Բաժիններ՝

««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը ներդրումների վրա ունենալու է անուղղակի ազդեցություն». Արմեն Սաքապետոյան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը ներդրումների վրա ուղղակի ազդեցություն չի ունենա, քանի որ վերաբերում է անցած ժամանակահատվածին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Արմեն Սաքապետոյանը` պատասխանելով մեր հարցին, թե օրենքն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ներդրումների վրա, քանի որ արդեն կան տեղեկություններ գործարքների չեղարկման և ներդրողների զգուշավորության մասին:

Միաժամանակ Ա. Սաքապետոյանը նկատեց, որ ներդրումների վրա օրենքն այլ տեսանկյունից անուղղակի ազդեցություն կունենա. «Բերեմ մի կոպիտ օրինակ. Ենթադրենք, ես ՌԴ-ում հարկերից խուսափելով՝ ակտիվներ եմ ձեռք բերել, հետո եկել եմ, ՀՀ-ում մի հատ շենք եմ կառուցել, այսօր եթե գան, ինձ ասեն` այդ փողերը քեզ որտեղի՞ց, ես դրանց ծագումը չեմ կարողանալու ասել, դա առաջացնելու է խնդիր, և իմ ձեռքից վերցնելու են, եթե, կրկնում եմ, իմ փողերի ծագումը չկարողանամ հիմնավորել: Սա արդեն իմ ընկերոջ մոտ, որը պոտենցիալ ինվեստոր է, մտավախություն է առաջացնելու` ես իմ փողը ո՞նց տանեմ, դնեմ այնտեղ, եթե անգամ դա կիսաանհայտ ծագման փող է, կամ՝ կիսաօրինական: Այսինքն` հետո իրեն ասելու են` այդ փողը քեզ որտեղի՞ց: Դրա համար եմ ասում, որ օրենքն անուղղակի ազդեցություն է ունենալու ներդրումների վրա:  Այսինքն` այսօրվա ներդրողի վրա դա չի ազդելու, բայց այսօրվա ներդրողը տեսնելու է երեկվա ներդրողին և հասկանալու է, որ իր մոտ էլ կարող են խնդիրներ առաջանալ: Այո, ես էլ ունեմ մի շարք ընկերներ, գործընկերներ, հաճախորդներ, որոնք այդ մասով մտահոգված են, զգուշավորություն են ցուցաբերում, ինչն էլ բերում է նրան, որ շատերը հրաժարվում են ներդրումներ անել»:

Արմեն Սաքապետոյանը հիշեցրեց, որ, երբ Լատվիան, Լիտվիան, Կիպրոսը ժամանակին մտան ԵՄ գոտիներ, մասնավորապես՝ Լատվիան, այնտեղ դարձյալ թույլատրվում է, այսպես ասած, «սև փողերի» մուտքը, և դրա արդյունքում որոշակի կապիտալ ձևավորվում: Այսինքն` այն ժամանակ դա բերեց ներդրումների բավական մեծ աճի, տնտեսություններն ակտիվացան, բայց հետո իշխանությունների կողմից խնդիր չդրվեց, որ այդ ժամանակահատվածում, եթե ինչ-որ գույք ստեղծվել է, ապա դրանց ծագումը ստուգվի` լինի պետական պաշտոնյայի՞ կողմից, թե՞ նրա հետ փոխկապակցված անձանց, կամ բիզնեսմենի:

«Այսինքն` այդ «սև փողերով» սարքված ակտիվների օրինականության մասով անդրադարձ չեղավ, ինչը ներդրողների մոտ վստահության պակաս չձևավորեց»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս