«Վահագն Հովակիմյանը բարդ կացության մեջ է, պետք է որոշի՝ ինքն է դատվո՞ւմ, թե՞ Բուքիքիոն ու Սերժ Սարգսյանը». Էդմոն Մարուքյան. ՈւՂԻՂ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Սահմանադրական դատարանի հանրաքվեի հարցը լուծելու հետ կապված՝ ոչինչ չի կարող ասել, քանի դեռ չկա նախագիծ այն մասին, թե հարցն ինչպես են լուծելու՝ ԱԺ-ի միջոցո՞վ, թե՞ հանրաքվեի:
«Երբ մենք ժամանակին իշխանություններին ասում էիք՝ 88 հոգով ապօրինություններ եք անում, ինչո՞ւ եք դրան խառնում նաև ժողովրդին, մեզանից նեղանում էին: Հիմա գուցե որոշել են կրկին ապօրինություններ անել, այս պահին պարզապես չգիտեմ, թե ինչ նախագիծ ունեն, այն ինչի մասին է: Թող նախագիծը բերեն, մենք կտեսնենք, եթե ապօրինություն է, կասենք՝ ապօրինություն է: Երեկ Վենետիկի հանձնաժողովի հետ օնլայն հանդիպում է տեղի ունեցել, որտեղ մեր իշխանության ներկայացուցիչները պնդում էին, որ դատարաններն ունեն զրո վստահություն: Բայց այսօր մեր նախագիծը մերժելիս՝ այդ նույն մարդիկ ասում էին՝ եթե խնդիրներ ունեք, դիմեք դատարան»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Է. Մարուքյանը:
Ըստ նրա՝ նախագիծը, որը դրվել էր հանրաքվեի, կարող էին չդնել և հարցը լուծել ԱԺ-ում, բայց փոխարենը՝ հայտարարեցին հանրաքվեի մասին, դրա համար 7 մլն դոլար գումար փոխանցվեց, որի մի մասն արդեն ծախսվել է, նույնիսկ դրա համար հիմնադրամներ բացվեցին:
Հարցին՝ հետաքրքիր չէ՞ իմանալ, թե ինչպես ստացվեց, որ Վենետիկի հանձնաժողովն այսօր իշխանությունների համար դարձավ վստահելի, մինչդեռ նախկինում նույն հանձնաժողովն արժանացել էր իշխանությունների քննադատություններին, Էդմոն Մարուքյանը պատասխանեց.
«Ես լավ հիշում եմ, որ Վահագն Հովակիմյանն ասում էր, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոն ադամանդակուռ կաշառք է ստացել: Հիմա դրա հետ կապված քրեական գործ պետք է հարուցվի, և Վահագն Հովակիմյանը կա՛մ սուտ մատնության համար պետք է դատվի, կա՛մ Բուքիքիոն ու Սերժ Սարգսյանը՝ կաշառք տալու համար: Հիմա Վահագն Հովակիմյանը բարդ կացության մեջ է՝ պետք է որոշի՝ ի՞նքն է դատվում, թե՞ Բուքիքիոն ու Սերժ Սարգսյանը»: