Բաժիններ՝

Որքանո՞վ է հավաստի Covid-19-ից մահացության հայաստանյան վիճակագրությունը, եթե դիահերձում չի կատարվում. Պարզաբանում է Երևանի գլխավոր ախտաբանը

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածներին չեն դիահերձում:

Հասարակական ու մասնագիտական տարբեր շրջանակներում պարբերաբար անդրադառնում են հարցին, թե որքանո՞վ է հավաստի Covid-19-ից մահացության հայաստանյան վիճակագրությունը, եթե դիահերձում չի կատարվում:

Երևանի գլխավոր ախտաբան Արմեն Մխիթարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ նշեց՝ որպեսզի կարողանան պնդել մահվան պատճառը կամ հիմնական հիվանդությունը, պետք է ունենալ ապացույց. «Եթե մենք դիահերձում ենք, օրգանների, հյուսվածքների մեջ էլ պետք է վիրուսը հայտնաբերենք:

Եթե Covid-19 դրական պացիենտը մահանում է, դիահերձման ժամանակ ասել հստակ, որ սա, իրոք, Covid է և հենց Covid-ից է առաջացել այս կամ այն անմիջական մահվան պատճառը (լինի թոքաբորբ, շնչառական անբավարարություն և այլն), հյուսվածքներում ևս պետք է կարողանանք իդենտիֆիկացնել այդ վիրուսը:

Հայաստանում մենք չունենք նման պայմաններ. չունենք դիահերձարան՝ կահավորված անհրաժեշտ ախտորոշիչ սարքավորումներով: Եթե նույնիսկ այս պահին հյուսվածքն ուղարկենք կենտրոնացված հիվանդությունների վերահսկման լաբորատորիա, իրենք նույնպես չեն կարող այդ թեստավորումն անել, որովհետև հյուսվածքների վրա ՊՇՌ ռեակցիա կատարելը պահանջում է հատուկ նյութեր և հատուկ պրոտոկոլներ անալիզների, որոնք հասանելի չեն»:

Հարցին, թե այդ դեպքում որքանո՞վ է ճիշտ հրապարակել թվերը, և որքանո՞վ են հավաստի հրապարակումները, թե կոնկրետ թվով մահերն արձանագրվել են հենց կորոնավիրուսից, ախտաբանը պատասխանեց.

«Ըստ օրենքի՝ մահվան բժշկական վկայականի մեջ կարելի է մահվան պատճառները գրել՝ հիմք ընդունելով մի քանի գործողություն: Առաջինը՝ դիահերձումն է (սա հանեցինք՝ չունենք), երկրորդը՝ բժշկական փաստաթղթերի հիման վրա (երբ բժշկական փաստաթղթերում նշվող հիմնական հիվանդությունը մեխանիկորեն գրվում է՝ որպես մահվան պատճառ»:

Ա. Մխիթարյանը հենց այս հանգամանքով պայմանավորված՝ ներկայացվող վիճակագրությունը համարեց ոչ ամբողջական. «Բնականաբար, սխալ է, լրիվ չէ, բայց մենք հասկանում ենք, որ այս իրավիճակում ստիպված ինչ-որ մի բան պետք է անենք՝ մինչև հասկանալու՝ հետագայում ինչ ենք անելու»:

Անդրադառնալով առհասարակ արձանագրված մահվան ցուցանիշներին՝ նա նշեց. «Համաշխարհային ստատիստիկան մեզ ասում է, որ տարեկան միայն տուբերկուլյոզից մահանում է 1,5 միլիոն մարդ, մենք կորոնավիրուսի դեպքում՝ դեռևս շատ հեռու ենք այդ թվից:

Հայաստանում կա 87 մահվան դեպք: Համարենք, որ 87-ը մահացել են կորոնավիրուսից. եթե հաշվենք, մեզ մոտ մահացությունը կկազմի 1,2 տոկոս. Կույրաղիքի՝ ապենդիցիտի վիրահատության հնարավոր բարդություններից մեկը նաև մահն է, որը որ մոտավորապես այսքան տոկոս է կազմում»:

Իսկ վարակման դեպքերի աճող ցուցանիշները, ըստ մասնագետի, կշարունակեն խուճապ ստեղծել, քանի դեռ չի արվել բնակչության ամբողջական թեստավորում.

«Եթե համաճարակաբանության տեսակետից ենք վերցնում, մասնագետներին պետք է հետաքրքրի ոչ թե վարակվածների, այլ հիվանդների թիվը. 300-400-500 դրական թեստը նշանակում է ՝ վիրուսը հայտնաբերվել է այդ մարդկանց մոտ, բայց արդյո՞ք ակտիվ հիվանդություն ունի այդ մարդը, թե՞ ոչ, ինֆեկցիոն հիվանդություն կա՞, թե՞ չէ: Ընդհանրապես այս խուճապը կշարունակվի այնքան, մինչև որ ամբողջ բնակչության թեստավորման մի նորմալ ծրագիր չլինի՝ ոչ միայն ՊՇՌ ռեակցիայի, այլ նաև արյան իմունոգլոբուլինների, որովհետև այդ վարակված դեպքերն այն դեպքերն են, որոնց մոտ հայտնաբերվել է ՌՆԹ-ն դրական: Դա չի նշանակում, որ իրենք հիվանդ են, դրանցից շատերը կգնան տուն, որովհետև կպարզվի, որ իրենց մոտ կա իմունիտետ»:

Մեր զրուցակիցը նշեց՝ դիմակները պարտադիր կրելը լավ է և գուցե միակ ձևն է՝ ինչ-որ կերպ զսպել հիվանդների քանակի աճող թվերը, բայց համոզված է՝ բժշկական տեսակետից ավելի էֆեկտիվ քայլ կլիներ բնակչության տոտալ թեստավորումը.

«Որպեսզի կարողանայինք հասկանալ՝ ունե՞նք կոլեկտիվային իմունիտետ, թե՞ ոչ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս