«Վեթինգը խորովածի է նման, արագ անելու դեպքում երեսը վառած է լինելու, մեջը՝ հում». Նիկոլ Փաշինյան
Նախորդ տարի բոլորին հայտնի դարձած, մինչ այդ գրեթե անհայտ վեթինգի կամ, այլ կերպ ասած, դատական բարեփոխումների մասին այսօր նույն ակտիվությամբ իշխանությունը չի խոսում: Օրեր առաջ անգամ «Բաց հասարակությության հիմնադրամներ-Հայաստան»-ն էր վեթինգի գործընթացն արագացնելու կոչով դիմել կառավարությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատասխանելով թեմային վերաբերող լրագրեղներից մեկի հարցին՝ ասաց, թե լավ նպատակ չէ՝ քայլեր անել ինչ-որ սեկտորի դժգոհությունները մեղմելու համար: Ըստ նրա՝ կառավարությունն իրականացնում է քայլեր Հայաստանում իսկապես անկախ դատական համակարգ ունենալու համար:
«Ընդհանուր առմամբ, շատ է խոսվում բարեփոխումների տեմպի և արագության մասին: Բայց էդ հարցը իմ օրակարգում և միշտ կա: Արդյո՞ք արագ բարեփոխումը լավ բարեփոխում է, որովհետև Երրորդ Հանրապետության պատմության մեջ, ես ինքս՝ որպես լրագրող և քաղաքացի, ականատես եմ եղել մի քանի անգամ մի քանի բարեփոխումների փայլուն ծրագրերի, որոնք ուղղակի վիժեցվել են էդ բարեփոխումների հեղինակների՝ շատ արագ էդ իրականություն դարձնելու հասկանալի մղման պատճառով: Մենք նույնիսկ ՀՀ-ում ունեցել ենք շատ արագ իրականացված և հաջող բարեփոխումների օրինակներ, որոնք հետո քաղաքական իրավիճակի, կոնյունկտուրայի փոփոխության բերումով զրոյացվել են և ընդհանրապես մոռացության են մատնվել:
Անկեղծ որ ասեմ, ես համարում եմ, որ բարեփոխումները Հայաստանում պետք է ընթանան հանդարտ տեսքով, հանդարտ տեմպով, որպեսզի իրենք դառնան խորքային, էդ բարեփոխումների կրողը միայն կառավարությունը չլինի, այլև հանրությունը լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև ասաց, թե մտածել է՝ ինչ օրինակով իր միտքն ավելի տեսանելի դարձնել, և որոշել է, որ վեթինգի գործընթացի արագ չիրականացնելն ավելի պատկերավոր ներկայացնելու համար ամենահարմարը խորովածը եփելու օրինակն է:
«Երբ որ հյուր ա գալիս մեր տուն, կամ ինչ-որ առիթ կա և խնդիր կա խորոված անելու, մարդիկ սոված են, պետք ա հնարավորինս արագ էդ խորովածը հասցնել իրենց: Եվ դրա համար ի՞նչ ա արվում. բնականաբար, թեժ կրակ ա արվում, որ խորովածը դրվի էդ կրակի վրա , բայց եթե էդ խորովածը արագ ա արվում, ավելի արագ, քան անհրաժեշտ ա, էրեսը վառում ա, մեջը հում ա մնում, և արդյունքում՝ հյուրերը մնում են սոված: Էդ բարի մղումը մեր, որ արագ անենք, էս խորովածը շուտ տանենք, դնենք մեր հյուրերի առաջ, չի ստիպում, որ մեր հյուրերը մեր արած խորովածից գոհ լինեն: Ընդհակառակը, իրանք սոված են հեռանում էդտեղից, որովհետև ուտելու չի էդ խորովածը՝ էրեսը վառած ա, մեջը հում ա:
Էդ նույննն էլ բարեփոխումներն ա: Երրորդ Հանրապետության պատմության մեջ մենք տասնյակ բարեփոխումենր ունենք, որ էրեսը վառած ա, մեջը հում ա, բայց մտադրությունը լավն ա:
Մենք չենք ուզում էդպես: Մենք ուզում ենք, որ նորմալ կրակի վրա անենք նորմալ խորոված, մատուցենք նորմալ, որպեսզի մեր տան տերը, ՀՀ քաղաքացին, ժողովուրդը գոհ լինի, հագենա, բավարարված զգա իրեն էդ բարեփոխումների արդյունքներից: Մենք չենք ուզում Հայաստանում արագ ստեղծել թեկուզ՝ պրոհեղափոխական, բայց խամաճիկային դատարան: Մենք ուզում ենք՝ իրոք Հայաստանում անկախ դատական համակարգ լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում