Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի կողմից Նժդեհի հասցեին հնչեցված մեղադրանքների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամն ավելացնելու է Հայաստանի ֆինանսավորումը 298 միլիոն դոլարով:
Ըստ վարչապետի՝ Հայաստանը միջոցներ ներգրավելու որևէ խնդիր չունի և չի էլ ունենալու:
«Մենք ունենք շատ մեծ ընտրություն, թե ինչպես և որտեղից ներգրավենք միջոցներ, ներառյալ՝ ներքին հնարավորությունները: Այնպես որ, մենք ըստ անհրաժեշտության այս թեմային կանդրադառնանք: Ինչ վերաբերում է տնտեսության հնարավոր վնասին, ապա մեր պաշտոնական կանխատեսումն այն է, որ վնասը կլինի 2 տոկոս, այսինքն՝ այդքան տնտեսական անկում կունենանք: Նախկինում էլ, երբ մենք արձանագրել ենք տնտեսական բարձր արդյունքներ, այդ արդյունքներն էականորեն ավելին էին կանխատեսումներից: Տվյալ դեպքում մենք կարող ենք առաջիկայում լծվել աշխատանքի և 2020 թվականը փակել շատ ավելի լավ պայմաններով, քան կանխատեսվում է»,- այս մասին հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցներին, որտեղ վերջինս շարունակում է շահարկել Գարեգին Նժդեհի հերոսացման հարցը՝ մեղադրելով Հայաստանի՝ ֆաշիզմին տուրք տալու մեջ:
Վարչապետն արձանագրեց, որ դեռևս Աշգաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների հետ նիստի ժամանակ անդրադարձել է Գարեգին Նժդեհի հետ կապված մեկ նրբության:
«Ընդհանուր առմամբ Ադրբեջանի քաղաքականությունը հետևյալն է՝ նրանք ուզում են նսեմացնել հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին: Շուրջ 600 հազար հայ է մասնակցել Երկրորդ աշխարհամարտին, 300 հազարը զոհվել է կամ անհայտ կորել, 65-ը ստացել է գեներալի կոչում: Ընդհանուր առմամբ Խորհրդային Միության գոյության ընթացքում 115 հայ գեներալ է եղել, 4 մարշալ: Խորհրդային Միության 107 հերոսներից 26-ը եղել են Լեռնային կամ Դաշտային Ղարաբաղից:
Ռուսական մամուլում Գարեգին Նժդեհի մասին մեկ լավ հոդված եմ կարդացել, որտեղ ասվում էր, որ նա եղել է ռուսական բանակի սպա, մասնակցել է բալկանյան պատերազմին: Այս առումով, կարծում եմ՝ Ռուսաստանում նույնպես Գարեգին Նժդեհին՝ որպես պատմական ֆիգուր և ռուսական բանակի սպա, պետք է վերարժևորեն»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում