Իշխանությունները մտել են վտանգավոր խաղի մեջ.  Պետական ռեկե՞տ, թե՞…

Իշխանությունները մտել են վտանգավոր խաղի մեջ, որը լուրջ սպառնալիքներ է ստեղծում՝ ինչպես սեփականության իրավունքի ու տնտեսության տարբեր հատվածների, այնպես էլ՝ ֆինանսական համակարգի համար։ Հապճեպ ընդունեցին օրենք՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին, առանց կշռադատելու հնարավոր բացասական հետևանքները։

Որքան էլ համարենք, որ նման ինստիտուտի ներդրումն անհրաժեշտություն է՝ պետությունից գողացվածը վերադարձնելու ճանապարհին, չենք կարող հաշվի չառնել նաև այն բազմաթիվ ռիսկերը, որոնք առաջանալու են այդ գործընթացում։ Զարմանալի չէ, որ դեռևս օրենքը գործողության մեջ չմտած՝ արդեն հնչում են հարցադրումներ, այդ թվում՝ բանկային համակարգի կողմից, որոնց վրա դժվար է լինելու աչք փակել։ Հիմնազուրկ չեն այն պնդումները, որ դրանով հոնքը սարքելու տեղը՝ աչքն էլ ենք հանելու։

Օրենքի կիրառումը կարող է խաթարել բանկերի բնականոն գործունեությունը։

«Բանկային համակարգի գործունեության տեսանկյունից նշված օրենքի նախագծի շրջանակում հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ ներկայացված որոշ կարգավորումներ բանկային ոլորտում կարող են առաջացնել բնականոն գործունեությունը խաթարող ռիսկային իրավիճակներ: Մեր տեսանկյունից` ներկայացված նախագծում լիարժեք կարգավորված չէ բանկերի իրավունքի պաշտպանության ինստիտուտը, օրենքի կիրառման ժամանակ կարող են առաջանալ խնդրահարույց իրավիճակներ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դեպքում բանկերում գրավի և այլ գույքային իրավունքի առարկա հանդիսացող գույքի մասով: Ըստ այդմ՝ ունենք խնդիր և վերջինիս լուծման   անհրաժեշտություն:

Հարկ ենք համարում նաև նշել, որ միջազգային փորձի մեր ուսումնասիրությունները նույնպես վկայում են, որ պետության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացներում անդրադարձ է կատարվում նաև վարկատուների իրավունքների պաշտպանությանը, և այդ կարգավորումն ամրագրվում է օրենսդրությամբ: Այս իմաստով ու հաշվի առնելով, որ նախագիծը ՀՀ օրենսդրության մեջ ենթադրում է նոր իրավական ինստիտուտ, խիստ կարևոր ենք համարում, որ այս խնդիրը ստանա ամբողջական լուծում: Ցանկացած օրինագիծ շատ հաճախ ազդեցություններ է ունենում ոչ թե հիմնական նպատակի, այլ հարակից ոլորտների ու գործընթացների վրա, և խնդիրն այդ ազդեցությունները չեզոքացնելն է, ինչը բխում է մեր տնտեսության շահերից»։

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ կապված՝ ահա այսպիսի մտահոգություններ ունեն Հայաստանի բանկերի միությունում։ Եվ այդ մտահոգություններն ակնհայտ են։ Միայն թե ոչ նրանց համար, ովքեր պատրաստ են, առանց խորանալու օրենքների նրբությունների մեջ, դակել կառավարության ներկայացրած ցանկացած հիմնավորված կամ չհիմնավորված առաջարկություն։

Արդյունքում՝ առաջանալու է այնպիսի իրավիճակ, երբ հայտնի չէ, թե օրենքի կիրառման ժամանակ ի՞նչ է լինելու բանկերում գրավադրված այն գույքի հետ, որը մի օր կարող է ճանաչվել ապօրինի և պետք է բռնագանձվի։ Եթե այդ գույքը պիտի վերադարձվի պետությանը, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի գրավի առարկա հանդիսացող տվյալ գույքով ամրագրված չկատարված պարտավորությունների համար։ Ինչպե՞ս պետք է բանկը հետ ստանա իր գումարները։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չկան։ Բայց դրանք կարող են լուրջ խնդիրներ ստեղծել բանկային համակարգի համար։ Եվ ոչ միայն՝ նախկինում գրավադրված, այլև՝ գրավադրվելու պատրաստվող գույքի առումով։

Ո՞վ կարող է երաշխավորել, որ վաղն այդ գույքը չի դառնալու ապօրինի ձեռք բերված և ենթակա բռնագանձման։ Հատկապես որ, կարծես որևէ մեկն ապահովագրված չէ մտնելու այդպիսի մեղադրանքի տակ։

Բանկերի համար սա ազդակ է՝ զգուշանալու ցանկացած գրավադրման գործարք կնքելուց առաջ։ Դժվար չէ պատկերացնել, թե դա ինչպես կանդրադառնա վարկային շուկայի վրա։

Այսպիսի ռիսկերի պայմաններում միանգամայն բնական է, որ բանկային համակարգից հնչում են նման մտահոգություններ։ Սակայն տարօրինակ է, երբ Գլխավոր դատախազն է խոսում օրենքից բխող հետևանքների մասին։

«Այո, դրա կոնկրետ կիրառման ընթացքում կարող են բազում խնդիրներ առաջանալ: Օրենքը նոր է ընդունվել, և երբ սկսի գործադրվել, և շատ կարճ ժամանակ հետո նաև ես նախաձեռնեմ, որ դրա մեջ ինչ-որ մի բան փոխվի, չզարմանաք»,- օրերս ԱԺ հանձնաժողովում այսպիսի հայտարարություն արեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը դեռևս չի մտել գործողության մեջ. նախագահը դեռ մտածում է՝ ստորագրե՞լ այն, թե՞ ոչ։ Մինչ այդ պարզվում է, որ իշխանությունները շատ ավելի վաղուց են սկսել դրա կիրառումը՝ առանց իրավական հիմքերի։ Այն, ինչ վերջին օրերին տեսնում ենք ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքին պատկանող սեփականության շուրջ, դրա վկայությունն է։ Իշխանություններն ընտրել են ցանկացած գնով այդ սեփականությունը խլելու գործելաոճը։

Բնականաբար, հեռու ենք Գագիկ Խաչատրյանին արդարության մարմնացում համարելու մտքից, բայց դա չի նշանակում, թե կարելի է նման մեթոդներով խլել մարդու սեփականության իրավունքը, առանց իրավական հիմքերի, առանց դատ ու դատաստանի՝ պարտադրել վաճառել ունեցվածքը և գումարը տալ պետությանը։ Ինչքան էլ իշխանությունները հայտարարեն, թե Գագիկ Խաչատրյանի սեփականության բռնագանձումը բխում է հասարակության ցանկություններից, միևնույն է, գործ ունենք պետական ռեկետի հետ, ինչը հարվածում է առաջին հերթին՝ պետության հիմքերին, և ամենևին էլ չի բխում տնտեսության շահերից։

Պարզ է, որ նպատակն այս պարագայում մեկն է՝ մեղմել հասարակության շրջանում իշխանությունների նկատմամբ վերջին շրջանում խորացող հիասթափությունը, և նրանց համար այլևս կարևոր չէ, թե դա ինչ հետք է թողնում երկրի հեղինակության վրա։

Խնդիրն արդեն դուրս է եկել երկրի սահմաններից։ Ու դա չի կարող իր հետևանքը չունենալ։

Եթե նույնիսկ մնացել են մարդիկ, ովքեր մտածում են իրենց գումարները ներդնել Հայաստանի տնտեսության մեջ, այսպիսի գործողություններից հետո ստիպված են լինելու ևս մեկ անգամ ծանրութեթև անել։ Հատկապես որ, առաջիկայում սպասում ենք ապրօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի պահանջների կիրառման։ Օրենք, որից ապահովագրված չէ որևէ մեկի սեփականության իրավունքը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս