
Մոլդովան հանել է ավտոբուսային և երկաթգծային միջազգային ուղևորափոխադրումների արգելքը

Մոլդովան մայիսի 26-ից հանել է ավտոբուսային և երկաթգծային միջազգային ուղևորափոխադրումների արգելքը: Այն մտցվել էր կորոնավիրոսի տարածման դեմ պայքարի շրջանակում: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին տեղեկությունը «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է երկրի վարչապետ Իոն Կիկուն:
Նշվում է, որ ուղևորները պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ, երկիր մուտք գործելիս նրանք կջերմաչափվեն, իսկ սրահները պետք է պարբերաբար ախտահանվեն:
Մինչև հունիսի 30-ը Մոլդովայում գործում է օտարերկրացիների մուտքի արգելքի ռեժիմը, բացառություն կլինեն տարանցիկ ուղևորափոխադրումները: Մոլդովա կկարողանան մուտք գործել Մոլդովայի քաղաքացու ընտանիքի անդամները, երկարաժամկետ այցագիր ունեցող անձինք, դիվանագետները: