
Գիտեն, թե ամեն տեղ անցնելու են իրենց խաղերը

ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելու Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ական վերնախավի սկսած քաղաքական արշավը պատին է դեմ առել։ Իրենց կարճ խելքով, կարծում էին, թե հապճեպ օրենքները փոխելով՝ հեշտ ու հանգիստ կարող են ժամանակավոր կառավարիչ նշանակել ու տիրանալ ընկերության կառավարմանը, հետագայում էլ պետականացնել սեփականատիրոջ ունեցվածքը։
Զգուշացումներին, որ դա վատ հետևանքներ է ունենալու, բանի տեղ չդրեցին։
Եվ ահա արձագանքը շատ չուշացավ։
Սեփականատիրոջ հայցի հիման վրա՝ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրեց Հայաստանի Հանրապետությանը՝ ձեռնպահ մնալ ընկերության նկատմամբ սկսած անհարկի գործողություններից։
Դեռ օրեր առաջ էր «Տաշիր Գրուպը» հայտարարել, որ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն իր ընտանիքի անդամների հետ միասին պաշտոնական ծանուցում է ուղարկել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին՝ ներդրումային վեճի վերաբերյալ։ Կարապետյանների ընտանիքը պահանջներ էր ներկայացրել Սամվել Կարապետյանի և նրա բիզնեսի դեմ սկսած վարչապետի արշավի պատճառով։
Ծանուցմամբ բաժնետերերը պնդել էին, որ ՀՀ պաշտոնյաների գործողությունները կամայական են, խտրական, քաղաքական դրդապատճառներով և ուղղված են ՀԷՑ-ի միջոցով Կարապետյանների ընտանիքին սեփականությունից զրկելուն։ Զգուշացրել էին, որ եթե պատկան մարմինները շարունակեն խախտել 1995 թվականի հունվարի 18-ին Հայաստանի և Կիպրոսի միջև կնքված համաձայնագրով ու միջազգային իրավունքով իրենց ստանձնած պարտավորությունները, Հայաստանն առերեսվելու է միջազգային արբիտրաժային վարույթի և դրա արդյունքում՝ ամբողջական փոխհատուցում վճարելու պարտավորության հետ։
Սեփականատիրոջ այս հայտարարությունը նախազգուշացնող բնույթ ուներ, բայց դրանից հետո էլ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը՝ հանուն սեփական ամբիցիաների ու քաղաքական շահերի, չընկրկեցին ու շարունակեցին արշավը ՀԷՑ-ի և Սամվել Կարապետյանի այլ սեփականությունների դեմ։ Արդյունքում՝ ստացան այն, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրեց Հայաստանի Հանրապետությանը՝ ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի նկատմամբ սկսած անհարկի գործողություններից։
«2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»,- անցած օրը հայտարարեց Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։
Այս հայտարարությանը շտապեց արձագանքել կառավարությունը՝ մեկ անգամ ևս ցույց տալով, որ սկսված գործընթացների հետևում բացահայտ քաղաքական նպատակներ են հետապնդում ու մտադիր չեն ենթարկվել արբիտրաժի պահանջին։
««Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը:
Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի,
- միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը,
- հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը,
- ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը»,- հայտարարեց կառավարությունը՝ փորձելով խեղաթյուրել միջազգային արբիտրաժի պարտադիր կատարման ենթակա որոշման բնույթն ու ներկայացրած պահանջները։
Մոռացել էին, որ ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ են նշանակել հենց այն փոփոխված օրենքների հիման վրա, որոնք միջազգային արբիտրաժը պարտավորեցրել է՝ ձեռնպահ մնալ կիրառելուց։ Համարել է, որ դրանք հակասում են միջազգային օրենքի պահանջներին։ Ու հիմա ինչքան էլ կառավարությունը փորձի արդարանալ կամ ասել, որ մեր նպատակներն ուրիշ են, չի ստացվի։
Այն, ինչ ՀԷՑ-ում, ըստ կառավարության, պիտի անի ժամանակավոր կառավարիչը, ամբողջությամբ տեղավորվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթների մեջ, ու դրա համար բոլորովին էլ պարտադիր չէ բռնագրավել ՀԷՑ-ի կառավարումն ու տալ ոլորտից բացարձակ անտեղյակ մարդու, ով իբր պիտի մեզ փրկի էներգետիկ ճգնաժամից ու պետական անվտանգությանը սպառնացող ռիսկերից։
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ում կառավարության ակնարկած հնարավոր չարաշահումների բացահայտմանն ու կանխարգելմանը, դրա համար Հայաստանում լիքը կառույցներ կան, որոնք պատրաստ են կատարել Նիկոլ Փաշինյանի ցանկացած, այդ թվում՝ անօրինական ու քաղաքական հրամանները։
Այնպես որ, այն, ինչով կառավարությունը փորձում է մոլորեցնել միջազգային արբիտրաժին, վկայում է կառավարության պրիմիտիվիզմի մասին։ Երբ ներսում ինչ ուզում՝ անում են, իրենց անօրինական արարքներին ինչ պատճառաբանություն ու հիմնավորում ուզում՝ կպցնում են, կարծում են՝ նույն շուստրիությունը կարող են անել նաև դրսում, այդ թվում՝ միջազգային արբիտրաժում։
Չնայած միջազգային արբիտրաժի վճռից բխող վտանգներին, մտադիր են հրաժարվել դրա կատարումից՝ այդ կերպ Հայաստանը դնելով հերթական փորձությունների առաջ։ Բացի այն, որ դա ֆինանսական պարտավորություններ կառաջացնի, լուրջ հարված կհասցնի նաև երկրի միջազգային հեղինակությանը։ Այն կհայտնվի երկրների շարքում, որտեղ «կարմիր լույս» է վառվում ներդրողների համար։
Բայց դա Հայաստանի այսօրվա կառավարիչներին կարծես քիչ է մտահոգում։ Պատրաստ են հանուն անձնական հետաքրքրությունների՝ մինչև վերջ ոտնատակ տալ երկրի հեղինակությունը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ