
Մի շարք երկրներ ու կառույցներ ողջունել են Պաղեստինի Պետությունը ճանաչելու Ֆրանսիայի որոշումը

Պաղեստինի ինքնավարությունը, Իսպանիան, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Կատարը և մի շարք այլ երկրներ ու կառույցներ ողջունել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն առաջիկա սեպտեմբերին Պաղեստինի Պետությունը պաշտոնապես ճանաչելու մասին։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Պաղեստինի փոխնախագահ Հուսեյն աշ-Շեյխը նշել է, որ այս դիրքորոշումը «ներկայացնում է Ֆրանսիայի հանձնառությունը միջազգային իրավունքին և նրա աջակցությունը պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման և անկախ պետության ստեղծման իրավունքներին»։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նույնպես ողջունել է Ֆրանսիայի հայտարարությունը՝ միանալու Իսպանիային և այլ եվրոպական երկրներին՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու հարցում։Իր հերթին, Սաուդյան Արաբիան ողջունել է այս քայլը՝ այն համարելով «պատմական որոշում», որը հաստատում է «պաղեստինցի ժողովրդի՝ իր անկախ պետությունը ստեղծելու իրավունքը»։
X հարթակում գրառման մեջ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը կրկին կոչ է արել «մյուս բոլոր երկրներին, որոնք դեռևս չեն ճանաչել (Պաղեստինը), նմանատիպ դրական քայլեր և լուրջ դիրքորոշումներ ձեռնարկել խաղաղության և եղբայրական պաղեստինցի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում»։
Նույն համատեքստում Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Մակրոնի հայտարարությունը` նշելով, որ Հորդանանի թագավորությունը «գնահատում է Ֆրանսիայի նախագահի որոշումը` որակելով այն որպես կարևոր քայլ՝ հակազդելու պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը մերժելու և իրենց ազգային հողի վրա անկախ ու ինքնիշխան պետություն ստեղծելու ջանքերին»։
Քուվեյթը և Կատարը ևս ողջունել են Մակրոնի՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու մտադրությունը՝ կոչ անելով այլ երկրներին ձեռնարկել նմանատիպ քայլեր։
Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասիմ ալ-Բուդաունին ողջունել է Մակրոնի հայտարարությունը՝ նշելով, որ այս որոշումը «կարևոր քայլ է, որն արտացոլում է Ֆրանսիայի հավատարմությունն արդարության և միջազգային օրինականության սկզբունքներին»։
Ավելի վաղ Իսրայելը և ԱՄՆ-ն դատապարտել էին Ֆրանսիայի որոշումը Պաղեստինը ճանաչելու վերաբերյալ։
Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը։ Այսպիսով, Ֆրանսիան կդառնա Մեծ Յոթնյակի առաջին երկիրը, որը նման որոշում է կայացնում։
Ներկայում Պաղեստինի Պետությունը ճանաչված է ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից ավելի քան 140-ի կողմից։ Դրանց թվում են Եվրամիության մի քանի երկրներ, այդ թվում՝ Իսպանիան և Իռլանդիան։ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի Պետությունը 2024 թ. հունիսին։