Գուցե, հաջողվի մեզ կռվով ձեռք բերել ապրելու իրավունքը. Մովսես Սիլիկյանի կոչը՝ Սարդարապատի ճակատամարտի օրերին

1918 թվականի մայիսի 21-ին սկսվում է Սարդարապատի ճակատամարտը: Արդեն իսկ մայիսի 21-ին հայկական զորքերն ազատագրում են մի շարք հայկական գյուղեր և զբաղեցնում շատ հարմար ռազմավարական դիրք:

Մայիսի 21-ին և 22-ին թուրքական զորքերը հետախուզական մարտեր են վարում, որպեսզի գտնեն հայկական զորքերի խոցելի ուղղությունները և հենց այդ կետով շեշտակի գրոհով հասնեն իրենց նպատակին:

Մինչև մայիսի 24-ը շատ թեժ մարտեր են ընթանում, թուրքական զորքերը համառ դիմադրություն են ցույց տալիս, իսկ հայկական զորքերը գրոհներով և հակագրոհներով կարողանում են կոտրել թուրքական բանակի դիմադրությունը:

Կարդացեք նաև

Մայիսի 24-ին թուրքական զորքերը սկսում են նահանջել, փախուստի դիմել, որը մեծ ոգևորություն է առաջացնում հայկական զորքերի շրջանակներում: Հայկական առաջին դիվիզիայի հրամանատար Մովսես Սիլիկյանը, ում առջև խնդիր էր դրված կանգնեցնել հայկական զորքերի նահանջն ու կանխել թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի Երևան, ժողովրդին ուղղում է հետևյալ կոչը.

«Հայե՛ր, շտապեցե՛ք հայրենիքն ազատելու:

Հասել է րոպեն, երբ յուրաքանչյուր հայ՝ մոռնալով իր անձնականը, հանուն Մեծ գործի՝ հայրենիքի փրկության և իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պետք է գործ դնի իր վերջին ճիգը՝ թշնամուն հարվածելու համար։

Մենք չէինք ուզում կռվել. հանուն խաղաղության ու հաշտության, պատրաստ էինք ընդառաջ գնալու ամեն տեսակ զոհողությունների, սակայն, մեր նամարդ թշնամին ընթանում է իր ծրագրած ուղիով. նա, ըստ երևույթին, ստրկացնել է ուզում մեզ, բայց, իրոք, ուզում է ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը: Բայց քանի որ պիտի ոչնչանանք, ավելի լավ չէ՞, որ զենքը ձեռներիս փորձենք պաշտպանել մեզ: Գուցե, հաջողվի մեզ կռվով ձեռք բերել ապրելու իրավունքը:

Իսկ որ մենք կարող ենք պաշտպանվել, այդ ցույց տվին վերջին կռիվները մեր ճակատում, ուր մեզանից թվով գերազանց թշնամին նահանջի է դիմել մեր հերոսական գրոհի առաջ: Հարկավոր է մի ճիգ ևս, և թշնամին վռնդված կլինի մեր երկրի սահմաններից, ուր մեր պապերն ու հայրերը երկար տարիներ արյուն-քրտինքով աշխատել են գեթ մի կերպ հայթայթել իրենց օրվա ապրուստը։

Հայե՛ր, ժամանակը չէ դանդաղելու: Մինչև հիսուն տարեկան ունեցող բոլոր տղամարդիկ պարտավոր են զենքի տակ գալու. ես պահանջում եմ ամենքից ներկայանալ իրենց զենքերով ու փամփուշտներով հայրենիքի պաշտպանության համար: Հայուհինե՛ր, հիշեցե՛ք հինգերորդ դարու փափկասուն տիկնանց, որոնք ոգևորեցին իրենց ամուսիններին դեպի Մեծ գործը, անմահ Վարդանի կռիվների ժամանակ. հետևեցե՛ք նրանց օրինակին. եթե չեք ուզում, որ ձեր պատիվը ոտնակոխ լինի, խրախուսեցե՛ք այն վախկոտներին, որոնք զանազան պատրվակներով խուսափում են ճակատ գալուց: Հավաքեցե՛ք ռազմամթերք, հաց, հագուստ և ուրիշ մթերքներ….

Ես խորապես համոզված եմ, որ իմ այս կոչը անարձագանք չի մնա, և երկու-երեք օրվա ընթացքում կկազմակերպվի մի այնպիսի քաջարի զորաբանակ, որին կհաջողվի վռնդել թշնամուն հայրենի հողի սահմաններից և ապահովել հայ ժողովրդի գոյությունը:

Հանո՛ւն բազմաչարչար ժողովրդի ֆիզիկական գոյության,

Հանո՛ւն ոտնակոխ եղած ճշմարտության՝

Ոտքի՛ կանգնեցեք: Դեպի՛ սրբազան պատերազմ:

Բոլոր զենքի ընդունակ տղամարդիկ պարտավոր են ներկայանալ Երևանում զոր. Բեժանբեգին, իսկ բոլոր հավաքված մթերքները պետք է հանձնել տեղական Ազգ. խորհուդներին»: (Վրացյան Ս., «Հայաստանի Հանրապետություն», Երևան, 1993, էջ 147-148):

Մովսես Սիլիկյանի կոչը ոգևորում է ո՛չ միայն պատերազմի դաշտում գտնվողներին, այլև հավաքագրվում են կամավորների նոր խմբեր, ովքեր մեկնում են պատերազմի դաշտ: Այդ կոչն ու պատերազմի այդ ժամանակահատվածը բեկումնային են լինում, քանի որ հայկական զորքերը սկսում են իրենց առաջխաղացումն ու կամաց-կամաց մոտենում են իրենց վերջնանպատակին՝ հայրենիքի ազատագրմանը:

Մայիսի 25-ին և 26-ին Սարդարապատի տարբեր ճակատներում հայկական զորքերը գրոհների անհաջող փորձեր են ունենում, որից հետո Մովսես Սիլիկյանը մշակում է նոր ռազմավարություն: Մայիսի 27-ին հայկական ուժերը նոր գրոհներ են սկսում, ունենում են հաջողություններ, իսկ թուրքական զորքերը ճակատի տարբեր հատվածներում ծանր պարտություն կրելով՝ սկսում են նահանջել:

Մայիսի 28-ին հայկական զորքերը գրոհները շարունակում են, թուրքական բանակը նահանջում է, սակայն մայիսի 29-ին համալրվելով նոր զորքերով՝ թուրքերը հակագրոհի են անցնում, սակայն հաջողությունների չեն հասնում: Նույն օրը՝ մայիսի 29-ին, հաստատվում է զինադադար: Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց հայկական զորքերի հաղթանակով:

Մովսես Սիլիկյանի կոչն ու կոչին հետևած գործողությունները ցույց տվեցին, որ թշնամուն կարելի է հաղթել միայն զենքով, պատերազմի դաշտում: Արժանապատիվ խաղաղությունն ու հայրենիքի ազատագրումը լինում է միայն այդպես:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031