Ինչո՞ւ Վրաստանին հաջողվեց պայմանավորվել Ռուսաստանի հետ, իսկ Հայաստանին՝ ոչ

Վերջին ժամերին հայաստանյան մամուլը և համացանցը պայթում է լուրերից այն մասին, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ընդառաջել է պաշտոնական Թբիլիսիի համար ռուսական գազի գինը նվազեցնելու վրացական կողմի առաջարկին։ Ռուսական ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին երեկ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան՝ նշելով, որ մրցակցությունը ոլորտում սրվել է, իսկ նավթամթերքի գներն աշխարհում նվազում են, ուստի վերանայում են «Գազպրոմ»-ի հետ կնքված պայմանագրի դրույթները, ինչն էլ, իր հերթին, կնպաստի գազի գնի նվազեցմանը: «Առևտրային գաղտնիքից ելնելով՝ ես կոնկրետ թվեր չեմ նշի, կասեմ միայն, որ Վրաստան մատակարարվող գազի գինը նվազելու է մոտ 15 տոկոսով»,- հայտարարում էր վրաց նախարարը:

Վերջին տասնամյակի ընթացքում ռուս-վրացական հարաբերությունների շարունակական լարվածության ֆոնին սա աննախադեպ իրադարձություն է․ Վրաստանը դադարել էր ռուսական «Գազպրոմ» ընկերությունից գազ ներկրել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի օրոք, ռուս-վրացական գազային կոնտակտները վերսկսվեցին միայն  2017 թվականին, 2019 թվականին հանգեցնելով նրան, որ Վրաստանը նաև ներքին սպառման նպատակով Ռուսաստանից սկսի  գազ ձեռք բերել, Վրաստանն իր ներքին սպառման 5%-ը վստահեց «Գազպրոմ»-ին, սակայն, ըստ որոշ աղբյուրների, այս տարի այս թիվը կաճի։ Բացի «Գազպրոմ»-ի հետ բանակցություններից, պաշտոնական Թբիլիսին բանակցություններ է վարում նաև ադրբեջանական «SOCAR» նավթային ընկերության հետ, որը մատակարարում է Վրաստանի ներքին սպառման գազի հիմնական  բաժինը։

«Այսօր մեր շուկան լիարժեքորեն մրցակցային է, առևտրային տրամաբանությունից ելնելով՝ գազի գինը նվազում է, և թե՛ SOCAR-ը, թե՛ «Գազպրոմ»-ը հետևում են այդ տրամաբանությանը: Անհրաժեշտության դեպքում մենք այդ երկու ընկերությունների հետ կրկին կբանակցենք գներն է՛լ ավելի նվազեցնելու շուրջ: Այդ ամենը կախված է լինելու շուկայում տիրող կացությունից»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան:

Այս տեղեկատվությունը հատկապես ուշագրավ է վերջին ամիսներին հայ-ռուսական գազային անհաջող բանակցությունների ֆոնին՝ այն դեպքում, երբ հայ-ռուսական հարաբերություններն ունեն բացառիկ մակարդակ՝ ռազմավարական գործընկերություն։ Սա չխանգարեց, որպեսզի ռուսական կողմը՝ «Գազպրոմ»-ի, իսկ ավելի ուշ՝ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակով մերժի ՀՀ մատակարարվող գազի սակագինն իջեցնելու հայաստանյան հայտը։

Ռուս-վրացական գազային հաջողության կոնտեքստում ավելորդ չէ հիշեցնել ապրիլի 21-ին Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց կլոր սեղանը, որի շրջանակում նա խոսել էր հայ-ռուսական հարաբերությունների մակարդակից, ՀՀ-ում ռուսական ընկերությունների նկատմամբ տարվող քաղաքականությունից՝ դժգոհություն հայտնելով դրանից, ինչպես նաև խոսել էր ԼՂ հակամարտության փուլային կարգավորման մասին։ Ոչ պակաս աղմկահարույց և ուշագրավ հայտարարություններ էր արել Լավրովը ռուս-վրացական հարաբերությունների վերաբերյալ, որը գրավել էր նաև ռուս վերլուծաբանների ուշադրությունը։

Նա նշել էր, որ Ռուսաստանը հույս ունի առաջիկայում լուծել Վրաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնման հարցը։

«Ցավոք, օդային հաղորդակցությունն այժմ դեռ սառեցված է, բայց հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք լուծել այդ խնդիրը»,- նկատել էր նա:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ քննարկել առեւտրային ներկայացուցչությունները բացելու հնարավորությունը, եթե այդպիսի առաջարկ լինի Թբիլիսիի կողմից:

«Մենք պատրաստ կլինենք վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, քանի որ մենք չէինք խզման նախաձեռնողը: Հավանաբար, պետք է սպասել, մինչև վրացի գործընկերները կմոտենան այս հարցին: Առևտրային ներկայացուցչությունները նույնպես որոշակի պայմանավորվածությունների առկայություն են ենթադրում: Չեմ կարծում, որ դա կտրուկ որևէ առավելություն կտա, բայց եթե մեզ առաջարկեն, մենք անպայման կքննարկենք այդպիսի հնարավորությունը»,- ասել էր նա:

Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում նշել էր, թե զարմացած է ՌԴ ԱԳ նախարարի այդ հայտարարություններից և չգիտի, թե ինչ հիմքեր ու պատճառներ կան նման հայտարարություններ անելու համար։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում տեղաշարժեր չէին եղել այդ հարաբերություններում նման լավատեսության և դրական ակնկալիքներ հայտնելու համար։

168am-ի հետ զրույցում վրացի նախկին դիվանագետ, քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ՝ նվազեցնելով Վրաստանի համար գազի սակագինը, Ռուսաստանը կայացրել է զուտ շահ հետապնդող որոշում, որում կան նաև քաղաքական տարրեր։

«Ռուսաստանը երկար տարիներ զրկված էր Վրաստան գազ մատակարարելու առևտրային շահից, ներկայումս այդ շահն ավելի մեծ է, քանի որ ռուսական գազի գնորդներն են պակասում, ռուսական գազի գինն է ընկնում Եվրոպայում, ահռելի մրցակցություն է ստեղծվել, դրա հետևանքով՝ տնտեսական դժվարություններ։ Ուստի չի բացառվում, որ Ռուսաստանը ցանկանա ավելի մեծ ծավալների գազ մատակարարել Վրաստանին՝ ուղիղ մրցակցության մեջ մտնելով «SOCAR»-ի հետ, և այս իրավիճակում դա Ռուսաստանի տեսանկյունից լավ հաշվարկ է։ Դեռ միայն կարող ենք ենթադրել, թե ինչպիսին է լինելու ռուսական գազի սակագինը մեզ համար, քանի որ դա չի բացահայտվել, սակայն այն, որ հայտը բավարարվել է, նշանակում է, որ Ռուսաստանը ցանկանում է այս շուկայում որոշակի ներկայություն ունենալ և այն մեծացնել։ Չի բացառվում, որ Հայաստանի համար ռուսական գազն ավելի էժան է, քան էջեցված գնով Վրաստանի համար։ Վրաստանի ու Ռուսաստանի դեպքում սա կոնկրետ շահ է և գործարք, վրացական շուկան նոր բարձունք է ներկայումս Ռուսաստանի համար երկար տարիների  դադարից հետո, իսկ Վրաստանին հարկավոր է է՛լ ավելի դիվերսիֆիկացնել իր էներգետիկ համակարգը, քանի որ «SOCAR»-ը լիովին չի բավարարում ներքին պահանջարկը։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ  Վրաստանի համար բարենպաստ են եղել բանակցային դիրքերը»,- ասաց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, նրա կարծիքով, Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է՝ Ռուսաստանը գիտի, որ գազի հիմնական մատակարարն է, Հայաստանը չունի էներգետիկ այլընտրանք և չի կարող հրաժարվել ռուսական գազից, եթե նույնիսկ գինը չի գոհացնում Հայաստանին, «Գազպրոմ»-ն այդ շուկան արդեն գրավել է, դրան գումարվում են քաղաքական խնդիրներ, և ստացվում է այն, որ չի հաջողվում այլ գին պայմանավորվել։

«Ռուսաստանը Հայաստանից նոր ակնկալիքներ չունի։ Սակայն միանշանակ է, որ այդ հայտը բավարարել հնարավոր էր, քանի որ, եթե դա հնարավոր է Վրաստանի համար, ապա շատ ավելի հնարավոր է Հայաստանի համար։ Կարծում եմ՝ հենց այս շահն էր պատճառը, որ վերջերս նման հայտարարություններ արվեցին, սակայն, թե որքանո՞վ են դրանք հեռանկարային՝ չեմ կարող ասել, քանի որ քաղաքական մակարդակում փոխըմբռնում Վրաստանի և Ռուսաստանի միջև չկա, դրա վառ ապացույցն է այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանի խորհրդարանում մոտ մեկ տարի առաջ։ Չեմ կարծում, որ Վրաստանը մեծացնի «Գազպրոմ»-ից մատակարարվող գազի ծավալները, բայց դաշտի մրցակցայնության, լավ գների համար անհրաժեշտ է նաև այդ ընկերության հետ բանակցել, սրանով են այլընտրանքներն անհրաժեշտ»,- ասաց Մենագարիշվիլին։

Իր հերթին՝ վրացի վերլուծաբան Սոսո Ցինցաձեն նշեց, թե չի կարծում, որ ռուսական գազը շատ էժան և մրցակցային է լինելու Վրաստանի համար։

«Այնպես չէ, որ Վրաստանին հարկավոր չէ այս համագործակցությունը, և միայն «Գազպրոմ»-ին  է հարկավոր բարձր գնով գազ վաճառել Վրաստանին։ Սա Վրաստանի էներգետիկ քաղաքականության բաղադրիչն է Ադրբեջանի հետ, որից գնում է իր ներքին սպառման մեծ մասը Վրաստանը, և այդ անհրաժեշտությունը միշտ չէ, որ բավարարվում է, դա նորություն չէ։ Ուստի սա կորակեմ՝ փոխշահավետ առևտրատնտեսական հարաբերություն, և ոչ ավելին։ Վրաց-ռուսական քաղաքական կարգավորման հեռանկարներ ես չեմ տեսնում»,- ասաց Ցինցաձեն։

Տեսանյութեր

Լրահոս