Կայարան երկուսի համար. Միքայել և Վերա Թարիվերդիևների պատմությունը՝ հանրահայտ ֆիլմի հիմքում
Պատմությունը, որն Էմիլ Բրագինսկին ու Էլդար Ռյազանովը դրեցին «Կայարան երկուսի համար» ֆիլմի սցենարի հիմքում, իրականում տեղի է ունեցել։ Այդ երկուսը խորհրդային հայազգի հանրահայտ կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևն ու նրա վերջին կինը՝ Վերա Կոլոսովան էին…
Մինչ Վերայի հետ հանդիպումը հայտնի կոմպոզիտոր, «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Գարնան 17 ակնթարթ» ու այլ շատ սիրելի ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևը շատ անգամ էր ամուսնացած եղել և առհասարակ հայտնի լովելասի անուն ուներ։ Նա հաճախ էր սիրահարվում, և նրա սիրեցյալների թվին էր պատկանում նաև հայտնի դերասանուհի Լյուդմիլա Մաքսակովան։ Հենց վերջինս էլ մեքենայի ղեկին էր, երբ դատարկ ճանապարհին, չգիտես որտեղից, դուրս թռավ մի հարբած տղամարդ։ Լյուդմիլան չկարողացավ արգելակել, ու տղամարդը զոհվեց։ Թարիվերդիևն ասաց, որ ղեկին ինքն է եղել։ Գործի քննությունը 2 տարի տևեց, և ողջ այդ ընթացքում կոմպոզիտորի նյարդերը գերլարված էին։ Դատական վերջին նիստին Լյուդմիլա Մաքսակովան պարզապես չներկայացավ անգամ։ Թարիվերդիևը 2 տարի պայմանական պատժաժամկետ ստացավ. Հաշվարկը տրվեց նախաքննության մեկնարկից։
Ծառայողական սիրավեպ
Այս պատմությունից հետո Միքայել Թարիվերդիևը բավականին ճնշված վիճակում էր գտնվում և որոշեց, որ իրեն ուշքի գալ կօգնի գործունեության նոր ոլորտը։ Եվ նա որոշեց «Советская культура» թերթի համար հոդված գրել կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինի մասին։
Վերան՝ թերթի աշխատակցուհին, նրան օգնում էր այդ հարցում։ Միքայել Թարիվերդիևին շատ դուր եկավ այն, թե ինչպես երիտասարդ լրագրողը գլուխ հանեց իր աշխատանքից, ու նրան հրավիրեց Վիլնյուս, սիմֆոնիկ երաժշտության փառատոնի։ Վերան շատ ուրախ էր. Թարիվերդիևի բարեհաճ վերաբերմունքը մեծ բան էր։ Եվ Վերան ոչ մի ռոմանտիկ միտք չուներ իր գլխում, քանի դեռ նրանք չէին հանդիպել հյուրանոցի նախասրահում։
«Վիլյնուս, մառախուղ, տարօրինակ զգացողություն. Ասես մենք վաղուց էինք ծանոթ։ Ինչ-որ բան վախեցնելու ու անհետացնելու վախ։ Վարժեցնելու ցանկություն… Ես շատ կանայք եմ ունեցել։ Մնաց մեկը…Առաջին անգամ ես միայնակ չէի։ Եվ առաջին անգամ ինձ մոտ վախի զգացողություն հայտնվեց։ Ես երբեք ոչնչից չեմ վախեցել։ Այնքան էի ուզում երկարաձգել ուրախության ու թռիչքի զգացողությունը»,- գրում էր Միքայել Թարիվերդիևն իր հիշողություններում։
Սեփական աշխարհը
Վիլնյուսյան այդ հանդիպումը նրանք հետո պիտի համարեին իրենց համատեղ կյանքի սկիզբը։ Դա այդպես էր և, միևնույն ժամանակ, այդպես չէր։ Վերան ամուսնացած էր և որդի ուներ։ Եվ Վերան հասկանում էր, որ երեխայի հայրը որդուց չի հրաժարվի։ Դրա համար էլ նրա սիրավեպը Թարիվերդիևի հետ երկար ժամանակ գաղտնի էր պահվում։
«Մենք մեր սեփական աշխարհն էինք հորինել և այն փակել էինք գաղտնիքով։ Մենք մեզ այնքան լավ էինք զգում։ Մենք նույնիսկ մեր սեփական Ամանորն ունեինք։ Երբ դեռ մենք չէինք կարող այն միասին դիմավորել, դեկտեմբերի 31-ին տան բոլոր ժամացույցները 4 ժամ առաջ էինք տալիս, միացնում էինք «Ճակատագրի հեգնանքի…» տեսաերիզը, …և գալիս էր Ամանորը։ Դա ամենաիսկական նոր տարի էր…»։
Բայց դա էլ նրանք կարողացան հաղթահարել։ Երբ Վերան և Միքայել Լեոնովիչն ամուսնացան, Վերայի որդին՝ Վասյան, սկսեց ապրել նրանց հետ։ Միքայել Թարիվերդիևը սիրում էր նրան սեփական որդու պես, և քանի դեռ տղան դեռահասության տարիք ոտք չէր դրել, նրանք շատ լավ հարաբերություններ ունեին։
Միայն երկուսով
Միքայել Լեոնովիչի և Վերայի հարաբերությունները շատերին չափազանց կատարյալ էին թվում։ Համատեղ ապրած բոլոր 13 տարիների ընթացքում նրանք միմյանց «Դուք»-ով էին դիմում, որ իրենց հիացական նրբությունը մնա բարձունքում։ Եվ նրանք այնքան էին կլանված միմյանցով, որ ուրիշներն այդ միության մեջ տեղ չունեին։ Թեպետ Թարիվերդիևը նաև երաժշտությունն ուներ, իսկ Վերան միայն սիրելիով էր ապրում, միայն նրա հանճարին ծառայելով։
Երբ լրացավ Վերայի որդու 13 տարին, նա գնաց հոր մոտ ապրելու և մորից նեղացած՝ առհասարակ մի քանի տարի չէր շփվում նրա ու խորթ հոր հետ։ Թարիվերդիևի՝ առաջին ամուսնությունից ծնված որդին՝ Կարենն էլ էր շարունակ կողքի քաշված՝ իրեն ավելորդ զգալով։ Եվ ընդհանուր երեխա այս զույգը որոշեց չունենալ։ Ամեն ինչ կշռադատեցին ու հասկացան, որ լավ ծնողներ իրենք երբեք չեն կարող դառնալ։
Եվ ամեն անգամ հրաժեշտ տվեք հավիտյան
1996թ. գարնանը Միքայել Թարիվերդիևը սրտի վիրահատության ենթարկվեց։ Ամեն ինչ հաջող անցավ, բայց կոմպոզիտորը հասկանում էր, որ իրեն ապրելու քիչ ժամանակ է մնացել։ Մի անգամ գիշերը Վերան քնից արթնացավ հիասքանչ երաժշտության ձայնից. Ամուսինը ռոյալ էր նվագում, ասես հրաժեշտ էր տալիս գործիքին։ Հունիսին նա մահացավ։
Իր հուշագրության մեջ Վերան գրում էր. «Նա դարձավ այն տղամարդը, ով ինձ ձևավորեց։ Նրանից հետո ինձ համար այլ տղամարդիկ նորմալ չեն։ Ես նրա ձևաչափի կին եմ։ Եվ ինձ համար այլ կառուցվածքում գոյություն ունենալը պարզապես անհնարին է»։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը