Գալու է պատասխան տալու ժամանակը. ինչքանո՞վ պակաս կլինեին կորուստները, եթե պատշաճ պայքարեինք վարակի դեմ

Հայաստանի տնտեսության վնասները համավարակից ահռելի են լինելու։ Մեր երկրի չափանիշերով՝ մարդկային կորուստների սարսափելի մեծ թիվ ենք ունենալու։ Ու դրա մեղավորը լինելու են իշխանությունները, որոնք համավարակի տարածման պայմաններում այդպես էլ մինչև վերջ չգիտակցեցին իրենց պատասխանատվությունը՝ երկրի տնտեսության ու ժողովրդի անվտանգության ապահովման գործում։

Ոչ մի կասկած չկա, որ իշխանությունները չկարողացան ժամանակին և պատշաճ կազմակերպել վարակի կանխարգելման դեմ պայքարը։ Սկզբում թերահավատորեն էին վերաբերվում, ծաղր ու ծանակի առարկա էին դարձրել, իսկ հետո արդեն ուշ էր՝ գնացքը վաղուց գնացել էր։

Այնինչ՝ կարող էր այլ կերպ լինել, եթե ժամանակին ավելի լուրջ մոտենայինք այն ամենին, ինչ տեղի էր ունենում ամբողջ աշխարհում։ Հիմա վնասներն էլ անհամեմատ ավելի քիչ կլինեին։ Էլ չասենք՝ մարդկային կորուստները։

Հարցը, թե ինչքանո՞վ պակաս կլինեին վնասները, եթե ժամանակին ու ճիշտ պայքարեինք վարակի տարածման դեմ, այսօր շատ արդիական է, ինչքան էլ դա կարող է վարչապետի սրտով չլինել։ Պարզ է, որ այդպիսի հարցադրումը չի բխում այն իշխանության շահերից, որը տապալել է համավարակի դեմ պայքարը։

«Այդ հարցը կարելի է հնչեցնել աշխարհի բոլոր երկրներում։ Ընդ որում՝ որքան երկիրը զարգացած է, այնքան ավելի բարձր կարելի է հնչեցնել այդ հարցը՝ Իտալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Չինաստանում»,- իր օնլայն ասուլիսում անդրադառնալով համավարակի դեմ պայքարի՝ իշխանությունների քայլերի արդյունավետությանը՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Բայց ինչո՞ւ այդքան հեռուն գնալ, երբ աչքի առաջ ունենք Վրաստանի օրինակը։ Վրաստանի օրինակը, բնականաբար, վարչապետին ձեռնտու չէ։

Մինչդեռ, կասկած չկա, որ համավարակի դեմ պայքարը ժամանակին և արդյունավետ կազմակերպելու, մատների արանքով չնայելու, այդքան անլուրջ չվերաբերվելու դեպքում, հիմա մենք էլ շատ ավելի լավ վիճակում կարող էինք լինել, քան կանք։ Այդ թվում՝ նաև տնտեսության վնասները հաշվելու հարցում։

Անշուշտ, դեռ ժամանակ կունենաք հաշվելու համավարակի վնասները։ Այս պահին, ճիշտ է, կառավարությունը խուսափում է գնահատել իր անկազմակերպ ու թափթփված աշխատանքի հետևանքները, բայց մի օր ստիպված է դա անել ու վերցնել նաև պատասխանատվությունը՝ մարդկային այն կորուստների համար, որոնք կարող էին և չլինել։

Համավարակից մեր տնտեսությունը լուրջ վնասներ է կրելու։ Գնահատականները թեև տարբեր են, բայց այլևս կասկած չկա, որ պետք է մոռանալ տնտեսության աճի մասին։ Այս պահին հույսը հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալն է։ Չնայած դա էլ արդեն քիչ հավանական է։

Կառավարության գործողությունները բավարար հիմքեր չեն տալիս դրա համար։ Հատկապես վարակի տարածման այն տեմպի  պայմաններում, որը ցանկացած պահի կարող է վերաճել համաճարակի շատ ավելի հզոր ալիքի՝ ստիպելով վերադառնալ սահմանափակումների անհամեմատ ծանր ռեժիմի։

Այսօր Հայաստանը կանգնած է ահա այդ փուլի նախաշեմին։ Այլ հարց, թե իշխանություններն ինչքանո՞վ են գիտակցում դրա հնարավոր հետևանքները։

Այս մասին մտածելու փոխարեն՝ վարչապետը 5 ժամ ասուլիս է տալիս ու խոսում բաներից, որոնք շատ քիչ աղերս ունեն այսօրվա իրողությունների հետ։ Մարդիկ սպասում են, թե ինչ է ասելու երկրի ղեկավարն իրենց վաղվա օրվա մասին, ինչպես են դուրս գալու տնտեսական ու սոցիալական այն վիճակից, որի մեջ հայտնվել են, իսկ վարչապետը, իր սովորության համաձայն, այստեղից-այնտեղից պեղված և ոչինչ չասող փաստեր է հրապարակում։

Զարմանալի չէ, որ վարչապետի ասուլիսը հիասթափեցրել է նաև իր համախոհներին։ Մի հատված մեջբերենք Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքային գրառումից. «Համավարակի այս թեժ հանգրվանին, երբ հավաքականորեն ձախողել ենք դրա դեմ պայքարը և վարակվածների հարյուրներով թվերն ու մահվան ելքով դեպքերը հաջորդող ամեն օրը ավելի հուսահատ ու մռայլ են դարձնելու, արժեր, որ պետության ղեկավարը ոչ մի ձեռքբերման մասին չխոսեր…։ Պարզապես ցավակցեր, ափսոսեր, ներողություն խնդրեր համավարակի դեմ պայքարում կառավարության ձախողված աշխատանքի համար և կոչ աներ հասարակական-քաղաքական և մասնագիտական բոլոր շերտերին միասնաբար ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու աշխատանքի շուրջ:

Համավարակի դեմ պայքարում հավաքական ձախողումից հետո, այս փուլում պետք է անցնել մարդկանց կյանքերը փրկելու համար ոչինչ չխնայելու ռեժիմին: Տնտեսությունը չափազանց կարևոր է, ցուցանիշները՝ ևս, բայց այդ բոլորը կիմաստավորվեն, եթե ապահովված և երաշխավորված լինի Հայաստանի քաղաքացու իր հայրենիքում առողջ և անվտանգ կենսագործունեությունը: Թե չէ, փաստ 1, 2, 3, 103…

Սթափվե՜ք»:

Վարչապետի խնդիրը միայն իրեն ձեռնտու փաստերն ու թվերը թվարկելը չէ։ Վարչապետը պարտավոր է պատասխան տալ նաև այն բազմաթիվ ձախողումների, թերացումների, բացաթողումների, դրանց հետևանքով երկրին հասցված վնասների ու կորուստների համար։ Բայց այդ մասին կառավարության ղեկավարը աշխատում է չխոսել։ Այսքան ժամանակ հրապարակվող հարյուրավոր փաստերում երբևէ չի եղել, որ մեկն ու մեկը վերաբերի թերացումներին։ Իսկ ի՞նչ է, կարծում եք՝ այդպիսիք չկա՞ն։ Իհա՛րկե կան և շատ են։

Թե չէ, միշտ էլ կարելի է տարին մի քանի անգամ օդից վերցրած ինչ-որ թվեր հրապարակել։ Կարևոր չէ, որ դրանք, միևնույն է, ոչինչ չեն տալիս հասարակ քաղաքացուն, ոչնչով չեն թեթևացնում նրա հոգսը։

Ժամանակն է գիտակցել, որ համավարակից հետո տնտեսությունը հայտնվել է բոլորովին այլ իրավիճակում։ Եվ ոչ մի նշանակություն չունի, թե անցած տարի ինչ «համաշխարհային ռեկորդների» է հասել կառավարությունը, կամ տնտեսական իրավիճակի վերաբերյալ ինչպիսի գնահատականներ են հնչեցրել միջազգային կազմակերպությունները։ Դրանք այլևս անցյալում են։

Այսօրվա գնահատականներն այլ են. տնտեսությունը ճգնաժամի մեջ է, միջազգային կազմակերպությունները հայտարարում են անկման, իրավիճակի վատացման մասին, վարկանշային ընկերությունները բացասաբար են վերանայում իրենց նախկին գնահատականները, իսկ վարչապետը դեռ շարունակում է մարդկանց ուշադրությունը շեղել թվացյալ հաջողություններով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս