Բաժիններ՝

Տեղահանված արցախցի մարզիկները Բուլղարիայից վերադարձել են մրցանակներով

Վերջերս արցախցիների 5 հոգանոց խումբը մասնակցել է Բուլղարիայում կայացած «Կամչա-2025» ամենամյա միջազգային սեմինարին ու աշխարհի գավաթի խաղարկությանը, և Հայաստան են վերադարձել մեծ ձեռքբերումներով ու մրցանակներով։

«Վերադարձ» Կիոկուշին կարատեի ակումբի հիմնադիր, Արցախի Հնարապետության վաստակավոր մարզիչ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ բացի աշխարհի գավաթի խաղարկությունից, եղել են բազմաթիվ դասընթացներ, որոնք ուղղված են եղել մարզիչների, մարզիկների ու մրցավարների որակավորման բարձրացմանը։

«Ինքս այնտեղ որակավորվել եմ՝ որպես միջազգային կարգի մրցավար։ Մեր արցախցի մարզիկներից Մարիաննա Սարգսյանը 14-15 տարիքային խմբում աշխարհի գավաթի խաղարկությանը զբաղեցրել է 3-րդ տեղը՝ ստանալով բրոնզե մեդալ։

Կարդացեք նաև

Իսկ Կիոկուշին կարատեի աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Առուշանյանը «սենշի» պրոֆեսիոնալ տարբերակով 3-օրյա համառ մենամարտից հետո արժանացել է արծաթե մեդալի՝ զիջելով լեհ մարզիկին»,- 168.am հետ զրույցում խոսելով թիմի ձեռքբերումների մասին՝ ասաց Արմեն Պետրոսյանը։

2023 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանի կողմից Արցախը հայաթափվեց, և արցախահայերը բռնի տեղահանվելուց հետո տեղափոխվեցին Հայաստան, Արմեն Պետրոսյանը ձեռնամուխ եղավ իր սաներին հավաքելու ու նրանց հետ պարապել շարունակելու գործին։ Համառ աշխատանքի արդյունքում գրեթե 1 տարի անց, նրա սաները սկսեցին ակտիվ մասնակցել տարբեր մրցումների և գրանցել հաջողություններ։

Բուլղարիայում կայացած մրցումներին մարզիկները մասնակցել են «Լույս» հիմնադրամի շնորհիվ։

«Բուլղարիա մեկնելու ճանապարհածախսը հոգացել է «Լույս» հիմնադրամը՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։ Սա երեխաներին հնարավորոություն է տվել, որպեսզի նրանք մասնակցեն այդ մրցումներին»,- հավելեց Արմեն Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս