
Հայաստանն էներգետիկ ոլորտում օրեցօր կորցնում է առավելությունները. Փորձագետ

Տարածաշրջանում և առհասարակ աշխարհում տեղի են ունենում լայն և ընդգրկուն համագործակցություններ էներգետիկ ոլորտում։ Թուրքիան և Միացյալ Նահանգներն էներգետիկ ոլորտում համագործակցելու համաձայնագիր են ստորագրում, Թուրքիան և Ադրբեջանը՝ նույնպես, ինչպես նաև՝ ԵՄ-ն և Ադրբեջանը։
Այս ոլորտում Հայաստանն ի՞նչ ասելիք ու պոտենցիալ ունի, ի՞նչ ռիսկեր կան ՀՀ-ում էներգետիկ ոլորտի հետ կապված։
Էներգետիկ փորձագետ Արթուր Ավետիսյանի խոսքով՝ Հայաստանն օր օրի կորցնում է իր առավելություններն էներգետիկ ոլորտում՝ առաջին հերթին սեփական նախաձեռնողականության բացակայության պատճառով։
«Գաղտնիք չէ, որ Հայաստանն էլեկտրաէներգետիկական առումով ինքնաբավ պետություն է, ովքեր շատ թե քիչ հետաքրքրվում են ոլորտով՝ տեղյակ են դրանից։ Այսինքն՝ մենք ունենք ավելի շատ տեղակայված հզորություններ, քան մեր սեփական պահանջներն են։ Էներգետիկ արդյունավետության և էներգետիկ ապահովման համար անհրաժեշտ է, որպեսզի այդ ավելցուկային հզորությունները ճիշտ ու ուղղորդված աշխատեն։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի էներգետիկ ցանցը միացված լինի տարածաշրջանային ցանցերին։ Սա դեռևս 2016 թվականին պաշտոնապես հրապարակված «Հյուսիս-Հարավ» էներգետիկական միջանցքի ծրագիրն է, ըստ որի՝ մեր էներգետիկական ծրագիրը զուգահեռ աշխատանքով պետք է միանար Իրանին և Վրաստանին, որպեսզի հնարավոր լիներ ստեղծել Իրան-Ռուսաստան՝ Հայաստանի և Վրաստանի միջոցով էլեկտրաէներգետիկական կապը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Ավետիսյանը։
Նա նշեց, որ այս ծրագիրը պաշտոնապես չեղարկված չէ, որի բաղկացուցիչ մաս է կազմում շատ ուշացած Հայաստանին ու Իրանին միացնող 3-րդ էլեկտրահաղորդման գիծը, որն այս պահին ակտիվ շինարարական փուլում է։ Ամբողջապես՝ համակարգային, ենթակայաններով շինաշխատանքները լավագույն դեպքում կավարտվեն 2028 թվականին։
«Սա հնարավորություն կտա, որպեսզի Հայաստանից դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը ներկայիս ծավալների համեմատ եռապատկվի։ Սա նաև առևտուր է, ինչպես շատերն են սիրում ասել, բայցև առաջին հերթին՝ էներգետիկ անվտանգության և ազդեցության մեծ դերակատարում է ունենալու։ Ցանկացած վթարի և այլ իրավիճակային դեպքերի ժամանակ, եթե մենք պետության հետ աշխատում ենք զուգահեռ ռեժիմով, ապա այդ պետության էներգետիկ համակարգը կարող է մեզ օգնության հասնել։ Այս առումով ուզում եմ նշել 2018 թվականին մեր երկրում տեղի ունեցած խնդիրը, երբ մեզ օգնության հասան Իրանն ու Արցախը։ Եթե Իրանի ու Արցախի համակարգերը մեզ հետ միացած չլինեին զուգահեռ ռեժիմով, ապա մենք ավելի դժվարությամբ կհաղթահարեինք այդ խնդիրը, բայց մենք հաղթահարել ենք մեկ օրում»,- հավելեց էներգետիկ ոլորտի փորձագետը։
Ինչ վերաբերում է տարածաշրջանային էներգետիկ ծրագրերին Հայաստանի մասնակցությանը, Արթուր Ավետիսյանն ասաց, որ «Հյուսիս-Հարավ» ծրագրից բացի, համեմատաբար նոր ծրագիր է նաև Սև ծովի հատակով Հարավային Կովկասից դեպի Եվրոպական Միություն հայտնի մալուխի ծրագիրը, որն ունի 2 կարևոր բաղադրիչ։ Ծրագիրն ինչպես էներգետիկ, այնպես էլ առհասարակ՝ որպես ենթակառուցվածք, շատ ավելի հետաքրքիր է այն օպտիկամալուխային կապը, որը ենթադրում է այդ ծրագրով՝ խոսքն ինտերնետ կապի լրացուցիչ շրջանառության մասին է։ Այս պահին ծրագրի մասին շատ չի խոսվում, սակայն, ըստ փորձագետի՝ ծրագրին ծանոթ մարդիկ գիտեն այն։
«Այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ ԵՄ-ն ասում է՝ կանաչ կամ մաքուր արտադրությամբ էլեկտրաէներգիա Հարավային Կովկասից արտահանվի կամ տեղափոխվի դեպի ԵՄ։ Իսկ մաքուրը դա ոչ միայն արևայինն է կամ, այսպես կոչված՝ այլընտրանքայինն է, այլև 2022 թվականից պաշտոնապես նոր ատոմային էներգետիկան է, իսկ տարածաշրջանում միակ ատոմակայանն ունեցող պետությունը Հայաստանն է»,- շեշտեց փորձագետը։
Արթուր Ավետիսյանի խոսքով՝ Հայաստանն ունի ոչ միայն ավելցուկային հզորություններ, այլև մաքուր էներգիա, որովհետև եթե մենք համեմատում ենք 3 պետություններն իրար հետ, ապա Վրաստանում 70-80 տոկոսն արտադրվում է հիդրոէներգետիկա, այսինքն՝ կրկին համարվում է մաքուր տեսակ, բայց այն ևս սեզոնային է։ Ադրբեջանի պարագայում չկա գեներացիայի խնդիր, սակայն ունի մաքուր էներգիայի խնդիր։
«Հիմա որքան էլ Ալիևը խոսի, հորջորջի ու պաթետիկ ելույթներ ունենա, իր մաքուր էներգիայի գլխավոր պոտենցիալն Արցախի հարավային շրջաններն են, որը, ցավոք, մենք չենք իրացրել, բայց իրացրել ենք Արցախի հիդրոպոտենցիալը։ Այսքանով հանդերձ, Ադրբեջանը չի կարող խոսել լուրջ կանաչ էներգիայի մասին, լուրջ ասելով՝ նկատի ունեմ ԵՄ-ի մակարդակով։ Միակ պետությունը Հայաստանն է, որն ունենալով փոքր տնտեսություն, հետևաբար՝ նաև փոքր էներգիայի սպառում, բայց մեծ պոտենցիալ, որն ամեն օր նվազում է, և սրա մասին 2021 թվականից հրապարակային խոսում եմ։ Այդ պոտենցիալի մասին ոչ միայն մենք գիտենք, այլև մեր թշնամիները, հետևաբար՝ մենք համապատասխան ակտիվությամբ կոնկրետ որոշումներով պետք է առաջ շարժվենք։ Առանց ենթակառուցվածքային խնդրի լուծման, Հայաստանը չի կարող իրացնել իր պոտենցիալը։ Հայաստանի խնդիրը ոչ թե այդ հզորություններն են կամ, այսպես կոչված՝ դիվերսիֆիկացիան, այլ ենթակառուցվածքային բաղադրիչը»,- նշեց փորձագետը։
Նա նաև ընդգծեց՝ էներգետիկ և տեխնիկական իմաստով Հայաստանի էներգետիկ համակարգը շատ ավելի է դիվերսիֆիկացված է, քան եվրոպական ցանկացած պետություն։ Օրինակ, Լեհաստանի էներգետիկ համակարգը վերադարձել է 19-րդ դար՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի պատճառով վերադարձել է ածուխի, դրա համար այս հարցում գոնե չպետք է համեմատվել Լեհաստանի հետ։