«Մեր գյուղը, վնասից բացի, օգուտ չի տեսել. Նախիջևանն էլ 100 տարով տվեցին, տեսանք` վերջում ինչ եղավ. սյունեցին դեմ է այդ ճանապարհին». Արգամ Հովսեփյան

Սյունիքի մարզի Արավուս գյուղում բնակիչները չեն հասկանում, թե, օրինակ, ինչպես են ՀՀ իշխանություններն ապահովելու Սյունիքի անվտանգությունը, երբ ասում են, թե Սյունիքով ճանապարհը կբացեն։ Նաև չեն հասկանում ՀՀ իշխանությունների շահագրգռվածությունն այս հարցում, երբ Ալիևը հայտարարում է, թե ադրբեջանցիներն այդ ճանապարհով անցնելիս որևէ հայ սահմանապահի չպետք է տեսնեն։

Արավուսի նախկին ղեկավար, Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանն ասում է՝ ամեն օր շփվում է իր գյուղի բնակիչների և այլ բնակավայրերի բնակիչների հետ՝ բոլորն էլ դեմ են այդ ճանապարհը բացելուն, հատկապես՝ ՀՀ այս իշխանությունների օրոք։

«Եթե անձամբ ես կարծիք հայտնեմ, ապա Ադրբեջանի նախագահի լկտի պահվածքի համար ո՛չ «միջանցք», ո՛չ էլ ճանապարհ կլինի։ Թե բա՝ «խաղաղության պայմանագիր» ենք ստորագրում, ի՞նչ պայմանագիր, ի՞նչ խաղաղություն, ասում են՝ ամերիկյան ընկերությունը կհսկի այդ ճանապարհը, մեր սուվերեն տարածքը տան, այլ երկիր գա վերահսկի՞։ Հիշեցնեմ՝ Նախիջևանն էլ 100 տարով տվեցին, տեսանք՝ վերջում ինչ եղավ»,- 168.am հետ զրույցում նշեց Արգամ Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր է, գուցե ամիսներ անց նա հեռանա, մնայունը Հայաստանն է, հայրենիքը, դրա համար առաջին հերթին պետք է այնպես լինի, որ հայրենիքը չտուժի։

Կարդացեք նաև

«Նախ Նիկոլ Փաշինյանը չակերտավոր ղեկավար է, եթե նա պայմանագիր է ստորագրում ու դրանից հետո հեռանում է, բա հետո այդ պայմանագիրն ու այդ երկրի վիճակն ի՞նչ է լինելու։ Իրենից հետո եկող հաջորդ ղեկավարը դա ի՞նչ պետք է անի, պետք է չեղարկի, չէ՞։ Տպավորություն է, որ երկիրս իր է, ով կարողանում՝ վերցնում է, ինչո՞ւ է տալիս, այդ հողերն իր հոր տանի՞ց է բերել։

Սյունեցին դեմ է այդ ճանապարհին, նորմալ հայն ինչպե՞ս կարող է համաձայն լինել «միջանցքի» տալուն։ Եթե այդ ճանապարհը տա, ինձ թվում է՝ ժողովուրդը կանգնելու է և թույլ չի տալու։

Վստահ եմ, բոլորդ էլ լսել եք Ալիևի հայտարարությունը, հիմա այդքանից հետո ղեկավարը որքան անուղեղ պետք է լինի, որ ճանապարհ տա, այդպես ո՞նց կլինի»,- հավելեց Արգամ Հովսեփյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ ճանապարհների ապաշրջափակումը նաև կխթանի Հայաստանի տնտեսության զարգացմանը, Արգամ Հովսեփյանը նկատեց՝ վնասից բացի, որևէ օգուտ չի տալու, հատկապես՝ Սյունիքին։

«Մենք մինչև հիմա միայն ու միայն վնաս ենք կրել, մեր գյուղը, վնասից բացի, օգուտ չի տեսել։ Նախկինում ունեինք 3000-ից ավելի խոշոր, հիմա 100-ն էլ չկա, սա՞ է մեր օգուտը, մեր փոքր գյուղի 68 հեկտար հողը թուրքի հսկողության տակ է։ Սա է մեր «օգուտը», անիմաստ բաներ թող չասեն մեզ, իրականությունն այլ է, բոլորիս կարծիքն այս հարցում մեկը պետք է լինի»,- ընդգծեց Արգամ Հովսեփյանը։

Տեսանյութեր

Լրահոս