքնությանը և չի ազդվում շրջապատի թյուր կարծիքներից: Հեզությունը մարդուց հեռու է վանում ամբարտավանությունը, մոլորությունը և քրիստոնյային առաջնորդում է իրական ճանաչման:
Հեզությունը հանդիսանում է մարդու մեծագույն առաքինությունը: Այն մարդուց հեռացնում է մեծամտության, հպարտության, փառասիրության, ինքնագովության ախտերը և առաջացնում է իրական աստվածապաշտություն: Հիշենք փարիսեցուն և մաքսավորին: Փարիսեցին տաճարում իր գովքն էր անում, իսկ մաքսավորը, գլուխը խոնարհած, կուրծքն էր ծեծում և հազիվ արտաբերում. «Աստվա՛ծ, ների՛ր ինձ, մեղավորի՛ս»: Ով կզգա իր անձի տկարությունը և կխոնարհեցնի իրեն, նա է, որ պիտի բարձրանա:
«Երանի հեզերին, որովհետև նրանք պիտի ժառանգեն երկիրը»… Երանի հեզերին, որովհետև նրանք պիտի տեսնեն Աստծուն և վայելեն Նրա ներկայությունը: Ականջ դնենք Տիրոջ ձայնին, ինչպես վարվեցին մեր հայրերը, ունկնդիր լինենք Իր պայմանին, քայլենք հեզ և խոնարհ ուղիով, որպեսզի արժանանանք երկնային օրհնության և երանական վիճակին և վայելենք մեր հայրերի հարատև բարեխոսությունն ու ներկայությունը: Ամեն:
Պատրաստեց` Մարիամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ